«168 ժամ» թերթը գրում է.
««Չնայած նրան, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր` գազամատակարարման հարցով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվելու է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը կստեղծվի միայն այն դեպքում, եթե հանրությունը նման պահանջ դնի:
Փաստորեն, իշխող Հանրապետականում հանձնաժողովը ստեղծել-չստեղծելու հարցի վերաբերյալ տարաձայնություններ կան, բայց խմբակցությունը հարցը դեռ չի քննարկել: ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, թե կարծում է, որ առաջիկայում քննարկումներ այս հարցով կտարվեն: Ամեն դեպքում, Մինասյանն էլ չի բացառում, որ հանձնաժողով կարող է ստեղծվել: «Ես կարծում եմ, որ տարբեր ձեւաչափեր կարող են լինել` կարող են լինել խորհրդարանական լսումներ, հանձնաժողով, որեւէ բան չի կարելի բացառել»,- ասաց նա:
ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ ասաց, թե տեղյակ չէ` հանձնաժողովը ստեղծելու առումով Հանրապետականը քննարկում հրավիրե՞լ է, թե՞ ոչ, որովհետեւ ինքը նման քննարկման չի մասնակցել: Մեր հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն մտափոխվե՞լ է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պատրաստակամության հայտարարության մասին, թե՞ ՀՀԿ-ում տարակարծություններ կան` Հովիկ Աբրահամյանը հակված է ստեղծել, շատ պատգամավորներ` ոչ, Հակոբյանը պատասխանեց, թե ինքը նման խնդիր չի նկատել: Նա էլ նշեց, թե հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում, որովհետեւ «բացատրելու խնդիր չկա»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում