Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մետրոպոլիտենի գլխամասային գրասենյակի մոտ այսօր առավոտյան հավաքվել են ընկերության մի խումբ աշխատակիցներ, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Նրանց են միացել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները:
Անցած երկու օրերին, նույն կարգախոսներով ու պահանջներով, ընդվզել էին Օպերայի, «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները. նույնիսկ «Անուշ» ներկայացումը տապալվեց։
Թվում է՝ «Դեմ եմ» շարժումը դառնում է զանգվածային՝ լուրջ պրոբլեմներ հարուցելով իշխանության համար։
Իրականում՝ աշխատավորական որոշ կոլեկտիվներ, իմ կարծիքով, օգտագործում են «Դեմ եմ»–ի ռեսուրսը, այնուհետև լոկալացնում են իրենց պայքարը՝ գուցե տրվելով իշխանության հորդորներին կամ թելադրանքին։
Տեսեք, Օպերայի աշխատակիցներն ինչքան արմատական էին առաջին օրը, իսկ լուսաբացից հետո սկսեցին թաքնվել լրագրողներից ու մշակույթի նախարարության հետ քննարկել իրենց աշխատավարձի բարձրացման հարցը։
Երկաթուղայիններին էլ խոստացել են աշխատավարձը բարձրացնել՝ փոխհատուցելու համար պարտադիրի վճարումները։
Մի լոկալ լուծում էլ մետրոյում կգտնեն, մանավանդ, որ տնօրինությունը յոթ օր ժամանակ է խնդրել բողոքավորներից, վերջիններն էլ, կարծես թե, ընդառաջել են շեֆությանը։
Մի խոսքով, իշխանությանը հաջողվում է լոկալացնել հուզումները՝ կանխելով դրանց վերածումը սոցիալական լուրջ շարժման։
Մեզանում պայմանական Մայդան չի լինի, որովհետև գործատուները, օլիգարխները կարողացել են ստեղծել մի համակարգ, որի միջոցով կանխատեսելի են դարձնում տասնյակ հազարավորների վարքագիծը՝ շահագրգռելով կամ վախեցնելով քաղցրաբլիթով ու մտրակով։
Պետությունն այս խնդիրը լուծել կարողանում է, սակայն սա չի վերացնում խնդիրները, չի ապահովում հասարակական կոնսոլիդացիա բարեփոխումների համար։
Պետությունն, առաջին հերթին, պետք է կարողանա վստահություն ներշնչել քաղաքացուն՝ հարկադրանքի գործիքները թողնելով մի կողմ։
Կենսաթոշակային բարեփոխման գործընթացում իշխանությունը տակտիկական հաջողություններ արձանագրում է, բայց տանուլ է տալիս բոդանդակության մեջ, որովհետև ռեֆորմից խոսում են հակառեֆորմիստական հռետորաբանությամբ, կամ էլ շատ իշխանավորներ, կոալիցիայի պատգամավորներ գերադասում են լռել՝ պատասխանատվությունը բարդելով միայն կառավարության վրա՝ լավամարդ լինելու մղումով։
Հասարակության անվստահությունն էլ մեծանում է։ Ոչ այնքան, որ հեղափոխություն լինի, բայց այն չափով, որպեսզի կառավարությունն ու գործատուն լոկալ զիջումների գնան։
Կարճ ասած, գործում է շուկայի օրենքը՝ ի չիք դարձնելով այն սաղմերը, որոնք կարող էին քաղաքացիական շարժում առաջացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել