Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ.
5 Ռուս-բրիտանական պատերազմ՝ ռուս-ճապոնական պատերազմի պատճառով

Ռուս-բրիտանական հարաբերությունները մինչ խորհրդային տարիներին, հավանաբար, ամենալարվածը եղել են 1900-ականների սկզբին տեղի ունեցած ռուս-ճապոնական պատերազմի տարիներին: Հատկապես ուշագրավ էր Դոգգեր Բենքի միջադեպը, որի ժամանակ, երբ ռուսական Բալթյան նավատորմի նավերն անցնում էին Հյուսիսային ծովով՝ կրակ բացեցին տեսադաշտում հայտնված ռազմանավերի վրա՝ կարծելով, որ դրանք ճապոնական են, բայց պարզվեց, որ Արքայական նավատորմի նավեր էին: Բախման արդյունքում ռուսները խորտակեցին մեկ անգլիական նավ և սպանվեց 2 բրիտանացի նավաստի:
Միջադեպը կտրուկ լարեց Բրիտանական կայսրություն և ցարական Ռուսաստանի հարաբերությունները, և Բրիտանիան մեղադրեց Ռուսաստանին՝ պատերազմ հրահրելու մեջ: Միայն ցարի պաշտոնական ներողությունը և զոհվածների ընտանիքների հատկացված հարուստ փոխհատուցումը թույլ չտվեցին, որպեսզի երկու գերտերությունների միջև պատերազմ բռնկվի: Ինչ վերաբերում է ռուսական Բալթյան նավատորմին, ապա այն մի քանի ամիս անց իր ողջ կազմով գրեթե ամբողջովին ոչնչացվեց ճապոնական նավատորմի կողմից՝ Ցուշիմայի ծովամարտի ժամանակ:
4 Բեռլինում քիչ էր մնում սկսվեր 3-րդ աշխարհամարտը

Երկրորդ աշխարհամարտից հետո կենդանի մնացած բեռլինցիները արդեն սկսել էին վերակառուցել իրենց ավերված քաղաքը և հույս ունեին նոր կյանք սկսելու, երբ 1948 թվականին նոր սուր ճգնաժամ սկսվեց դաշնակիցների միջև, որ բերեց Բեռլինի շրջափակմանը, իսկ հետագայում՝ նաև սառը պատերազմի: Շրջափակումը կատարվեց Խորհրդային Միության կողմից՝ մեկուսացնելով դեպի դաշնակիցների սեկտորները եկող բոլոր երկաթուղիներն ու ավտոճանապարհները: ԽՍՀՄ-ը հույս ուներ այդ կերպով արտաքսել դաշնակիցներին Բեռլինից և այն ամբողջությամբ իր տիրապետության տակ վերցնել: Արդյունքում իրական վտանգ ստեղծվեց. այն փխրուն խաղաղությունը, որ դեռ պահպանվում էր Երկրորդ համաշխարհայինում միասին հաղթանակած տերությունների միջև, կարող էր կոտրվել, ինչն, անկասկած, կբերեր երրորդ աշխարհամարտի՝ միջուկային զենքի կիրառությամբ:
Բարեբախտաբար, նախագահ Թրումենի զորահրամանատարների մեծամասնությունը դեմ էր պատերազմին, ուստի որոշում ընդունվեց իրականացնելու պատմության ամենամասշտաբային օդային ճանապարհով մատակարարման օպերացիաներից մեկը: Արդյունքում 15 ամիսների ընթացքում հազարավոր ինքնաթիռներ Բեռլինում մեկուսացած շրջանների համար անդադար բերում էին ամեն անհրաժեշտ ապրանք, ուստի ԽՍՀՄ-ը հանեց շրջափակումը՝ տեսնելով, որ այն ցանկալի արդյունք չի տալիս:
3 Հնդկա-պակիստանական դիմակայություն

Պատմության ամենատևական ու ամենաթերագնահատված թշնամանքը Պակիստանի ու Հնդկաստանի միջև է: 1940-ականներից ի վեր այս երկու երկրները ունեցել են չորս իսկական պատերազմ և առնվազն 4 սրացում: Սակայն 2001-2002 թվականների սուր դիմակայության ֆոնին, որը սպառնում էր վերաճել միջուկային պատերազմի, այդ բոլոր պատերազմներն ու կոնֆլիկտները հետ մղվեցին 2-րդ պլան:
Ճգնաժամը սկսեց ճիշտ հոլիվուդյան ֆիլմի սցենարով. սկզբում՝ 2001 թվականի հոկտեմբերի 1-ին, պակիստանցի ահաբեկիչները հարձակում իրականացրեցին հնդկական խորհրդարանի վրա՝ սպանելով տասնյակ մարդկանց: Սա լցրեց Հնդկաստանի իշխանությունների համբերության բաժակը և հայտարարվեց զորակոչ, որի արդյունքում մոտ մեկ միլիոն մարդ զորակոչվեց բանակ: Միևնույն ժամանակ Հնդկաստանը սկսեց զորքերը կենտրոնացնել հնդկա-պակիստանյան սահմանի մոտ: Ի պատասխան, Պակիստանը ևս մի քանի հարյուր հազար մարդ զորակոչեց ու սկսեց զորքերը առաջացնել դեպի սահման: Սրան հետևեց 10 ամիս, որոնց ընթացքում երկու կողմերն էլ լարված սպասում էին, թե ինչ քայլերի կդիմի հակառակորդը, իսկ իրավիճակը էլ ավելի էր սրացնում այն հանգամանքը, որ երկու տերություններն էլ միջուկային զենք ունեն: Բանը հասավ նրան, որ Պակիստանը հայտարարեց, որ կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել թվով ու սպառազինությմաբ անգամներով գերազանցող հնդկական բանակին, եթե դրա անհրաժեշտությունը ծագի:
Բարեբախտաբար, Հնդկաստանը ավելի ողջամիտ գտնվեց ու որոշեց խուսափել արկածախնդրությունից՝ 2002 թվականի հոկտեմբերի 16-ին զորքերը հետ քաշելով սահմանից: Կարճ ժամանակ անց Պակիստանը արեց նույն ժեստը, սակայն այս երկու միջուկային տերությունների հարաբերությունները այդպես էլ չլավացան, իսկ 2008-ին եղավ նմանատիպ մեկ այլ դիմակայություն, որն ունեցավ նույն վերջաբանը:
2 Թայվանի նեղուցի առաջին և երկրորդ ճգնաժամերը, որոնք կարող էին վերաճել միջուկային պատերազմի

Ամերիկա-չինական հարաբերությունների անլուծելի թվացող խնդիրներից մեկը Թայվանի գոյության փաստն է: 1949 թվականից ի վեր, չին ազգայանականների կողմից գրավված այս կղզի-պետությունը կարողանում է պահպանել իր գոյատևությունը բացառապես ԱՄՆ-ի օգնությամբ: Ավելին, այս 55 տարվա ընթացքում Թայվանի պատճառով ԱՄՆ-ը և Չինաստանը առնվազն երկու անգամ միջուկային պատերազմի շեմին են եղել:
Առաջին նման սրացումը տեղի ունեցավ Թայվանի նեղուցի առաջին ճգնաժամի ժամանակ՝ 1954 թվականին, երբ կոմունիստական Չինաստանը ինտենսիվ հրետակոծություններ սկսեց քաղաքացիական պատերազմում պարտություն կրած չանկայշիստների վերջին ապաստանի նկատմամբ: ԱՄՆ-ը միանգամից սկսեց մոլորակի տարբեր ծայրերից իր զորամիավորումները մոտեցնել տարածաշրջանին և ուղղակիորեն սպառնաց, որ միջուկային հարված կհասցնի, եթե Չինաստանը չդադարեցնի հրետակոծությունները: Երկրորդ ճգնաժամի ժամանակ սցենարը գրեթե կրկնվեց, և Չինաստանը պայմանական պարտություն կրեց, որը, սակայն, խիստ կարճատև հետևանքներ ունեցավ, երբ Չինաստանը, հիասթափվելով ԽՍՀՄ-ի աջակցությունն ունենալու հույսից, սեփական միջուկային ծրագիրը ստեղծեց և կարճ ժամանակում սկսեց արտադրել սեփական միջուկային սպառազինությունը:
1 Երկրորդ աշխարհամարտը կարող էր սկսվել մեկ տարի ավելի վաղ

Պաշտոնական վարկածով ընդունված է համարել, որ Երկրորդ աշխարհամարտը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին՝ նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստան կատարած ներխուժումով: Այնուամենայնիվ, այս զարհուրելի պատերազմը կարող էր սկսվել դրանից դեռ մեկ տարի առաջ՝ Չեխոսլովակիան գրավելու նպատակով կազմված «Fall Grun» օպերացիայով: Սակայն այնպես ստացվեց, որ նացիստները օկուպացրեցին Չեխոսլովակիան գրեթե առանց որևէ դիմադրության, չնայած՝ դրանից ամիսներ առաջ, նման բան շատ քչերի մտքով կանցներ, իսկ բաց պատերազմի դեպքում դրա արդյունքներն անկանխատեսելի կլինեին:
Բանն այն է, որ Չեխոսլովակիան դաշնակցական կապեր ուներ Ֆրանսիայի, Անգլիայի, Լեհաստանի ու ԽՍՀՄ-ի հետ, և եթե բանը հասներ պատերազմին, ապա Գերմանիայի ճակատագիրը կորոշվեր նույն պահին՝ հենց այնտեղ, ինչն, անկասկած, գիտակցում էին Գերմանիայի առաջնորդներն ու զորավարները: 1938 թվականի օգոստոսի 4-ի կայացած գաղտնի հանդիպման ժամանակ գերմանական վերնախավի ներկայացուցիչներն անգամ որոշել էին ձերբակալել Հիտլերին, եթե նա հանկարծ Չեխոսլովակիա ներխուժելու հրաման տա այն դեպքում, եթե Անգլիան ու Ֆրանսիան հաստատեն, որ կներքաշվեն այդ պատերազմի մեջ:
Սակայն պատմությունն այլ ընթացք ունեցավ, և բրիտանացիներն ու ֆրանսիացիները որոշեցին խաղաղեցնել Հիտլերին՝ զոհելով Չեխոսլովակիան, իսկ Չեխոսլովակիայի իշխանություններն այնքան թույլ գտնվեցին, որ չհամարձակվեցին զենք բարձրացնել անգամ դեռևս նոր-նոր կայացող վերմախտի դեմ: Թե ինչպես դասավորվեց պատմությունը դրանից հետո, հիշում ենք բոլորս…



