Հունվարի 1-ից ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, ինչպես հիշում եք, լուրջ դժգոհություններ առաջացրեցին մեր հասարակության մի ստվար զանգվածում, մասնավորապես այն մարդկանց շրջանում, ովքեր ամեն տարի ստիպած են մեկնել արտագնա աշխատանքի: Հասարակության մեջ, ինչպես հիշում եք, դժգոհություն կար նաև կառավարության հանդեպ, քանի որ մեդիա դաշտի մի զգալի հատվածը մեղադրում էր մեր իշխանություններին անգործության մեջ՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Իշխանություններն էլ այդ դեպքերի շրջանակներում խոստացան կապվել իրենց ռուս գործընկերների հետ` փորձելով բանակցել մեր քաղաքացիների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ընդամենը երեկ մենք տեղեկացանք, որ այս հարցի հետ կապված ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ է գրել Ռուսաստանի իր գործընկերոջը` ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Իշխանությունների այս արձագանքը միանշանակ չընդունվեց մեր մեդիա դաշտի կողմից, և առաջ քաշվեց մի քանի ենթադրություն՝ դրա իրական դրդապատճառների վերաբերյալ:

Նախ սկսենք նրանից, թե կոնկերտ ինչ առաջարկ էր արել Բաղդասարյանը իր գործընկերոջը: Մարդն առաջարկել էր անհրաժեշտության դեպքում ստեղծել համատեղ աշխատանքային խումբ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդների, Արտաքին գործերի նախարարությունների և միգրացիոն մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ` առաջացած խնդիրները քննարկելու և փոխընդունելի լուծումներ գտնելու համար: 

Այսպիսով, եթե այն ժամանակ լրագրողները քննադատում էին իշխանությանը, երբ վերջինս ոչինչ չէր ձեռնարկում՝ լուծելու Հայաստանի համար լրջագույն վտանգ հանդիսացող խնդիրը, այժմ նրանք քննադատում են այն բանի համար, որ վերջինս փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից:

Շատերի կարծիքով իշխող էլիտայի նման կեցվածքը գալիս է ապացուցելու այն, որ նրանք ընդունում են իրենց ապաշնորհությունը երկրում առկա ծանր սոցիալական իրավիճակի ստեղծման առումով: Շատերը նույնիսկ հեռուն են գնում`ասելով, որ սրանով իշխանությունները փորձում են խուսափել դժգոհ մասսայի Հայաստանում կուտակվելուց, որը կարող է հանգեցնել հեղաշրջման և խաթարել «իշխող ռեժիմի» հարատևությունն ու կայունությունը մեր քաղաքական համակարգում: 

Ոմանք կարծում են նաև, որ այդ քաղաքականության համար կան միանգամայն օբյեկտիվ հանգամանքներ, ասել է թե, ոչ թե պետությունը մտածում է իր քաղաքացիների սոցիալական անվտանգության, կամ էլ երաշխավորման համար, այլև նման քայլերը պայմանավորված են նրանով, որ տվյալ միգրացիոն օրենքի պատճառով կարող է (միանշանակ) կրճատվեն երկիր մտնող տրանսֆերտները` հանգեցնելով գնողունակության անկում հասարակության շրջանում, որն էլ իր հերթին կխորացնի ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում: Մի խոսքով, կարծիքները տարբեր են, բայց բոլորն էլ քննադատական էլեմենտներով: 

Ես ինքս փորձում եմ այս խնդրին մի փոքր այլ տեսանկյունից նայել: Անկեղծ ասած, չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր պարզապես ինքնանպատակ քննադատում են ցանկացած քայլ: Ես կարծում եմ, իսկ ավելի շուտ ուզում եմ հավատալ, որ իշխանությունները փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից զուտ այն պատճառով, որ պատասխանատու են երկրի քաղաքացիների առջև, այլ ոչ թե որ դրանով կարող է և իրենց համար, պայմանականորեն ասած, լավ լինել: 

Տեսեք՝ անհասկանալի է նաև այն, որ կան մարդիկ, որ ասում են, թե իբր սրանով նրանք ընդունում են այն փաստը, որ երկրում առկա է ծանր սոցիալական վիճակ, և մարդիկ ստիպված են լքել երկիրը արտագնա աշխատանքի համար: Գիտեք՝ ինչ, կարծում եմ՝ դա մի երևույթ է, որ ոչ հերքելու ոչ էլ հաստատելու կարիք ունի: Դա այդպես է և վերջ: Բայց ի՞նչ անել նման իրավիճակում: Չփորձել արդյո՞ք ելք գնտել ստեղծված իրավիճակից: Ես այս ամենին նայում եմ հետևյալ կերպ (ուզում եմ նայել). կա խնդիր, լավ թե վատ օրից, որը լուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծել թե՛ մասնավորապես հայրենիքում ապրող ժողովրդի, թե՛ ընդհանրապես մեր պետության համար, իսկ իշխանությունների պարտքն ու պատասխանատվությունն է անել ամեն ինչ, որը կարող է մեղմել կամ էլ չեզոքացնել այդ խնդրի պատճառով առաջացած, կամ էլ առաջացող բացասական հետևանքները: Այսօրվա դրությամբ տեսնում ենք քայլեր... 

Ուզում եք համաձայնեք, ուզում եք` ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել