1in.am-ը գրում է.
Ժնևում բանակցությունների գլխավոր թեման կլինի Սիրիայում կառավարական անցումային մարմնի ստեղծումը և իշխանությունների գործողությունները քաղաքացիների հանդեպ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Լուայ Սաֆին:
«Այսօր մենք հանդիպեցինք Լախդար Բրահիմիի հետ և քննարկեցինք երկու թեմաներ` Սիրիայում իշխանության փոխանցման գործընթացը և իշխանությունների կողմից խաղաղ բնակչության հանդեպ կիրառվող բռնությունը: Մենք Բրահիմիին հայտարարեցինք, որ ցանկանում ենք այդ բռնության ավարտ»,- ասել է նա:
Սաֆիի խոսքերով՝ Բրահիմիի հետ հանդիպմանը քննարկվել են ավիահարվածները, որոնք Սիրիայի օդուժը հասցրել է Հալեպին: Ազգային կոալիցիան հայտարարել է, որ այդ գործողությունները ցույց են տալիս, որ Դամասկոսը պատրաստ չէ խաղաղ բանակցություններին:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին առաջիկա 2-3 օրերին նախատեսում է Ժնևում առանձին-առանձին հանդիպել Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ, կողմերի ուղիղ բանակցություններ առայժմ չեն նախատեսվում: Բրահիմին հույս է հայտնել, որ առաջիկա օրերին բանակցություններում տիրող մթնոլորտը կդառնա ավելի բարենպաստ:



