Life.panorama.am-ը գրում է.
Էդգար Էլբակյանի անվան և Կամերային թատրոնների բեմերում հանդես եկող դերասանուհի Լիլի Էլբակյանը, չնայած երիտասարդ տարիքին, հանդես է գալիս նաև որպես ռեժիսոր, բեմադրիչ, ինչպես նաև դասախոսում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում: Լիլի Էլբակյանը Life.panorama.am-ի զրույցումխոսեց թատրոնի և կինոյի մասին, անդրադարձավ անձնական կյանքին և պատմեց իրամենանվիրական ցանկության մասին:
-Ո՞վ է այսօրվա թատրոնի այցելուն`երիտասա՞րդը, թոշակառու՞ն, հոգին լցնել ցանկացո՞ղը, թե՞ պարզապես հետաքրքիր ժամանց ապահովելուն ձգտողը:
-Այսօր թատրոնը դարձել է ինֆորմացիա ստանալու միջոց, «Ֆեյսբուքի» նման մի բան: Գալիս են այն մարդիկ, ովքեր ոչ թե ուզում են տեսնել, ասենք, Համլետի այս կամ այն մեկնաբանությունը, այլ թատրոնի միջոցով իմանալ Համլետի մասին. չէ՞ որ դա ավելի հեշտ է, քան կարդալը: Բայց կա նաև մի փոքրամասնություն, որը գալիս է հոգու համար, չնայած, նույնիսկ այդ մարդիկ չեն ուզում իրենց նեղություն տալ և մեկ ժամից ավել ներկայացում դիտել. դա արդեն դարի խնդիր է, թատրոնինը չէ. մենք այնքան ենք սովորել մատչելիության, որ դեգրադացվել ենք:
-Վերջին հանգամանքը ավելի շատ վերաբերում է երիտասարդների՞ն. ասում են`այսօր նրանք քիչ են այցելում թատրոն. ի՞նչ կասեք:
-Երիտասարդները գնում են այնտեղ, որտեղ կա երիտասարդական մտածողություն: Ես կարծում եմ, որ նրանց մեղադրելու փոխարեն պետք է մեղադրել թատրոնին. այն բոլոր ժամանակներում պետք է մնա երիտասարդ: Եթե մեկը դիտում է, ասենք, «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմը, որտեղ խաղում է գեղեցկուհի Ջուլիետը, և այցելում է թատրոն ու տեսնում քառասուն տարեկան Ջուլիետին, որը, բացի տգեղ լինելուց, նաև շատ հին ձևով է խաղում, այդքանից հետո երիտասարդն այլևս երբեք չի ցանկանա մտնել թատրոն: Համենայնդեպս, մեր թատրոնի լավագույն հանդիսատեսը երիտասարդներն են և նաև` ամենածերերը:

-Հայ հանդիսատեսը բո՞ւռն է էմոցիաներն արտահայտելու, արձագանքելու հարցում, թեկուզ` ծափահարելիս:
- Մենք և, օրինակ, իտալացիները էմոցիոնալ ենք և տաքարյուն. դա, երևի, և´ թերություն է, և´ առավելություն: Ինձ թվում է, որ մեր հանդիսատեսը ամենալավը դա է անում, երբեմն, նույնիսկ, անտեղի:
-Ամենաշատը ինչի՞ կարիք ունի թատրոնի երիտասարդ դերասանը (թե´ նյութական, թե´ հոգևոր կարիք):
-Դերասանը, և ընդհանրապես մարդը, ամենաշատը ունի սիրո, դրանից հետո` իր շնորհքի մեջ գնահատված և ռեալիզացված լինելու կարիք, իսկ նյութական շատ կարիքներ ունի` սկսած աշխատավարձից` վերջացրած լավ դերով:
-Դուք, դերասանուհի լինելուց բացի, նաև բեմադրիչ եք. ո՞ր թեմաներն են թատրոնում «ամենապահանջվածը». թատրոնի համար նման հասկացություն գոյություն ունի՞:
-Ես ավարտել եմ ռեժիսուրայի բաժինը, ինքս ռեժիսոր եմ աշխատում թատրոնում և ամենադժվար հարցն այսօր համարում եմ թեմա, ասելիք ունենալը: Ես կարդում եմ ժամանակակից հետաքրքիր դիալոգներով գրված պիեսներ, բայց չեմ ուզում դրանք բեմադրել, որովհետև «մասինը» չկա. կամ սեքսն է, կամ, լավագույն դեպքում, փողն ու հաճույքը:
-Արվեստն իր անսահմանությամբ, և հոգևոր կյանքը` որոշակի սահմանափակումներով, միմյանց խոչընդոտ չե՞ն:
-Մի հրաշալի խոսք կա Աստվածաշնչում. «Ես ազատ եմ մեղք չգործելու». դա իմ կյանքի սկզբունքն է: Ընկերներս դեռ ուսանող ժամանակ ինձ ազատ թռչուն էին ասում, որովհետև ես ատում եմ, երբ ինձ սահմանափակում են որևէ հարցում: Այլ բան է ցենզուրան, և այլ բան` զսպվածությունն ու ժուժկալությունը, երբ ես ստեղծագործում եմ, ես չեմ վախենում, օրինակ, բեմում համբուրվելուց, որովհետև դա ընկալում եմ որպես աշխատանք և դիմացինիս ինձ եղբայր եմ ընդունում: Իսկ երբ դու քո գործին այդպես ես վերաբերվում, ուրիշներն էլ սկսում են հարգել և ընկալել այն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



