Վիկ Դարչինյանը նորամուտը կնշի ММА-ումArmsport.am-ը գրում է.

Բռնցաքամարտի երկրորդ թեթևագույն քաշում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը (Վիկ), իր նորամուտն է նշելու MMA (խառը մարտարվեստ-խմբ.), տեղեկացնում է fightnews.ru-ն:

Ինչպես նշել է մարզիչ Էդմոն Թարավերդյանը, Դարչինչյանը պայմանագիր է ստորագրել տարածաշրջանային mma-պրոմոութերական ընկերություններից մեկի հետ և արդեն այս գարնանը մենամարտ է անցկացնելու իր համար հարազատ Ավստրալիայում:

«Վիկը ծրագրել է մենամարտ անցկացնել Ավստրալիայում,-հայտնել է Թարավերդյանը,-Այդ ամենում պատկառելի գումար կա, և նա երջանիկ է և լի ցանկությամբ՝ դա իրականացնել»:

Հայազգի մարզիչը մանրամասնել է նաև, որ Դարչինյանի առաջիկա մրցակցի, մենամարտի անցկացման ստույգ ժամկետի և մրցավայրի մասին կհայտարարվի ավելի ուշ, սակայն, նախնական տեղեկություններով, դիմակայությունն անցկացվելու է թեթևագույն քաշային կարգում և կկայանա մոտավորապես ապրիլի վերջին:

«Վիկն ինձ ասաց հետևյալը. «ինձ միայն 3-4 դույմ հեռավորություն է անհրաժեշտ, որպեսզի ջարդեմ հակադակորդիս ծնոտը՝ նույնիսկ պառկած դիրքում»,-շարունակել է Թարավերդյանը,-ես էլ նրան պատասխանեցի. «Վիկ, MMA-ն անհամեմատ բարդ է և այստեղ ամեն ինչ չէ, որ որոշվում է մեկ հարվածով քո նշած այդ ինտերվալից: Բայց նա, այնուամենայնիվ, պնդում է իրենը՝ ոչ, ոչ, ինձ ընդամենը որոշ հեռավորություն է պետք, որպեսզի հարվածեմ և ջարդեմ իմ մրցակցին»:

Նշենք, որ 38-ամյա Դարչինյանի հաշվին, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր նորամուտը նշել է 2000 թվականին, գրանցված է 39 հաղթանակ (28-ը՝ նոկաուտով), 6 պարտություն և մեկ ոչ-ոքի: Իր վերջին մենամարտը հայ բռնցքամարտիկը անցկացրել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրի հետ, երբ տեխնիկական նոկաուտով զիջեց իր մրցակցին՝ հանդիպման 9-րդ ռաունդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել