Տարբեր համայնքների ներքին խնդիրներին անդրադառնալու մղումներից միշտ զերծ ենք մնացել՝ դրանք համարելով չափազանց զգայուն, անգամ՝ վտանգավոր: Ամեն մի անզգույշ խոսք ու գնահատական կարող է վնասել ներհամայնքային համերաշխությանը, կարող է ցավեցնել Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներից շատերին, խռովեցնել նրանց… Սակայն անհնար է նաև լռելն ու կրավորական կեցվածք ընդունելը, երբ այս կամ այն համայնքում ինչ-որ մարդիկ, զուտ նեղլիկ ու անձնական շահերից դրդված, ելնում են համայնքային կառույցների, ավելին՝ հայաստանյաց Առաքելական եկեղեցու այն կառույցների դեմ, որոնք վաղուց ի վեր համայնքի համախմբման ազգանվեր առաքելությունն են իրականացնում…
Ժամանակներ առաջ մենք բավարարվեցինք կցկտուր հրապարակումներով, երբ Թբիլիսիում, Գեորգի Էլիբեկով անուն-ազգանունով մեկը, որը հայկական հեռուստաժամ է վարում ռուսերենով ու վրացերենով՝ դրանց խառնելով մորթվող հայերենը, արշավանք կազմակերպեց Հայաստանից դուրս գտնվող աշխարհում առաջին հայկական արհեստավարժ պետական թատրոնի դեմ: Խոսքը վերաբերում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական թատրոնին: Օգտագործելով Վրաստանում քաղաքական ղեկավարության փոփոխության հանգամանքը, իբրև թե ընդդիմանալով Միխեիլ Սահակաշվիլուն և նրա թիմակից հայ քաղաքական գործիչներին և պատգամավորներին, այս մարդը իրականում սկսեց ջանքեր գործադրել, որպեսզի վրացական իշխանությունները սևեռվեն հայկական թատրոնին և լուծարեն այն: Օրեր շարունակ իր հաղորդաշարի եթերից նա լուտանքներ էր թափում թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Բայանդուրյանի հասցեին, վրաց իշխանություններին տրամադրում թատրոնի դեմ, խոսում ինչ-որ ֆինանսական յուրացումների, թատրոնի ստեղծագործական ձախողումների մասին: Նա կանչում էր վիրահայ մտավորականության ներկայացուցիչների, պարտադրում խոսել թատրոնի դեմ: Բարեբախտաբար, ոչ բոլորն էին եթերից պաշտպանում Էլիբեկովի հակահայ կեցվածքը: Գաղտնիք չէ, որ նման պահվածքով նա վրացական իշխանություններին կարծես հասկացնում էր, որ ավելորդ է այդ թատրոնը վիրահայ իրականության մեջ, անգամ հայ-վրացական կոնֆլիկտ էր հրահրում՝ հայտարարելով, թե թատրոնը չի բեմադրում վրաց հեղինակների ստեղծագործություններ, չի նպաստում վրացական գրականության քարոզչությանը…
Միխեիլ Սաակաշվիլին, չնայած ընդգծված հակահայկական կեցվածքին, այնուհանդերձ, նպաստել էր այն բանին, որ թատրոնն ունենա առավել բարձր ֆինանսավորում, քան Թբիլիսիի ադրբեջանական թատրոնը, իշխանությունները մտադրվել էին հիմնանորոգել թատրոնի փլուզվող շենքը: Բայց ահա Էլիբեկովն ամեն ինչ անում էր, որպեսզի իշխանությունները ետ կանգնեն այդ մտադրությունից: Գեորգի Էլիբեկովը նաև ստորագրահավաք էր նախաձեռնել, որին, ցավոք, մասնակցեցին վիրահայ մտավորականության որոշ ներկայացուցիչներ: Ստորագրահավաքի նպատակն էր Ադամյանի անվան թատրոնը լուծարել, դարձնել ընդամենը մի խմբակ… Բարեբախտաբար, իշխանությունները ոչ թե հակահայկականության մեջ թաղված Էլկիբեկովին, այլ վիրահայ մտավորականության երևելիներին լսեցին, մասնավորապես Գիվի Շահնազարին, վրացական իշխանությունների հետ հանդիպումներ ունեցան Սփյուռքի նախարարության պատասխանատուները, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը…
Այսօր արդեն Գեորգի Էլիբեկովը հեռացել է թատրոնից և սևեռվել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի վրա, ավելի ճիշտ՝ թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանի: Նա հրապարակավ հայտարարություններ է անում, թե Սրբազան հայրը թշնամաբար է տրամադրված վրացական իշխանությունների ու վրացականության դեմ, թե քարոզում է հակավրացականություն: Եվ այս ամենը՝ զանգվածային լրատվամիջոցներով, իր հեռուստաժամի եթերից: Իսկ թեմական առաջնորդի դեմ սանձազերծած հարձակման պատճառն այն է, որ Էլիբեկովը կամենում է տնօրինել թեմին տրամադրվող պետական ֆինանսական միջոցներն ու այն նվիրատվությունները, որոնք ուղղորդվում են եկեղեցաշեն և հայապահպան գործերին: Էլիբեկովը Regnum գործակալությանը հայտարարել է, թե թեմին տրված ֆինանսական միջոցները Սրբազան հայրը նպատակային չի ծախսում, անգամ յուրացնում է, խուսափում է հաշվետվություններ ներկայացնելուց: Էլիբեկովը հանդիսանում է Վրաստանի նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների հանձնաժողովների անդամ: Եվ իբրև թե այդ հանձնաժողովները բազմաթիվ նամակներ են ստանում, որոնց հեղինակներն իրենց բողոքներն են հայտնում թեմական առաջնորդի կողմից եկեղեցուն ու համայնքին տրված գումարների աննպատակահարմար օգտագործման առիթով: Իբրև, օրինակ, ռուսալեզու պարբերականին է Էլիբեկովը տրամադրել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմից Սայաթ-Նովայի մեծարման տոնախմբությունների ժամանակ համայնքին հանձնված 100 հազար լարին, որը մոտ է 65 հազար ԱՄՆ դոլարին: Իբրև թե Սրբազան հայրը յուրացրել է այդ գումարը: Մինչդեռ պարզվում է, որ այդ գումարը «Քարթլի» հիմնադրամից փոխանցվել է բանկ, որն էլ կապալառու կազմակերպության հետ իրականացրել է Սբ Գևորգ եկեղեցու հիմնանորոգումը:
Այսինքն, եկեղեցին անմասն է գումարի ծախսումից, չի տեսել անգամ այդ գումարը… Այս և այլ զրպարտություններ մի նպատակ ունեն՝ հավատացյալներին հանել Եկեղեցու թեմական առաջնորդի դեմ, խարխլել նրա հեղինակությունը, շատերին հիասթափեցնել Եկեղեցուց, ինչն էլ կարող է նոր խթան հանդիսանալ վրաց որոշ ծայրահեղական հոգևորականների համար՝ նոր թափով յուրացնել հայկական եկեղեցիները: Ահա ինչ հեռահար նպատակներ ունի այս մարդը, որը հիմա էլ է ստորագրահավաք սկսել՝ այս անգամ ընդդեմ Գերաշնորհ Վազգեն եպս. Միրզախանյանի: Գեորգի Էլիբեկովը պահանջում է, որ փոխվի թեմական առաջնորդը, նշանակվի մեկ ուրիշը, որը միշտ հաշվետվություն կներկայացնի իրեն կատարված ծախսերի մասին… Իհարկե, այս ամենը ծիծաղելի է, քստմնելի, մանավանդ որ Էլկիբեկովը շատ հաճախ գործում է ոչ սթափ, սակայն օտարի համար մեր միջի թշնամու սթափ կամ ոչ սթափ լինելը կարևոր չէ: Կարևորն այն է, որ հայտնվել է մեկը, որը բոլոր ջանքերը գործադրելով, կամենում է քայքայել դարերի պատմություն ունեցող հայկական համայնքը Վրաստանում, այնտեղից դուրս վանել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել