BlogNews.am-ի սիրելի ընթերցողներ,
Այսուհետ յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը BlogNews.am-ը համացանցային շաբաթվա ամփոփում կանի. կանդրադառնա շաբաթվա ընթացքում բլոգոլորտի բնակիչների ուշադրությանն արժանացած գլխավոր թեմաներին, կառանձնացնի BlogNews.am-ում շաբաթվա կտրվածքով ամենաշատ ընթերցված, ամենամեծ աղմուկ հանած նյութերն, ինչպես նաև կհնչեցնի մեզ ամենահետաքրքիրը թվացած բլոգերների տեսակետները:
Շաբաթն իսկապես հախուռն կերպով սկսվեց: Շաբաթվա, թերևս, կարևորագույն ձեռքբերումը «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանի ազատ արձակելն էր, որն առանց համացանցային ակտիվություների իսկապես դժվար էր պատկերացնելը:
Շաբաթվա հիշարժան պահերի թվին կարելի է դասել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր Zohrap Yeganyan-ի նախաձեռնությունը, որով նա առաջարկում էր փետրվարի 7-ը հայտարարել համացանցում հայատառ գրելու օր: Այս հայտարարությունը մի քանի ժամվա ընթացքում վարակի պես տարածվեց ողջ համացանցում և շատերի համար լավ առիթ հանդիսացավ ընդմիշտ տրանսլիտը փոխարինել հայատառով:
Ապա բլոգոլորտի ուշադրության կիզակետում հայտնվեց մի փաստ, որը ոչ ոքի չկարողացավ անտարբեր թողնել: Հանապետության տարբեր լրատվամիջոցներ իրարից մոտ կես միլիոնով տարբեր թվեր հրապարակեցին մարդահամարի նախնական տվյալներն ամփոփելիս: Միանգամից բողոքի ալիք բարձրացավ առ այն, որ իշխանությունները ցանկանում են թաքցնել ՀՀ բնակչության իրական թիվը:
Ողջ շաբաթվա ընթացքում չէին դադարում Մաշտոցի պուրակի փրկությանն ուղղված հանրության կոչերը: Այս ֆոնին հատկապես առանձնացան հայտնի բլոգերներ Shur Dabavog-ը և mar_amirchanyan-ը՝ այս խնդրին ուղղված իրենց ամենօրյա անդրադարձներով:
Շաբաթվա հաջորդ շոկը եվրատեսիլյան էր, երբ հանկարծ հայտարարվեց այն մասին, որ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել Եվրատեսիլ ուղարկել Թաթա Սիմոնյանին՝ մեկնաբանելով, որ Թաթան սիրված է շատ ադրբեջանցիների կողմից: Անմիջապես հնչեցին հակափաստարկները, որ Սպիտակցի Հայկոն կամ Թաթուլ Ավոյանը իրենց մուղամներով գուցե ավելի մեծ մասսայականություն վայելեն մեր հարևանի մոտ և դա որոշում կայացնելու լուրջ փաստարկ չէ: Փառք Աստծո այս լուրն ընդամենը կանխավարկած էր և իրականությանն այնքան էլ չէր համապատասխանում:
Չշեղվելով եվրատեսիլյան թեմայից՝ նշեմ, որ շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ Դորիանս խմբի երգի պրեմիերան, որով խումբը պլանավորում էր հանդես գալ Եվրատեսիլում: Իրավացիորեն նկատեմ, որ այն Դորիանսի ոչ բոլոր երկրպագուների սրտով էր, և շատերը պնդում էին, որ Դորիանսն ավելի հաջող երգեր ունի: Համացանցի բնակիչների մի ստվար մասն էլ ընդհանրապես դեմ էր որևէ մեկին Ադրբեջան ուղարկելուն՝ մկնաբանելով, որ այդպիսով կվտանգենք մեր երկրի հեղինակությունը միջազգային արենայում:
Շաբաթվա ամփոփումն իհարկե թերի կլիներ առանց շաբաթվա ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ առատ ձյան տեղալուն: Երևույթ, որն այնքան խորթ էր դարձել Երևանցիների համար, որ արդեն հասցրել էինք մոռանալ այն բնական բարդությունների մասին, որոնք կարող են առաջանալ առատ ձյան պատճառով: Այնքան երկար ձյուն չէինք տեսել, որ անգամ քաղաքապետարանը պատրաստ չէր սրան: Անմիջապես սկսվեցին ներբողներն ուղղված նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին այն մասին, որ քաղաքը լավ չի մաքրվում, մաքրվելուց էլ ուշադրությունը դարձվում է հիմնականում փոքր կենտրոնին: Այնուամենայնիվ չեմ կարող չնշել, որ եթե ձյան տեղալու առաջին օրերին որոշակի թերացումներ քաղաքի մաքրման հարցերում նկատում էի, ապա հաշված օրերի ընթացքում քաղաքապետարանն իր ուժերը մոբիլիզացրեց և կարողացավ մաքրել քաղաքը ինչպես հարկն է: Ցավոք, այս համատարած քննադատությունների ֆոնին շատ քչերը ունակ եղան գնահատել ձմեռային Երևանի իրական գեղեցկությունը:
Բլոգոլորտի հաջորդ թիրախը ԱԺ-ն էր՝ սկզբում կոճակախաղի, ապա նաև նիստի ժամանակ քնած նախարարների տեսքով: Ի դեպ վերջինի տեսաձայնագրությունը BlogNews-ում շաբաթվա ընթացքում ամենդիտվածներից էր:
Իհարկե ողջ շաբաթվա ընթացքում չէին դադարում Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին խոսակցությունները: Վերջիններս առավել ակտիվացան, երբ տարածվեցին միանգամից մի քանի ընտրատարածքներում տեղի ունեցած ընտրախախտումների մասին լուրերը:
Շատ քննրկվեց նաև Եվրոպայի Ժողովրդական կուսակցությանը միանգամից մի քանի Հայաստանյան կուսակցությունների անդամակցման մասին լուրերը: Խոսվեց ԲՀԿ-ի մերժվելու պատճառների մասին, որի հիմնական կանխավարկածը, թերևս, շարունակեց մնալ այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ է ԵԺԿ-ին «համոզել», որ ԲՀԿ առաջնորդը սատարում Է Եվրոպայում բռնապետ համարվող Լուկաշենկոյին:
Դե իսկ շաբաթվա կուլմինացիան մշակութային էր՝ աշխարահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան լուրով և հայ երգչուհի Սիրուշոյի հղիության մասին բլոգեր Արգամ Ուստյանի կասկածներով:
Չմոռանամ նշել նաև շաբաթվա ամենաքննարկված նկարի մասին, որը մոտ 13 տարի առաջ նկարված Ռոբերտ և Բելլա Քոչարյանների՝ ինքնաիռից ինջնելու պահին կատարված լուսանկարն էր: Վերջինիս հետին պլանում պսպղում էր ուղեկցորդուհու ներքնազգեստը:
Հուսով եմ կշարունակեք հետևել BlogNews.am-ի անդրադարձներին և չեք մոռանա հանդես գալ այս բաժնի հետ կապված հետաքրքիր առաջարկություններով և քննադատություններով: