Պարզվում է` աչքերը բուսական յուղ են սիրումDoctors.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, թե ինչպես բուսական յուղերի օգնությամբ կարելի է աչքի ցանցաթաղանթի կարևորագույն բջիջները պաշտպանել վնասումից:

Հետազոտությունն անցկացվել է Կանադայի Շերբրուկյան Համալսարանին կից Հերիաթրիայի ինստիտուտում: Պրոֆեսոր Խալիլի առաջնորդությամբ` հետազոտական խումբն ուսումնասիրել է ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելային բջիջների պաշտպանական հնարավորությունները: Դրանց վնասումը նկատվում է ռեթինոպաթիայի և տարիքային մակուլյար դեգեներացիայի ժամանակ: Այս երկու հիվանդությունները զարգացած երկրներում տարեց մարդկանց մոտ կուրության ամենահաճախ պատճառներն են, ուստի, այս գիտական աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի:

Կանադային գիտնականները պարզել են, որ վերը նշված բջիջների ինկուբացիան բուսական յուղի մեջ հանգեցնում է բջջային թաղանթների որոշակի բիոքիմիական և բիոֆիզիկական փոփոխությունների, ինչը երկարացնում է բջիջների կյանքը:

"Բջջաթաղանթի հոսողությունը, որը պայմանավորված է իր կազմի մեջ մտնող լիպիդների (յուղերի) որոշակի կպչունությամբ, բջջի նորմալ աշխատանքի ցուցանիշներից մեկն է",- բացատրում է Շերբրուկյան համալսարանի պրոֆեսոր բժիշկ Խալիլը: "Եթե թաղանթը դառնում է ոչ այնքան "ջրոտ", այն կորցնում է իր կարևորագույն հատկությունները, որովհետև կենսաբանական ակտիվ նյութերը` սպիտակուցները, ազդակային մոլեկուլները և այլն, չեն կարողանում նորմալ փոխազդել նրա հետ: Դա անկասկած բերում է բջջի վնասման: Այսպիսով, բջջաթաղանթի հեղուկ վիճակի վրա ազդելը թվում է ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելային բջիջների պաշտպանության շահավետ ռազմավարություն: Այդ բջիջների լիպիդային շերտի ամբողջականությունը առավել կարևոր է, քանի որ դրանք մասնակցում են լույսի անցկացմանը:”

Բուսայուղ պարունակող միջավայրում բջիջների ինկուբացիայի ժամանակ այդ յուղերը տեղավորվում են բջջային թաղանթում` ուժեղացնելով վերջինիս հոսքը: Գիտնականները եզրակացնում են, որ ձիթայուղի մեջ պարունակվող Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպթթուներով հագեցած սննդակարգը նվազեցնում է ռեթինոպաթիայի և ցանցաթաղանթի տարիքային դեգեներացիայի զարգացման հավանականությունը:

Դեղագետները նույնպես մտածելու տեղ ունեն. հավանաբար, բուսայուղերը կարելի է օգտագործել որպես աչքի նոր կաթիլների հիմք: Սակայն այդ հարցը դեռ ուսումնասիրության կարիք ունի:

Իսկ մինչ այդ մայոնեզը նետեք աղբամանը, և աղցանները պատրաստեք ձիթայուղով:

Այս հետազոտության արդյունքները տպագրվել են Canadian Journal of Physiology and Pharmacology ամսագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել