10 Չանկի
Չանկին աշխարհի հնագույն մարզաձևերից է, որով մարդիկ զբաղվել են ԱՄՆ-ի ներկայիս տարածքում: Այն ձևավորվել է Միսսիսիպիի բնակչության կողմից և տարածված է եղել Կահոկիա հինավուրց քաղաքում: Այս խաղը հաճախ խաղում էին թիմերով: Հստակ սահմանված չէր, թե յուրաքանչյուր թիմում քանի խաղացող պետք է լիներ: Խաղի սկզբում մասնակիցները մի փոքր քարե սկավառակ էին գլորում, այնուհետև հակառակորդ թիմերը նիզակներ էին նետում դեպի այն կողմ, որտեղ, ըստ նրանց, սկավառակը կընկներ:
Չանկին օգնել է համախմբել տարբեր ցեղախմբերի: Չանկիով զբաղվող ցեղերը հետագայում կազմեցին Մեզոամերիիկայի հյուսիսի ամենամեծ քաղաքակրթություններից մեկը: Ցեղերից յուրաքանչյուրը առանձնահատուկ կանոններ ուներ, սակայն խաղի ոգին անփոփոխ էր: Այս մարզաձևը բավականին լուրջ էր ընդունվում, և մարդիկ անգամ փողի վրա էին խաղում: Լինում էին դեպքեր, երբ մարդիկ ինքնասպանություն էին գործում իրենց ողջ ունեցվածքը չանկի խաղում տանուլ տալուց հետո:
9 Հյորլինգ
Հոկեյի և լյակրոսի խառնուրդ հիշոցնող այս խաղը աշխարհի հնագույն խաղերից է, որը մինչ այժմ էլ խաղում են: Այս խաղը սովորաբար խաղում են երկու թիմերով: Մասնակիցները օգտագործում են փայտիկ՝ սիլոտար կոչվող փոքրիկ գնդակը հակառակորդ թիմի դարպասը նետելու համար: Սա աշխարհի ամենաարագ մարզաձևերից է (գնդակի արագությունը հասնում է մինչև 145 կմ/ժամի): Մրցումի ժամանակ մասնակիցները հաճախ կապտուկներ են ստանում և արյունլվա լինում:
Այնուամենայնիվ, այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, ոչինչ է՝ համեմատած 3000 տարի առաջվա մրցումների հետ: Ժամանակին այս խաղը պատերազմ էր հիշեցնում: Հյորլինգը կարող էր օրեր տևել, և այնտեղ շատ քիչ կանոններ կային: Բացի այդ, հակառակորդ թիմերի անդամների թիվը հաճախ անցնում էր հարյուրից, ինչն էլ ավելի վայրագ էր դարձնում խաղը: Ասում են, որ Կելտերն են Իռլանդիա ներմուծել այս խաղը, և որ դիցաբանական կերպարները զբաղվել են այս սպորտաձևով դեռևս մ.թ.ա. 12-րդ դարում:
8 Պատո
Այս մարզաձևի անունը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «բադ»: Այս մարզաձևը հայտնի է նաև հորսբոլ անունով: Այն Արգենտինայի պաշտոնական սպորտն է: Պատոն պոլոյի և բասկետբոլի խառնուրդ է: Այս խաղը ստեղծվել է 1500-ականներին: Սկզբնական շրջանում գնդակին փոխարինում էր զամբյուղի մեջ դրված բադը: Խաղացողները հաղթանակի հասնելու համար հաճախ հարձակվում էին իրար վրա: Խաղացողների վայրագության պատճառը հիմնականում այն էր, որ հաղթողներին մեծ գումար էր բաժին հասնում:
Պատմության ընթացքում այս սպորտաձևը բազմիցս արգելվել է: Խաղի դաժան ու վայրագ բնույթի պատճառով անգամ մահվան դեպքեր են գրանցվել: 17-րդ դարում Հռոմի Կաթոլիկ եկեղեցին այնքան մտահոգված էր այս սպորտաձևի հետևանքներով, որ բանադրում էր դրանով զբաղվողներին: Դրա համար էլ մարդիկ գաղտնի էին պատո խաղում: Այս ծպտյալ վիճակը շարունակվեց մինչև 20-րդ դարը, իսկ 20-րդ դարում ամեն ինչ փոխվեց: Պատոյի սիրահարները արդեն կարողանում էին ազատորեն զբաղվել իրենց սիրած սպորտաձևով: Խաղի կանոնները փոխվեցին, և խաղն ավելի անվտանգ դարձավ: Բադիկին փոխարինելու եկավ կաշվե 6 բռնակով յուրահատուկ գնդակը:
7 Հե հոլուա
Այս վտանգավոր սպորտաձևը առաջացել է Հավայան կղզիներում մոտ 2000 տարի առաջ: «Հե հոլուա» հավայերենից թարգմանաբար նշանակում է «սերֆինգ սահնակներով»: Հե հոլուայով զբաղվող մարզիկները փայտից ու կոկոսի մանրաթելերից պատրաստված մեծ սահնակով բարձրանում էին հրաբխի մոտի վտանգավոր զառիթափ ճանապարհով: Դրա ամենաբարձր կետին հասնելուն պես մարզիկները ցած էին սահում կամ փորի վրա պառկած, կամ սերֆինգի տիպիկ դիրքով:
Այս սպորտաձևով զբաղվող մարզիկները շարժվում էին մինչև 80 կմ/ժամ արագությամբ: Այս կերպ մարզիկներն իրենց հարգանքի տուրքն էին մատուցում կրակի ու հրաբուխների աստվածուհի Պելեին: 19-րդ դարում քրիստոնյա միսիոներները վերջ դրեցին այս հե հոլուային՝ կարծելով, որ այն վտանգավոր սպորտաձև է և ժամանակի զուր վատնում է: Այնուամենայնիվ, վերջերս Հավայան կղզիների բնիկները կրկին սկսել են զբաղվել հե հոլուայով՝ փորձելով այս կերպ վերականգնել իրենց մշակութային ժառանգությունը:
6 Նաումաչիա
Այս սպորտաձևն այնքան հայտնի չէ, որքան գլադիատորական ճակատամարտերը, որոնք հռոմեացիների սպորտային աշխարհում հաճախակի էին տեղի ունենում: Նաումաչիան ցուցադրական ռազմածովային ճակատամարտ էր, որն անցկացվում էր դիտողների ամբոխի առջև: Կազմակերպիչներն իրար դեմ էին հանում դատապարտված հանցագործների: Նաումաչիան տեղի էր ունենում մարդակերտ ջրավազաններում, որոնք նախատեսված էին հատուկ ճակատամարտերի համար: Նաումաչիան առաջին անգամ տեղի է ունեցել մ.թ.ա. 46 թ.-ին: Այս տարօրինակ սպորտաձևի հիմնադիրը Հուլիոս Կեսարն է: Նա այսպիսի ճակատամարտի անցկացմամբ էր տոնում իր ռազմական նվաճումները:
Ջրավազանում առնվազն երկու նավ էր տեղադրվում, և նաումաչիայի մասնակիցները սկսում էին կռվել: Կռիվն ավարտվում էր միայն այն ժամանակ, երբ երկու պատերազմող թիմերից մեկի բոլոր անդամները սպանվում էին: Որոշ դեպքերում կռվից հետո ծովային կենդանիներ էին բերվում ջրավազան: Մեզ հայտնի ամենաբազմամարդ նաումաչիան կազմակերպվել է Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուսի կողմից՝ 52 թ.-ին: Նրա կազմակերպած նաումաչիային մասնակցում էր 19.000 մարդ: Նաումաչիայի համար օգտագործվել էր 100 նավ:
Շարունակելի...



