
Այսուհետ մոռացեք արյան հետազոտության կամ էլ քրոնիկ հիվանդությունների համար դեղորայքն ընդունելու համար ամեն տեսակ ներարկիչների ու անհարմարությունների մասին: Շվեյցարացի հետազոտողներն արյան հետազոտության սարք են ստեղծել, որը տեղադրվում է մաշկի տակ: Չնայած այս սարքը հանրությանը ներկայացվել է 2013թ.-ի մարտին, այնուամենայնիվ, նմանատիպ սարքավորումները ավելի վաղ են փորձարկվել: Նանոտեխնոլոգիաներով աշխատող այս սարքը բրնձի հատիկից էլ ավելի փոքրիկ է ու կարողանում է մանրամասնորեն ուսումնասիրել ու հետազոտել արյան բաղադրիչները ու արդյունքներն ուղարկել ինչպես տիրոջ հեռախոսին, ինչպես էլ հետազոտող բժշկի հատուկ սարքին: Այն աշխատում է սենսորային միկրոչիպի տեխնոլոգիայով, որը տեղադրվում է հենց մաշկի տակ՝ հյուսվածքների արանքում: Այս չիպն աշխատում է լիթիումի մարտկոցներով: Տեղադրված լինելով մաշկի տակ՝ սարքը շփվում է մարմնի հյուսվածքային հեղուկների հետ, որոնց բաղադրությունը հաշվարկելով, այս ամբողջ ինֆորմացիան ուղարկում է դրսի հատուկ սարքերին` այդ թվում, ինչպես նշվեց, նաև տիրոջ հեռախոսին: Գիտնականները նշում են, որ այս սարքը հետագայում կարող է տեղադրվել ինչպես ձեռքի, այնպես էլ ոտքի մեջ: Ներդիր չիպն աշխատում է յոթ սենսորով, որոնք ամեն տասը րոպեն մեկ հետազոտում են արյունը, իսկ այս գործընթացը կոչվում է շարունակական մոնիթորինգ: Ստացած ամբողջ ինֆորմացիան ռադիոհաղորդման միջոցով ուղարկվում է բժշկի կամ հիվանդի ձեռքի սարքին, ինչպես, օրինակ, iPad-ին: Սարքը հաջողությամբ փորձարկվել է, երբ հետազոտել է արյան սպիտակուցներն ու օրգանական թթուները` ցույց տալով, որ այս սարքի հետազոտությունը նույնքան ճշգրիտ արդյունքներ է ցույց տալիս, որքան որ ավանդական լաբորատորիայում արյան հետազոտությունը: Սարքը հրաշալի միջոց է շաքարախտով հիվանդների՝ արյան մեջ շաքարի պարբերական ստուգման համար, ավելի է հեշտացնում հիվանդների՝ իրենց առողջությանը հետևելը ու դեղորայքը ճիշտ ժամանակին ընդունելը: Այս միկրոչիպերը արտադրողը «PositiveID» (նախկինում` «VeriChip») կորպորացիան է: Նախորդ տարի հոկտեմբերին ԱՄՆ-ի Սննդի ու դեղորայքի գործակալությունը հաստատել է սրա օգտագործումը մարդկանց կողմից, ինչը նշանակում է, որ սա միակ իմպլանտ չիպերներն են իրենց տեսակի մեջ, որոնք թույլատրվում են կրել մարդկանց: Նշվում է, որ այս սարքը կօգտագործվի բացառապես բժշկական նպատակներով ու հիվանդների առողջական վիճակը հսկելու համար: Ընդհանուր առմամբ չիպը տեղադրելու համար ընդամենը 20 րոպե է պահանջվում, իսկ տեղադրումը կատարվում է հատուկ ներարկիչի օգնությամբ:
Չիպերն ունեն հատուկ անհատական կոդեր, որոնց միջոցով բժիշկները կարող են հեշտությամբ ու միանգամից ծանոթանալ հիվանդների առողջական տվյալների ամբողջական բազայի հետ, ինչը մինչ այս պահվում էր թղթապանակներով: Այսպես, օրինակ անգիտակից հիվանդին բուժելու համար անծանոթ բժիշկը կարող է հեշտությամբ տեղեկություններ ստանալ հիվանդի առողջական վիճակի, ինչպես նաև հնարավոր ալերգիաների մասին, ու արագ ու արդյունավետ բուժօգնություն ցույց տալ: Պետք է նշել, որ այսպիսի իմպլանտներ արդեն երկար ժամանակ օգտագործվում է տնային կենդանիների համար, ինչը թույլ է տալիս դրանց տերերին հեշտությամբ գտնել իրենց կորած կենդանուն: Այս հանգամանքը թույլ է տալիս շատ մասնագետների անհանգստանալ, որ նույն նպատակով կարելի է օգտագործել նաև այս բժշկական իմպլանտները մարդկանց համար` ամենուր հետևելով նրանց տեղաշարժին: Ինչևէ, ասվում է, որ մինչ այս սարքը կրելը դեռևս անհատական ցանկությամբ է կատարվում, այնուամենայնիվ, սրանք կարող են մասսայաբար օգտագործվել որոշ վայրերում աշխատող մարդկանց համար, ինչպես օրինակ, միջուկային էլեկտրակայանների աշխատակիցներն են` նրանց առողջական վիճակին հետևելու համար: Ինչպես նաև անվտանգության համակարգման վայրերում աշխատակիցներին շինության մեջ հսկելու և հետևելու համար: Նշենք նաև, որ մեքսիկական «Solusat» ընկերությունը Մեքսիկա է ներկրում «PositiveID»-ի կողմից արտադրված իմպլանտները (VeriKid), որոնք տեղադրվում են Մեքսիկայում ապրող երեխաների ձեռքերի մեջ, ծնողների համաձայնությամբ` երեխաների գտնվելու վայրը հսկելու համար (Մեքսիկայում շատ են երեխաների առևանգումների թիվը, չիպերը հեշտացնում են ոստիկանության աշխատանքը՝ առևանգված երեխաներին գտնելու համար): Սարքի բժշկական ծառայությունից օգտվելու համար մեքսիկացիները պետք է վճարեն 200 դոլար, ինչպես նաև տարեկան 50 դոլար՝ անձնական տվյալների բազան համակարգելու համար, իսկ ձեռքի սքանավորման սարքն արժե 1200 դոլար: Չի բացառվում, որ հետագայում այս սարքը կարող է լիովին փոխարինել մարդու անձնական փաստաթղթերին, կրեդիտ քարտերին, էլեկտրոնային տոմսերին և այլն: