Բժշկական անհավանական դեպք էր գրանցվել 2008թ.-ին: Բասկետբոլային խմբի անդամ 14-ամյա Մեգգի Մայերը, գտնվելով կոմայի մեջ, հեշտությամբ կարողանում էր բասկետբոլ խաղալ:  

Մեգգիի ծնողները հիվանդանոց էին դիմել, քանի որ երեխան անդադար բողոքում էր գլխացավերից և ջղաձգումներից: Հետազոտության արդյունքում վարակ էր հայտնաբերվել՝ միկոպլազման: Արդյունքում աղջիկը հայտնվեց կոմայի մեջ:

«Նրա աչքերը կարծես թե դատարկ լինեին, նա չէր խոսում և ուտում, սակայն հենց մենք նրան գնդակ էինք տալիս, նա ուշքի էր գալիս՝ նետում կատարելու համար»,- հիշում է Մեգգիի մայրը: Մկանների ատրոֆիայից խուսափելու համար հիվանդանոցի բուժքույրերն ամեն ժամը մեկ պետք է հատուկ պրոցեդուրաներ անցկացնեին:

Մասնագետների կարծիքով, այս անոմալիայի բացատրությունը կարող է լինել շարժումների ավտոմատությունը, որն աղջիկը ձեռք էր բերել երկար տարիների ընթացքում: Երրորդ դասարանից սկսած Մեգգին օրական 500 նետում էր կատարում: Այս ռեֆլեքսն ամրապնդվել էր ուղեղի հստակ հատվածում, որը չէր վնասվել վարակի արդյունքում (մինչ այդ նյարդային հանգույցներն ուրիշ հատվածներում լիովին քայքայված էին):  

Ապաքինվելուց հետո Մեգգին ստիպված էր ամեն ինչ կրկին սկսել: Վերականգնողական կենտրոնում նա սովորում էր մատիտ բռնել, խոսել, ուտել և քայլել: Սակայն, նույնիսկ հիմա լիարժեք ապաքինման ոչ մի երաշխիք չկա:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Մեգգին վերադարձավ բասկետբոլային թիմ: Նրա մայրիկի խոսքերով, հենց սպորտային հոգին օգնեց աղջկան առողջանալ:

Հիմա աղջիկը պատրաստվում է ընդունվել համալսարան և դառնալ ուսուցչուհի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել