Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր, «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով Բրյուսելում քննարկված «Եվրոպական փաթեթին», ասում է, որ դեռ ոչ մի բան ասել հնարավոր չէ, որովհետև ո՛չ Հայաստանը հստակ պատկերացումներ ունի, ո՛չ Եվրամիությունը: «Որևէ մեկը չի պատկերացնում, թե ինչ ուղղությամբ ենք գնալու»,- ասում է նա՝ ավելացնելով, որ պետք է ձևեր գտնել՝ ԵՄ-ի հետ հարաբերություններին նոր ձևաչափ հաղորդելու համար։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը ցնորք է համարում Մաքսային միության կայացումը և նշում, որ այն ապագա չունի:

-Բրյուսելում քննարկված «Եվրոպական փաթեթի» մասին, որի նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը, ԵՄ Արևելյան գործընկերության մեջ մտնող հասարակական կազմակերպություններն անգամ ոչինչ չգիտեն. ի՞նչ է առաջարկվում, ինչ մակարդակով համագործակցության մասին է խոսքը և այլն: Ձեզ որևէ բան հայտնի՞ է, ընդհանուր գծերով այդ փաթեթի բովանդակային կետերի մասին:

- Դեռևս որևէ հստակություն չկա, ոչ թափանցիկ է անցկացվում այդ ողջ գործընթացը: Կտեսնենք: Ակնհայտ է, որ կողմերը որոնում են  գործընթացը չդադարեցնելու հնարավորություն, բայց տարօրինակ ու տարակուսելի է, որ թափանցիկություն չկա: Ու ինչպես Դուք նշեցիք, Քաղաքացիական ֆորումը ներկայացնող մի շարք կազմակերպություններ ընդհանրապես դուրս են մնացել քննարկումներից:

- Իսկ այն, որ այդ փաթեթը նախատեսված է 13 երկրների համար, չի՞ նշանակում, որ համագործակցության այն մակարդակը, որ ակնկալվում է, չի լինելու: Այսինքն ՝մի «հավաքական» փաստաթուղթ բոլոր երկրների համար: Եվ կամ ուղղակի պետք է նոր փաստաթուղթ՝ 1999թ. ստորագրված Հայաստան-ԵՄ հնացած փաստաթուղթը նորով փոխարինելու համար:

- Ակնհայտ է, որ հնացել է և պետք է նոր բան և այդ նոր բանը Եվրոպան կամ Եվրամիությունը պատկերացնում է որպես Ասոցացման պայմանագիր և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի: Հիմա այդ գործընթացը տապալվել է և պետք է ձևեր գտնել՝ հարաբերություններին նոր ձևաչափ հաղորդելու համար: Բայց դեռ ոչ մի բան ասել հնարավոր չէ, որովհետև ո՛չ Հայաստանը հստակ պատկերացումներ ունի, ո՛չ Եվրամիությունը: Որևէ մեկը չի պատկերացնում, թե ինչ ուղղությամբ ենք գնալու: Իսկ այն, ինչի մասին խոսում եք, դրանք դեռ դեկլարացիաներ են, ցանկություններ են, բայց դրան զուգընթաց գնում է պրոցես Մաքսային միության հետ, որտեղ հարյուրավոր փաստաթղթեր են նախապատրաստվում: Եվ թե ինչ կլինի այդ փաստաթղթերի ճակատագիրը, և որքանով դրանք հակասության մեջ կարող են մտնել Եվրամիության հետ մեր ստանձնած պարտավորությունների մասով, ժամանակը ցույց կտա: Սա մի մեծ պրոցես է, որը բանակցությունների արդյունքում միայն հայտնի կլինի, թե ինչ ուղղությամբ է ընթանալու: Այս պահի դրությամբ ոչինչ ասել հնարավոր չէ, և դրանք ուղղակի բարի ցանկություններ են:

- Մաքսային միությանն անդամակցության Ճանապարհային քարտեզը այս ընթացքում ուսումնասիրե՞լ եք, և այն, ինչի մասին խոսում էիք առանց այդ քարտեզի՝ ինքնիշխանության կորուստ, հնարավոր անցում ռուբլու գոտուն, և այլն, Ձեր` նախկինում ասածների վերաբերյալ ևս մեկ անգամ համոզվե՞լ եք, և եթե այո, ապա ո՞ր «քայլում»:

- Ակնհայտ է, որ միջազգային մեր այլ պարտնյորներ այսօր բարձրաձայնում, ահազանգում են այն պրոբլեմների մասին, որոնք կարող են մեր առջև կանգնել: Մասնավորապես, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ մեր հարաբերություններում, որովհետև մենք այդքան բանակցելով, այդքան հպարտանալով, որ առաջիններից մեկը կարողացանք նախկին Խորհրդային Միության հանրապետություններից դառնալ ԱՀԿ անդամ, մինչ Ռուսաստանը տարիներ շարունակ ձգտում էր և չէր կարողանում, հիմա այդ ամբողջը տալիս ենք ինչ-որ գերպետական մարմնի, որով ղազախ և բելառուս չինովնիկները կբանակցեն Հայաստանի Հանրապետության անունից: Սա անընդունելի է, և սա հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Էլ չասած մյուս պայմանագրերի մասին, որոնցով մեր լիազորությունների զգալի մասը զիջում ենք: Տնտեսական մասով մասնագետները կտան հստակ գնահատական, թե ինչ կկորցնենք, ինչ չենք կորցնի, իսկ ռուբլու գոտու մասին խոսակցությունները հերթական անգամ գալիս են ապացուցելու այն վտանգները, որոնք կային դեռևս բանակցությունների պահին և հիմա կամաց-կամաց ի հայտ են գալիս: Անընդունելի է ռուբլու գոտուն միանալու մասին նույնիսկ քննարկումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել