Tert.am-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանելով Մետրոպոլիտենի՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման բողոքի դուրս եկած աշխատակիցներից երեքի աշխատանքից ազատումը, ասաց, որ դա ապացույցն է նրա, որ հասարակության հետ խոսում են ճնշումների լեզվով և ցանկանում են վախի մթնոլորտ ստեղծել:
«Սրանով խախտվում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը, այնպես էլ աշխատանքային օրենսդրությունը: Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի բողոքելու, բարձրաձայնելու իր աշխատավարձի հետ կապված խնդիրների մասին: Նման քայլը խոսում է այն մասին, որ իշխանությունները փորձում են ճնշումների մեխանիզմներ բանեցնել մեր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ցանկանում են իրենց բողոքը արտահայտել՝ այդ թվում նաև կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը :
Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը միակողմանիորեն խզել է ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի բողոքի ակցիային մասնակցած իր 3 մեքենավարների՝ Անդրանիկ Գևորգյանի, Սևակ Հովհաննիսյանի և Գագիկ Գալստյանի հետ աշխատանքային պայմանագրերը՝ նրանց նկատմամբ «անվստահության հիմքով»:
Իսկ Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից էլ Tert.am–ին հայտնել էին, որ մետրոպոլիտենում աշխատում է 1200-ից ավելի մարդ և օրական աշխատանքի ընդունվում և ազատվում են տարբեր մարդիկ, ապա վստահեցել, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ երկու օր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիան որևէ կապ չունի այդ երեք աշխատակիցներին աշխատանքից ազատելու հետ, այլապես ինչու պետք է հենց երեքն ազատվեին, եթե բողոքի ակցիային մի քանի տասնյակ աշխատակից էր մասնակցել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



