Lragir.am-ը գրում է.
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի 7-րդ օրը խաղարկվել է մեդալների 6 հավաքածու: Առաջինը մրցուղի են դուրս եկել դահուկորդները: 15 կմ դահուկավազքում հաղթել է շվեյցարացի Դարիո Կոլոնյան, իսկ փոքր-ինչ ավելի ուշ Շվեյցարիային լեռնադահուկային սպորտում ոսկի է բերել Սանդրո Վիլետան:
Երեկոյան գործի են անցել բելառուս կանայք: Դարյա Դոմրաչևան հաղթել է 15 կմ բիաթլոնում, իսկ նրա հայրենակից Նադեժդա Սկարդինոն բրոնզե մեդալ է նվաճել: Նրանց միջև եզրագծին է հասել շվեյցարուհի Սելինա Գասպարինը՝ նվաճելով արծաթե մեդալ: Բելառուսին 2-րդ ոսկին բերել է ֆրիսթայլիստ Ալլա Ցուպերը:
Հայ մարզիկներից ելույթ է ունեցել դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Նա եզրագծին է հասել 46-րդը, իսկ Արթուր Եղոյանն ընդհանրապես չի մասնակցել մրցմանը:
Փետրվարի 14-ին իրենց առաջին ոսկին են նվաճել Ճապոնիան և Մեծ Բրիտանիան: Տղամարդկանց գեղասահքում հաղթել է Յուզուրու Հանյուն, իսկ կանանց սկելետոնում՝ Էլիզաբեթ Յարնոլդը:
Երեկ իրենց առաջին մեդալներ են նվաճել խորվաթները (լեռնադահուկային սպորտ, արծաթե մեդալ), ղազախները (գեղասահք, բրոնզ):
Մեդալային հաշվարկում առաջատարը Գերմանիան է՝ 7 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ: Շվեյցարիան բարձրացել է 2-րդ տեղ՝ 5 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ: 3-րդը Կանադան է՝ 4 ոսկի, 5 արծաթ, 2 բրոնզ: 4-ական ոսկի ունեն նաև Նորվեգիան, ԱՄՆ-ը, Նիդերլանդները: