Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի ու «Ժառանգության» նեկայացուցիչների դռնփակ հանդիպումն, որի ավարտին պարզ է դարձել, որ այս ուժերը փետրվարի 24–ին մեկնարկող քառօրյայում բարձրացնելու են կառավարության անվստահության հարցը։
Եթե խորհրդարանի խճանկարը ներկայացնենք թվերի լեզվով, ապա ընդդիմությունը, լավագույն դեպքում, կարող է ակնկալել 50-52 պատգամավորի աջակցություն։ Սա այն դեպքում, երբ կոալիցիայի պատգամավորների թիվը գերազանցում է յոթանասունը։
Ըստ այդմ՝ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը տապալվելու է, ու գործող կաբինետը շարունակելու է պաշտոնավարել։
Ի՞նչ կարող է անել ընդդիմությունն անխուսափելի այս հեռանկրի պարագայում։
Արմատական տարբերակ կարող է դիտվել նախագահի պաշտոնանկության գործընթացի նախաձեռնումը։ Սա, սակայն, քիչ հավանական տարբերակ է,որովհետև ԲՀԿ–ի ու ՀՅԴ–ի օրակարգում հականախագահական պահանջ չկա։
Ընդդիմությունը կարող է պայքարը տեղափոխել խորհրդարանի պատերից դուրս։ Սակայն հանրահավաքային պոտենցիալը խիստ սահմանափակ է, եթե ոչ իշխանական ուժերը չդիմեն ոչ ստանդարտ քայլերի, օրինակ՝ հրաժարումը պատգամավորական մանդատներից։ Այսօրվա խորհրդարանում ես բացառում եմ նման հեռանկարը, եթե անգամ ընդդիմության համար տեսանելի լինի խորհրդարանական ճգնաժամի անխուսափելիությունը։
Եթե ընդդիմությունն այս նախաձեռնության տապալումից հետո՝ բավարարվի հերթապահ նեղսրտած–քննադատող հայտարարությամբ, ապա հերթական անգամ ի ցույց կդնի իր անզորությունն ու իշխանության ամենազորությունն։
Այնպես որ՝ ԱԺ առաջիկա քառօրյան փորձություն է ոչ միայն վարչապետի, այլ նաև՝ ընդդիմության համար։



