Newsbook.am-ը գրում է.
Մարտի 1-ին Երևանում տեղի է ունենալու Մարտի 1-ի զոհերի հիշատակի հանրահավաք: NewsBook-ը փորձեց պարզել, թե հայ հայտնիներից ովքեր են մասնակացելու վերոնշյալ հանրահավաքին:
Դերասան Հովհաննես Ազոյանն, անդրադառնալով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին, նշեց, որ ինքն անպայման գնալու և հարգելու է Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Հաղորդավարուհի Գոհար Հայրապետայնը տեղեկացրեց, որ ինքն այժմ ունի առողջական որոշ խնդիրներ և եթե մինչ այդ ապաքինվի ապա կմասնակցի:
«Վնասել եմ ոտքս: Եթե մինչև մարտի 1-ն ապաքինվեմ, կմասնակցեմ հանրահավաքին»,-ասաց Գոհար Հայրապետյանը:
Իսկ հաղորդավար Եգոր Գլումովը նշեց, որ ինքը չի մասնակցելու հանրահավաքին:
Անդրադառնալով փետրվարի 12-ին հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանելիս և ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությանը՝ Գլումովն ընդգծեց, որ ինքն ընդհանրապես դեմ է բռնի ուժի գործադրմանը:
«Եթե մենք իրավունք ունենք թռուցիկ բաժանալու, ապա մեզ ոչ ոք իրավունք չունի այդ իրավունքից զրկելու»,-ասաց Գլումովը: Իսկ Հովհաննես Ազոյանն, անդրադառնալով այս միջադեպին, նշեց.
«Բռնություն գործադրողներն իրենց ղեկավարներին վատություն արեցին։ Հիմա՝ այդ միջադեպից հետո, մարտի 1-ի հանրահավաքի մասին ավելի շատ մարդ իմացավ»։
Հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանն էլ այսպես մեկնաբանեց միջադեպը.
«Ես ցանկացած բռնության բացասական են վերաբերվում: Իրավունք չունեին քաղաքացիների հանդեպ բռնություն գործադրել, առավել ևս, որ ակցիան հանրահավաքի իրազեկման ֆորմատ էր, և ընթացքում ոչ մի օրենք չի խախտվել»: