Tert.am-ը գրում է.

Վրաստանի ընդդիմությունը երկրի իշխանություններից պահանջում է ադեկվատ արձագանք տալ «Ռուսաստանի հերթական սադրանքին», որը տեղի է ունեցել Սոչիի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ընթացքում, գրում է Независимая газета-ի հոդվածագիր Յուրի Ռոքսը։

Վրացի ընդդիմադիրների կարծիքով՝ Ռուսաստանը հավաքականների շքերթի ընթացքում միտումնավոր անտեսել է Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Ընդդիմությունը պահանջում է, որ իշխանությունները պաշտոնական մակարդակով հրավիրեն ՄԱԿ-ի, Միջազգային օլիմպիական կոմիտեի և միջազգային ատյանների ուշադրությունը։

Վրացական ընդդիմությանը և հասարակության մի մասին մի շարք հանգամանքներ զայրացրել են։ Օրինակ՝ նախկին նախագահ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները դժգոհ են, որ Թբիլիսիի թուլությունից օգտվելով՝  Մոսկվան Օլիմպիական խաղերի բացմանը ողջ աշխարհին ներկայացրեց Վրաստանի պատկերն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Հիշեցնենք, որ շքերթի ժամանակ պատվիրակությունների մուտքին նախորդում էր տվյալ երկրի տարածքի ցուցադրությունը՝ տիեզերքից արված պատկերներով։

Վրաստանի ցուցադրության ժամանակ դրա վերահսկողությունից դուրս մնացած ինքնավար շրջաններն ամպերով են ծածկվել։

«Հնարավոր է՝ դա պատահականություն էր, քանի որ ամպերը, որպես կանոն, ապրում են իրենց ապաքաղաքական կանոններով։ Սակայն կուսակցությունը վստահ է, որ այդ դեպքում ամպերը ոչ թե բնական, այլ քաղաքական ծագում ունեին»,-գրում է հոդվածագիրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել