1in.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային այցելությունների ժամանակ բարձրացված` առողջապահական հաստատությունների խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Խորհրդակցության օրակարգում էր մարզային առողջապահական հաստատությունների իրավական կարգավիճակի փոփոխության հարցը: Նշվեց, որ համայնքներում մի շարք հաստատություններ գործում են որպես ՓԲԸ-ներ, սակայն հաշվի առնելով վերջիններիս գործունեության բնույթը, այդ հաստատությունների համար առավել նպատակահարմար է ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Առողջապահության և Տարածքային կառավարման նախարարությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ կստեղծվի աշխատանքային խումբ` իրավական կարգավիճակի փոփոխության գործընթացն իրականացնելու համար:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև առողջապահական հաստատությունների 2014թ. ֆինանսավորմանն ու գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նշվեց, որ այս հարցերի շուրջ Առողջապահության նախարարությունում մեկ անգամ արդեն քննարկում եղել է մարզային պատասխանատուների մասնակցությամբ, սակայն վերջնական մոտեցում չի ձևավորվել, և լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն կա: Որոշվեց, որ մինչև առաջին եռամսյակի ավարտը կառավարություն կներկայացվեն առաջարկություններ` համապատասխան պայմանագրային պարտավորությունների համար հիմք հանդիսացող ելակետային տվյալների ճշգրտման մասին: Փոխվարչապետը հորդորեց, որպեսզի Առողջապահության նախարարությունը մարզպետարանների հետ համատեղ սեղմ ժամկետներում ավարտի անհրաժեշտ պայմանագրերի կնքման գործընթացը` ֆինանսավորում ապահովելու համար:
Մարզերում բարձրացված մյուս հարցը վերաբերել է մարզերից Երևանի բուժհաստատություններ հիվանդների ուղեգրման գործընթացին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Առողջապահության նախարարությունում կուսումնասիրվեն 2013թ. մարզպետների կողմից ներկայացված միջնորդությունները` հիվանդների թվաքանակի և հիվանդությունների ցանկի վերաբերյալ, և դրանց հիման վրա կմշակվեն հստակ ընթացակարգեր: Անհրաժեշտության դեպքում` մարզերի համար կարող են կիրառվել որոշակի չափաքանակներ` ըստ բնակչության թվի:
Անդրադարձ է եղել նաև Առողջապահության նախարարության կողմից մշակված` Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի մի շարք առողջապահական հաստատությունների օպտիմալացման նախագծին: Որոշվել է, որ դրանք ևս մեկ անգամ կքննարկվեն մարզերում:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև մի շարք համայնքներում կոնկրետ հաստատությունների գործունեությանը վերաբերող հարցեր:



