Տրանսպորտի թանկացման ֆարսը շարունակվում՝ իր մեջ ներառելով նորանոր կերպարների: Հիմա էլ «վնասով աշխատող» գծատերերի լեգիոնին ավելացել է չարաբաստիկ Պալաչը, ով ևս շանտաժի է դիմել՝ հայտարարելով, որ եթե երեք ամիս էլ տրանսպորտի ուղևորավարձը չթանկանա, ապա իրեն պատկանող 63-րդ երթուղին կփակի:
Զարմանալին այն է, որ այս հաստավիզ սափրագլուխներին թվում է, որ Երևանում կգտնվի մեկը, ով հավատում է, որ գծատերերը վնասով են աշխատում ու տրանսպորտի թանկացումը օբյեկտիվ պատճառներ ունի: Չի ստացվելու, պարոնայք պալաչներ ու Պոլտրգեյստ 2-ի գծատերեր:
Էս ժողովուրդը կհանդուրժի ամեն ինչ, բայց տրանսպորտի թանկացումը չի հանդուրժի. արդեն սկզբունքի հարց է, համ էլ 23 տարվա մեջ առաջին անգամ պայքարի են դուրս եկել, և դա արդյունք է տվել:
Ի դեպ, հատկապես էդ Պալաչ կոչեցյալը իրոք հակաժողովրդական տարր է, և նա անթաքույց զբաղվում է այնպիսի գործունեությամբ, որը բացառապես ժողովրդին հարստահարելու համար է: Հիշենք՝ նույն Պալաչի ու Ծառուկյանի միջև եղած կոնֆլիկտը, որը ծագել էր նրանից, որ Ծառուկյանը անվճար երթուղի էր բացել աբովյանցիների համար, իսկ Պալաչն անպայմանորեն ուզում էր, որ օրեկան էդ 500 դրամը ոչ թե քաղաքացու գրպանում մնա, այլ իր գրպան գա:
Էս են սրանք, ուրիշ բան ակնկալել պալաչածին այս համակարգից՝ անհնար է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել