Թերևս բոլորն են դիտել «Օուշենի 11 ընկերները» ֆիլմը և մտածել, թե ինչպես կարող էին ինքնուրույն կազմակերպել խաղատների կողոպուտ կամ էլ հիացել են կողոպտիչների հնարամտությամբ ու ճկունությամբ: Սակայն պետք է նշել, որ հոլիվուդյան ֆիլմերի սցենարներից երբեմն ոչնչով չեն տարբերվում իրական կյանքում տեղի ունեցող կողոպուտները: Ինչպես, օրինակ, 2003թ.-ին Բելգիայի Անտվերպի ադամանդերի կողոպուտն էր: Հանցախմբի՝ կողոպուտի մանրակրկիտ պլանավորած ծրագիրը իսկական բլոկբաստեր է հիշեցնում, որի արդյունքում նրանց հաջողվել է դուրս գալ շինությունից՝ պատմության մեջ ադամանդների ամենախոշոր գողոնով:

Անտվերպի ադամանդների գողությունը երբեմն անվանում են դարի կողոպուտ: Այն տեղի է ունեցել 2003թ.-ի փետրվարին՝ սովորական հանգստյան մի օր:
Պաշտպանված լինելով անվտանգության երեք առանձին անթերի համակարգերով՝ Անթվերպի ադամանդների կենտրոնը ստանում էր աշխարհի գործարքային ադամանդների 80%-ը: Հարյուրավոր միլիոններ արժողության ադամանդներով արկղերը այնքան լավ էին պաշտպանված, որ նույնիսկ մաֆիային չէր հաջողվել իրականացնել կանխամտածված կողոպուտը:

Սակայն, ինչպես փաստերն են վկայում, դա այնքան էլ անհնարին չէր: Հաղթահարելով տաքությունից շիկացած պաշտպանիչ սենսորները, ինֆրակարմիր ճառագայթմամբ լազերները, մագնիսական դաշտով ազդանշանային համակարգը, շարժական սենսորները ու ոտնաթաթի հաստություն ունեցող պողպատե դռնով կողպված 100 միլիոն հավանական կոմբինացիայով կողպեքը` չհաշված հսկող անվտանգության աշխատակիցներին, կողոպտիչները իջնում են գետնի տակ գտնվող պահեստ ու տիրանում գողոնին:


Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչպես են նրանք կարողացել դա իրականացնել: Հանճարեղ ու ճկուն միտք ունեցող Լեոնարդո Նոտարբարտոլոն կողոպուտից երկու տարի առաջ ադամանդների կենտրոնում էժանագին օֆիսային տարածք էր վարձել, ինչը նրան հնարավորութուն էր տալիս 24 ժամ շարունակ մուտքի հնարավորություն ունենալ տարածք: Նոտարբարտոլոն զբաղվում էր օֆիսային տարբեր աշխատանքներով` աշխատանքային պլանավորում, աշխատակիցների աշխատանքային օրակարգ կազմելով, համակարգի պլանավորում և այլն:

Կողոպտիչները հաշվի էին առնում ու հաշվարկում անվտանգության համակարգի աշխատանքն ու սրամիտ, հանճարեղ և միևնույնն ժամանակ պարզ լուծումներ գտնում դրանց դեմ: Լուսային,  տաքության ու շարժումային անվտանգության համակարգերը խափանելու համար նրանք օգտագործում են մազերի  հարդարման սփրեյ, էլեկտրական կպչուն ժապավեն և պենոպլաստե տուփ:  Մագնիսական ազդանշանային համակարգն անջատվել էր կողոպտիչներից մեկի կողմից, ով ներկայացել էր որպես վերանորոգող աշխատակից:

Իսկ ինչ վերաբերում է հաստ պողպատյա դռանը, այստեղ թերևս կողոպտիչների բախտը բերել էր: Հանգստյան օրերին տուն գնալուց առաջ ինչ-որ մեկը մոռացել էր խառնել թվերի համադրությունը, այնպես որ, կողոպտիչների համար ոչ մի դժվարություն չեղավ բացելու դուռը: Հանցախումբը նաև անվտանգության ֆիքսած տեսանյութերն էր վերցրել իր հետ:


Այնուամենայնիվ, նրանց մտածած ամբողջ ծրագիրը վատ է վերջանում, նրանց թույլ տված սխալի պատճառով: Հանցանքի վայրը քաոսային իրավիճակում թողնելով` գողացված զարդերի մի մասը, անվտանգության տեսախցիկների ֆիքսած տեսանյութերը, շամպայնի օգտագործած դատարկ շիշն ու կիսով չափ կերած սենդվիչներն ու իրենց գործիքները աղբի տոպրակների մեջ նետում են անտառ տանող մայրուղու վրա: Ի դժբախտություն նրանց՝ տարածքի պահակը գտնում է տոպրակներն ու դրանք հանձնում ոստիկանությանը: Նոտարբարտոլոյի՝ կիսով չափ կերած սենդվիչից հնարավոր է լինում գտնել նրա ԴՆԹ-ն ու հայտնաբերել հանցագործին: Շատերին հուզում է այն հարցը, թե ինչպես Նոտարբարտոլոն կարող էր նման սխալ թույլ տալ՝ այդքան լավ մտածված ծրագիրն իրականացնելու հետո:

2003թ.-ից ի վեր շատերն են փորձել վերաիրականացնել կողոպուտի սցենարը, սակայն ոչ ոքի դա դեռևս չի հաջողվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել