Ուկրաինայում տեղի ունեցող բախումները թերևս բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի (մասնավորապես ԵՄ-ի) միջև պայքար է, այսպես ասած, «հանուն» Ուկրաինայի: Այլ կերպ ասած, փորձ է արվում ԵՄ-ի կողմից ավելի խորացնել այն ուժային դիսբալանսը, որը կամաց-կամաց ձևավորվել է Սովետական Միության փլուզումից հետո: Տեղի ունեցող իրադարձությունների շրջանակներում պատահում է մի բան, որին այդքան էլ մեծ ուշադրություն կարծես չի դարձվում, բայց եթե այդ խնդիրը դիտարկենք ավելի լայն համատեքստում, ապա կհասկանանք, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի համար որոշակի ուղերձներ է հղում, և դա անում է շատ հստակ և տակտով: Խոսքը չի վերաբերում միայն Ուկրաինային, այլև մեկ այլ պետության, որը ևս ցանկություն է հայտնել ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիր: Խոսքը Մոլդովայի մասին է: Այժմ փորձենք միասին հասկանալ, թե ինչ է Ռուսաստանն ուզում իրականում հասկացնել և ինչ միջոցներով:


Սկսենք Ուկրաինայից: Հայտնի է, որ Ուկրաինայում կարծիքները կապված ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ, մեղմ ասած, կիսվում են: Ես նույնիսկ կասեի, որ երկրի մեծամասնությունը, մասնավորապես արևելյան-կենտրոնական մասը չի ցանկանում հարաբերություններ կառուցել ԵՄ-ի հետ Ռուսաստանի հաշվին, ասել է թե, նրանք նախընտրում են միանալ Մաքսային միությանը, քան զոհաբերեն իրենց հարաբերությունները ռուսների հետ` կնքելով ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր: 

Հիմա տեսեք, թե ռուսների ազդեցությունն Ուկրաինայում այնքան մեծ է, կամ էլ պոլիտկոռեկտ լինելու համար ասենք՝ ուկրաինացիների ցանկությունը ռուսների հետ հարաբերություններ զարգացնելու համար այնքան մեծ է, որ նրանց որոշ շրջաններ բացահայտ կերպով դիմում են Ռուսաստանին, որպեսզի վերջինս դառնա երկրի անվտանգության երաշխավոր և դուրս բերի Ուկրաինան ստեղծված իրավիճակից: Այս կապակցությամբ ասենք, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունն արդեն իսկ պլանավորում է պաշտոնապես դիմել Ռուսաստանին՝ հենց այս խնդրանքով: 

Այժմ եկեք անդրադառնանք այն հարցին, որի կապակցությամբ քիչ առաջ նշվեց, որ այն ըստ արժանվույն ուշադրության չի արժանանում: Խոսքն այն մասին է, որ ընդամենը մի քանի օր առաջ Մոլդովայի Գագաուզի ինքնավար մարզում, որտեղ չափազանց թույլ վերահսկողության է իրականացվում Քիշնևի կողմից, անցկացվել է հանրաքվե, որի ժամանակ բնակչության գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է հօգուտ Ռուսաստանի հետ հետագա մերձեցման, և ըստ այդմ որոշվել է, եթե Մոլդովան միանա Ռումինիային (իսկ այդպիսի հեռանկար գոյություն ունի), կամ էլ որևէ կերպ փորձի ինտեգրվել ԵՄ-ի հետ, Գագաուզիան կրկին կհռչակի իր անկախությունը Մոլդովայից և կմիանա Մաքսային միությանը: Քիշնևն արդեն հասցրել է որակել սա որպես սադրանք և անթույլատրելի, բայց ոչ մի կոնկրետ քայլ կառավարության կողմից չի ձեռնարկվել և մեծ հաշվով չի էլ կարող ձեռնարկվել:

Կարծում եմ, որ սա շատ հստակ ուղերձ է Ռուսաստանի կողմից, որ եթե ԵՄ-ն շարունակի միջամտել այդ երկրների ներքին գործերին՝ ներկայիս սպառնալիքների և այլ միջոցների տեսքով (օրինակ ԵՄ խորհրդարանը երեկ արդեն ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ-ի և միջազգային բոլոր կառույցներին պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների հանդեպ), ապա Ռուսաստանը ևս կօգտագործի իր բոլոր լծակները, որպեսզի կարողանա կանխել իր ազդեցության նվազումը տվյալ տարածքներում` ընդհուպ սադրելով քաղաքացիական պատերազմ բոլոր այն երկրներում, որտեղ դա հնարավոր է: 

Ի դեպ նշեմ, որ Մերձդնեսպրի իշխանությունները ևս դեմ են ԵՄ-ի հետ ինտեգրվելուն և պատրաստակամ են միանալ Մաքսայինին: Այնպես որ, Ուկրաինայի հարցը դեռ վերջնական չլուծված, Ռուսաստանն արդեն իսկ ուղերձ է հղում Մոլդովային, որ վերջինս պետք է լավ մտածի նման լուրջ քայլեր ձեռնարկելուց առաջ, այլապես կարող է կորցնել ևս մեկ շրջան՝ ի դեմս Գագաուզիայի: Եթե Մերձդնեսպրի կորստի հետ Մոլդովան քիչ թե շատ հաշտվել էր կամ էլ կարող էր հաշտվել, և շատերը դիտում էին դա որպես վճարած գին՝ հանուն ԵՄ-ի, ապա այս դեպքում կարելի է ասել, որ Ռուսաստանն այդ գինը բարձրացնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել