Armtimes.com-ը գրում է.
Օլիմպիական եւ հատկապես ձմեռային Օլիմպիական խաղերը մեր իրականության մեջ հաճախ դառնում են անեկդոտների արտադրության առատ աղբյուր: Նման իրավիճակի պատճառ դառնում են մեր մարզիկների ոչ այնքան տպավորիչ ելույթները: Այս իմաստով, առավելեւս, հարգանքի արժանի են չորս մարզիկները, ովքեր ներկայացնում են Հայաստանը Սոչիի ձմեռային օլիմպիադայում: Նրանք բոլորից լավ գիտեն, որ բարձր տեղեր չեն զբաղեցնելու, գիտեն նաեւ, որ այս փաստը հայրենիքում կարող է դառնալ անեկդոտների պատճառ: Բայց չնայած սրան` մեկնել են Սոչի Հայաստանը ներկայացնելու, ու նրանց մասնակցությունն արդեն ինքնին արդյունավետ է, որովհետեւ այսպիսի «դատապարտված» առաջամարտիկներն են, որ ճանապարհ են բացում հետագա հաղթանակների համար:
Բայց Սոչիի Օլիմպիադան եւ այն փաստը, որ հայաստանցի միայն չորս մարզիկ է մասնակցում դրան, հարմար առիթ է խոսելու Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման իրական մակարդակի մասին, որովհետեւ ձմեռային մարզաձեւերի հաջողության համար անհրաժեշտ է երկու նախապայման` համապատասխան եղանակային պայմաններ եւ թանկարժեք ենթակառուցվածքներ: Հայաստանում առկա են ձմեռային մարզաձեւերը զարգացնելու համար անհրաժեշտ բոլոր եղանակային պայմանները: Ողջ ձմեռվա ընթացքում մեր երկրի տարածքի կեսը ծածկված է լինում ձյան տակ: Իսկ ահա ենթակառուցվածքների հարցում վիճակը դժվար է մխիթարական համարել: Բիաթլոն, թռիչքներ դահուկով, բոբսլեյ, սահնակ, գեղասահք, կյորլինգ, չմշքավազք` ձմեռային գրեթե բոլոր մարզաձեւերն ահռելի ենթակառուցվածքներ են պահանջում` միլիոնավոր դոլարների արժողությամբ: Եւ ուրեմն, ձմեռային մարզաձեւերի վիճակը ձյունառատ ձմեռ ունեցող երկրներում ամփոփ պատկերացում է տալիս տվյալ երկրում բարեկեցության եւ կենսամակարդակի մասին: Չնայած, մեծ հաշվով սա կարելի է ասել ընդհանրապես սպորտի մասին. թույլ սպորտն արդեն իսկ թույլ տնտեսության ուղղակի ապացույց է: Թույլ սպորտը թույլ երկրի արտահայտություն է, թույլ քաղաքականության, թույլ դիվանագիտության: Ոչ միայն պատճառով, որ նաեւ քաղաքականությունն ու դիվանագիտությունը պետք է ապահովեն սպորտային նվաճումներ, այլեւ այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում շատ դժվար է ուժեղ արտաքին քաղաքականություն ունենալ առանց ուժեղ, համաշխարհային հռչակ ունեցող մարզիկների, ում կյանքը, կենսագրությունը, նվաճումները ծանրակշիռ են դարձնում նրանց խոսքը ցանկացած ասպարեզում, որոնց կապերը ծառայում են հայրենիքի առաջընթացին: Իհարկե, մենք ունենք Լեւոն Արոնյան, Հենրիկ Մխիթարյանը վերելք է ապրում, բայց այս բացառությունները հաստատում են օրինաչափությունը: Իսկ մարզական, հատկապես ձմեռային մարզական մթնոլորտը գաղջ է Հայաստանում եւ անհեռանկար:
Ժամանակակից աշխարհում սպորտը դարձել է միջազգային հարաբերությունների, ազգային ինքնագիտակցության եւ համախմբման, հանցավորության եւ թմրամոլության դեմ պայքարի կարեւորագույն գործիք, իսկ Հայաստանում առկա սակավաթիվ ձմեռային մարզական ենթակառուցվածքները ծառայում են հիմնականում փողատերերի վայելքներն ապահովելուն: Եւ նախագծված են եղել որպես այդպիսին: Հայաստանի տասնյակ գյուղերում, որտեղ տարվա կեսը ձյուն է նստած, երեխաների 99 տոկոսը կյանքում դահուկ տեսած չկա, էլ չենք ասում դրանից ունենալու մասին: Իսկ Ծաղկաձորն ու Մարզահամերգային համալիրը նրանց համար նույնքան են հասանելի, որքան Սոչիի ձմեռային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Երկուսն էլ նրանք տեսնում են հեռուստացույցով: Կիսատ-պռատ, համեմված տափակ մեկնաբանություններով:
Այս ամենի ֆոնին հայաստանցի դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանի, Արթուր Եղոյանի, Կատյա Գալստյանի, լեռնադահուկորդ Արման Սերեբրյակյանի ներկայությունը Սոչիում արդեն իսկ սխրանք է եւ արժանի է շնորհակալության: