Աշոտյանն իր կարճ խելքով հեծանիվ է ուզում հայտնագործել ու կենսաթոշակային պարտադիր կուտակային մասին ընդդիմացողներին մեղադրել ոչ հայրենասեր լինելու մեջ: Ըստ Աշոտյանի՝ ով չի ուզում իր փողերը 40 տարով վստահել Հայաստանի Հանրապետությանը, չի վստահում իր երկրին, ու այդ դեպքում ինչո՞ւ չի գնում այդ երկրից:
Աշոտյանական ցինիզմը միշտ գնահատել եմ, բայց սա արդեն ցինիզմ էլ չէ, սա անհեթեթ մտքերի կույտ է: Ուզում եմ մի քանի բան հիշեցնել պարոն Աշոտյանին:
- 40 տարով փողերը մարդիկ սենց թե նենց ոչ թե ՀՀ-ին են վստահում, այլ օտարերկրյա (եթե չեմ սխալվում՝ ֆրանսիական ու գերմանական) ինվեստիցիոն ֆոնդերի: Ասեմ ավելին, փողերը «վստահելով» նրանց, մենք մեր իսկ ձեռքով կապիտալի արտահոսք ենք կազմակերպում Հայաստանի Հանրապետությունից:
- Հայաստանի Հանրապետությունը փաստորեն սկի ինքն իրեն չի վստահում, եթե համարում է, որ տարեկան 150-170 միլիոն դոլարը, որը ակնկալվում է գանձել այս ռեկետով, ինչ-որ հաստափոր ֆրանսիացի կամ գերմանացի, ավելի լավ կտնօրինի Հայաստանից դուրս, քան ՀՀ-ի կառավարությունը՝ Հայաստանի ներսում:
- Ասում եք՝ ինչի՞ են մարդիկ չվստահելով շարունակում ապրել ՀՀ-ում: Իսկ ո՞վ է ասում, որ շարունակում են: Տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ են արտագաղթում Ձեր գաղջ մթնոլորտից, իսկ էս ռեֆորմի շնորհիվ գաղթողների թիվը կհամալրվի նաև մեծ թվով երիտասարդներով ու առանց այն էլ չնչին տոկոս կազմող միջին խավը պարզապես կվերանա Հայաստանից:
Աշոտյան ջան, բոլորը արդեն էն ժամանակներն անցել են, որ հայրենասիրական հեքիաթներ պատմելով, կարող եք գլուխ հարթուկել: Ի՜նչ հայրենասիրություն, ի՜նչ վստահություն, ի՜նչ Հայաստանի Հանրապետություն: Ասեք «Թալանում ենք՝ լավ ենք անում», պրծեք էլի, տենց գոնե բուն էդ փաստից բացի, չենք նյարդայնանա, որ մեզ էշի տեղ են դնում:



