Լոնդոնի նյարդերը կամաց-կամաց տեղի են տալիս՝ կապված Շոտլանդիայի հնարավոր անկախացման հետ: Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, չկարողանալով այլևս ձեռնպահ մնալ առկա զարգացումներից, անդրադարձել է այս հարցին` կոչ անելով շոտլանդացիներին մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Նա մասնավորապես ասել է հետևյալը. «Սա մեր տունն է, և ես չեմ կարող տեսնել, թե ինչպես է այն քանդվում: Ես սիրում եմ այս երկիրը: Ես սիրում եմ Միացյալ Թագավորությունն այնպիսին, ինչպիսին որ այն կա, և ես ամեն կերպ կպայքարեմ, որպեսզի մենք մնանք միասին»: Այս հայտարարությունն արվում է Շոտլանդիայում հանրաքվե անցկացնելուց յոթ ամիս առաջ: Քեմերոնի նման էմոցիոնալ պահվածքը տարբեր արձագանքներ է ստացել՝ ինչպես Շոտլանդիայի քաղաքական, այնպես էլ գիտական հարթության շրջանակներում:
Ըստ Էդեինբուրգի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Նիքոլա Մաքիվենի՝ այս ակտիվությունը կարող է հակառակ արդյունքի բերել: Ըստ Մաքիվենի, նախ «պահպանողականները» շատ ծանր վարկանիշ ունեն Շոտլանդիայում, և հետո սա կարող է դիտվել որպես անգլիական իմպերիալիզմի դրսևորում՝ դրանով իսկ ոժեղացնելով անկախության կողմնակիցների դիրքորոշումը: Նա նաև հավելում է, որ եթե այս «ոչ անկախությանը» քարոզարշավը վերածվի Լոնդոնի և Էդինբուրգի միջև պայքարի, ապա դա ևս կհանգեցնի Շոտլանդիայի «Ազգային» կուսակցության դիրքերն այս հարցում:
Շոտլանդացի քաղաքական շրջանակները քննադատում են վարչապետ Քեմերոնին, որ վերջինս չի գալիս այդ մասին խոսի հենց բուն Շոտլանդիայում, այլ դա անում է Լոնդոնի Օլիմպիական այգում: Ինչ վերաբերում է Շոտլանդիայի «Ազգային» կուսակցության առաջնորդ Ալեքս Սալմոնդին, ով այս անկախության գաղափարի հիմնական ջահակիրն է դեռ 2011թ.-ից երբ վերջինս կուսակցությունն ավելի ամրապնդեց իր դիրքերը շոտլանդական խորհրդարանում, ևս մեկ անգամ վերահաստատել է իր պատրաստակամությունը բանավիճել Դեյվիդ Քեմերոնին հետ տվյալ հարցի շուրջ: Նա ասել է մասնավորապես հետևյալը. «Ավելի լավ կլինի գաք բանավիճենք, քան թե Ձեր քարոզները լսենք Օլիմպոսից»:
Վերադառնալով Քեմերոնի պավածքին՝ կարելի է արձանագրել, որ Լոնդոնը լրջորեն մտահոգված է, որ Շոտլանդիան կարող է և ընտրել անկախության ճանապարհը: Եթե Շոտլանդիան անկախանա՝ դա շատ լուրջ խնդրիների կարող է հանգեցնել հենց առաջին հերթին Մեծ Բրիտանիայի ներսում: Այսօր Լոնդոնը բնավ պատրաստ չէ, որ շոտլանդացիք կարող են անկախանալ, և հետևաբար չի արվել ոչ մի նախնական հաշվարկ, թե ինչպես են իրենք պատրաստվում կիսել երկրի ընդհանուր ունեցվածքը: Օրինակ՝ ոչ ոք չգիտի այն հարցի պատասխանը, թե ինչպես է շարունակելու շահագործվել Հյուսիային Ծովում դեռ նախորդ դարի 60-ականներին հայտնաբերված և առ այսօր շահագործվող նավթահորերը, այն դեպքում, որ Շոտլանդիայի հավանական անկախացումից հետո այն կհայտնվի Շոտլանդիայի տարածքային ջրերում: Մի խոսքով, առկա են մի շարք այլ հարցեր, որոնք լուրջ քննարկումների և նույնիսկ բախումների արդյունք կարող են հանդիսանալ երկու երկրների և ժողովուրդների միջև: Սա դեռ մենք խոսում ենք ներքին իրականության փոփոխության մասին, սակայն իրավիճակը կփոխվի նաև միջազգային հարաբերություններում:
Տեսեք, անկախ այն բանից, Շոտլանդիան իրականում կանկախանա, թե ոչ, դա որոշակի ազդեցություն կունենա աշխարհում առկա նմանատիպ հարցերի վրա: Եթե, օրինակ, Լոնդոնը լրջորեն միջամտի հանրաքվեի անցկացմանը և ազդի դրա վերջնական արդյունքի վրա, ապա դա կարող է, առաջին հերթին, ստվեր գցել Արևմուտքի կողմից ազգերի ինքնորոշման հարցում դրսևորվող անկեղծության վրա, քանի որ, ինչ-ինչ, Մեծ Բրիտանիան առայժմ շարունակում է մնալ միջազգային հարաբերություններում լրջագույն դերակատարներից մեկը, և հենց այդ նույն Արևմուտքի մաս կազմող խոշոր դերակատար և ժամանակակից աշխարհի առաջին ժողովրդավարական պետությունն է: Երկրորդը հերթին դա լուրջ խոչընդոտ կդառնա մի շարք այլ ինքնորոշված, բայց չճանաչված հանրապետությունների հետագա ճանաչման համար:
Մինչդեռ մյուս կողմից, եթե Լոնդոնը չի միջամտում, իսկ Շոտլանդիան ընտրում է անկախացման ճանապարհը, ապա դա որոշ չափով հզորացնում է ազգերի իրավահավասարության և ինքնորոշման սզբունքը և հավելյալ ստիմուլ հաղորդում տարբեր չճանաչված միավորների հետագա և շարունակական աշխատանքների համար` դառնալով հերթական նախադեպն աշխարհում, ինչպիսիք եղան, օրինակ, Հարավային Սուդանը, Արևելյան Թիմորը, Կոսովոն և այլն:
Չգիտես, թե ինչու, ես կարծում եմ, որ Շոտլանդիան, ուշ, թե շուտ, կանկախանա Մեծ Բրիտանիայից` առանց հաշվի առնելու դրանից բխող տնտեսական կամ էլ այլ դժվարություններ: Ի վերջո, գիտեք ինչ, այստեղ ամեն ինչից զատ կա ազգային հպարտության խնդիրը, որն ինքն իրենով չի կարող չափվել ոչ մի հարստության կամ էլ հարմարավետության հետ: Ես կարծում եմ, որ Շոտլանդիան 1707 թվականի միացումից ի վեր հարմար պահ է փնտրել իրավիճակը փոխելու համար: Անկասկած, կան ու կլինեն մարդիկ, ովքեր մտածելով իրենց սեփական շահերի և դիրքի մասին, կփորձեն պահպանել ներկայիս ստատուս քվոն, բայց միևնույնն է, կգա ժամանակ, որ Ուիլյամ Ուոլոսի և Ռոբերտ Բրյուսի ոգով շոտլանդացի առաջնորդները կվերակագնեն իրենց հպարտությունը` հռչակելով Շոտլանդիան որպես անկախ պետություն: Չի բացառվում, որ այդ առաջնորդը կլինի Շոտլանդիայի «Ազգային» կուսակցության ներկայիս առաջնորդ Ալեքս Սալմոնդը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/650582655008915?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել