1in.am-ը գրում է.
Միայն ծխախոտի գնի բարձրացումը չի կարող նպաստել ազգաբնակչության՝ ավելի քիչ ծխելուն: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ դրա համար այլ միջոցներ ևս պետք է ձեռնարկվեն՝ հասարակական վայրերում ծխելու արգելք և այլն:
«Բոլոր դեպքերում, Հայաստանում ծխողների թիվը վերջին տարիներին նվազել է: Խորհրդային տարիներին մեր երկրում ծխում էր հասուն տղամարդկանց 74 տոկոսը, ընդ որում՝ օրական 10-15 սիգարետ: Այժմ այդ թիվը նվազել է՝ հասնելով 10-ից պակաս ծխախոտի: Ներկայումս Հայաստանում ծխում է տղամարդկանց շուրջ 50 տոկոսը:
Ինչ վերաբերում է կանանց, ապա ծխում են հիմնականում նրանք, ովքեր ապահովված են աշխատանքով և կարող են իրենց թույլ տալ ծխախոտ գնել: Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է մնալ ամենաէժան սիգարետի երկիր»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն իր հերթին հիշեցրեց, որ որքան քաղաքակիրթ է երկիրը, այնքան փոքր մաս է կազմում այդ երկրի ծխող ազգաբնակչությունը:
«Հայաստանում շատ ապրանքներ թանկացել և թանկանում են, այդ թվում՝ ծխախոտը: Կոնկրետ իմ ծխած ծխախոտը թանկացել է 50 տոկոսով, իսկ ընդհանրապես՝ 10-15 տոկոսով:
Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այն որոշում են Կրեմլում, և մենք այստեղ անելիք չունենք»,- ասաց նա:



