Այսօր առավոտյան մեր ռադիոալիքներից մեկով լսում էի վերջին լուրերը, ավարտին, երբ հաղորդվեց եղանակի տեսությունը, հանկարծ հնչեց. «Հայաստանի ամենատաք շրջանը ՋԱՎԱԽՔՆ է»։ Սա առաջին անգամը չէր, որ այդ դարձվածքը ունկնդրում էի։ Ակամայից մտածեցի՝ ո՞վ է այս արտառոցության հեղինակը։ Ո»վ է կրկին կյանքի կաթսայի շերեփն առած իր ձեռին, փորձում խառնել հարաբերությունների «հարիսան»։ Ո՞վ է շահագրգռված այս ամենով։ Չեմ կարծում, որ այսօր, երբ բազում խնդիրներ ունենք չլուծված, երբ Չեխիայում անորոշությունը հարց է բարձրացնում Հայաստանի նախագահի առաջ, թե «ինչով կբացարտեք, որ դուք՝ հայերդ, ձեր բոլոր հարևանների հետ խնդիրներ և պահանջքներ ունեք», այսինքն արդյոք խնդիրը, պրոբլեմը հենց դուք չեք ստեղծողը, և նախագահի պատասխանից հետո՝ «Հայաստանը Վրաստանի հետ որևէ խնդիր չունի», հանկարծ Ջավաքը հայտարարվում է Հայաստանի շրջաններից մեկը։ Ինչպես կոչենք այս արարքը՝ հայրենասիրությո՞ւն, թե հայրենադավություն։ Սա ազգասիրության հետ որևէ կապ չունեցող երևույթ է։ Երբ գտնվում ես վտանգի մեջ, յուրաքանչյուր շարժումդ, յուրաքանչյուր քայլդ պարտավոր ես կատարել լավ մտածված, այսինքն Քրիստոսի խոսքերով ասած, լինենք օձերի պես խորագետ, սակայն ոչ մակերեսին լողացող աղբի նման։ Երբ այստեղ, ստուդիայի փափուկ աթոռին նստած խոսում ենք նման հարցերի մասին, մտածո՞ւմ ենք արդյոք. թե այնտեղ՝ Ջավախքում ինչ կարող է պատահել մեր եղբայրների հետ։ Այս պարագային կարծում եմ՝ ոչ։ Չի կարելի ինչ-որ մեկի անձնական ամբիցիաներից մղված քայլ կատարել՝ առանց հեռուն նայելու։ Չեմ կարծում, որ սա բարոյական է։ Մտածեք վերջապես՝ ինչ եք ասում, խոսում կամ՝ գրում։ Կամ ում շահերին եք դրանք ծառայեցնում։
Վերասովորենք մեր պապերի հրաշալի ասացվածքը. «Հազար չափիր, մեկ կտրիր»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/350268655113986?stream_ref=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել