Panorama.am-ը գրում է.

Վերջին երկու տարիների ընթացքում համաշխարհային տնտեսության գլխացավը ոչ միայն տնտեսական աճի ցածր տեմպերն են եղել, կամ պարտքային խնդիրների կարգավորումը, այլ նաև գնաճի (ինֆլյացիայի) տեմպերի նվազումը, որը չնայած խթանող դրամավարկային միջոցառումներին, բազմաթիվ երկրներում ցածր է եղել նպատակային գնաճի մակարդակից: Գնաճի ներկա ցածր տեմպերը լուրջ անհանգստության պատճառ է դարձել տնտեսագետների, ֆինանսական կառույցների և բազմաթիվ երկրների կառավարությունների համար: 

Համաշխարհային տնտեսության մեջ ավելի ու ավելի ուժեղ են նկատվում դեֆլյացիոն միտումներ (կարելի է ասել նաև դեզինֆլյացիոն միտումներ), իսկ դա նշանակում է, որ սպառողական պահանջարկը նվազում է, բնականաբար գները նույնպես նվազում են: Հումքային շուկաներում դա հստակ է երևում: Հիշեցնենք, որ այս միտումը ուղեկցվում է նաև մի շարք երկրներում ազգային արժույթների դեվալվացիայով: Դեֆլյացիան (գնանկումը) կարող է ռիսկային լինել համաշխարհային տնտեսության առողջացման համար, բերելով արտադրության ծավալների կրճատմանը, կամ նոր ռեցեսիայի, հատկապես Եվրամիության երկրների համար: Դեֆլյացիոն պարույրը վերջին տարիներին պարզապես արգելակում էր տնտեսության վերականգնմանը Ճապոնիայում: Անցած տարի Ճապոնիայի կառավարությունը դժվարությամբ կարողացավ 1.6% գնաճ ապահովել:

2011թ.-ից սկսած գնաճի տեմպերը կայուն նվազում են և´ զարգացած, և´ զարգացող երկրներում: 2013թ.-ին գնաճի տեմպերը ցածր են եղել հատկապես արդյունաբերական զարգացած երկրներում՝ Եվրագոտում այն կազմել է 0,7%, ԱՄՆ-ում 1,5%, Կանադայում 1,2 %, և Ավստրալիայում՝ 1,7%: Իսկ դեֆլյացիա է նկատվել Եվրամիության երկրներից՝ Կիպրոսում -2,9%, Հունաստանում -1.7% և Բուլղարիայում -1,6%: Գնաճի ցածր տեմպերը մասնակիորեն վերաբերում են նաև որոշ զարգացող երկրներին, գնաճը շատ բարձր չի եղել Չինաստանում՝ կազմելով 2,5%: Բրազիլիայում այն կազմել է 5,6%, համեմատաբար բարձր է եղել Հնդկաստանում՝ 9,8%, սակայն բոլոր դեպքերում էլ այս երկրներում գնաճի տեմպերը նվազել են նախորդ տարվա համեմատ: Թեև նախորդ տարվա երկրորդ կիսամյակում տնտեսական ակտիվությունը մեծացավ աշխարհում, սակայն բազմաթիվ երկրներում գնաճի տեմպերը չհասան թիրախային մակարդակին: Իսկ ամենաբարձր գնաճ նկատվել է Վենեսուելայում՝ 56%, Իրանում 35%, Սիրիայում 49,5% և Սուդանում 29,4%: Մեր հարևաններից Թուրքիայում գնաճը կազմել է 7,75%, Ռուսաստանում 6,1%, Վրաստանում 2,9%, Ադրբեջանում 2,4%: Հայաստանում՝ կազմել է 5.8%:

ՖՊՀ-ի նոր ղեկավար Ջանեթ Յելլենը երեք օր առաջ իր առաջին պաշտոնական ելույթում ցածր գնաճը նույնիսկ անոմալ երևույթ բնութագրեց: ԱՄՆ-ում գնաճը 1.5% է, որը զգալիորեն փոքր է եղել նպատակային գնաճից՝ 2,5%-ից: Ամերիկացիները շատ են վախենում գնաճից, սակայն ՖՊՀ-ի քաղաքականությունից փաստորեն տուժում են մյուս երկրները, իսկ Նահանգներում այն ցածր է լինում: Գնաճի տեմպերի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Եվրոպական կենտրոնական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը: Գնաճի տեմպերի անկումը ԱՄՆ-ում և ԵՄ-ում հիմնականում պայմանավորված է սպառողական պահանջարկի կրճատմամբ, իսկ դա բերում է էներգակիրների, մետաղների և որոշ սննդամթերքի գների նվազմանը: Էներգակիրների ցածր գները ոչ միայն ուղղակի ազդում են գնաճի վրա, այլ նաև սննդամթերքի և այլ ոչ էներգետիկ սեկտորներում ապրանքների գների վրա: Այսինքն գների նվազումը ավելի շուտ պայմանավորված է եղել տնտեսության ռեցեսիոն գործոններով և պահանջարկի անկումով, քան արտադրության և տեխնոլոգիաների բարելավմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել