Մարդիկ շատ անգամ չեն հավատում ժողովրդավարությանն ու մարդասիրության անվան տակ տարվող քաղաքականությանը, որը շատ անգամ տարվում է գերտերությունների կողմից: Շատերը թերահավատորեն են մոտենում, շատերն անկեղծորեն հավատում են, որ գոյություն ունեն արժեքներ, որոնց համար մեծ տերությունները պայքարում են` ներդնելով ահռելի ռեսուրսներ, քանի որ ուժը նաև պատասխանատվություն է: Գիտեք ինչ, անձամբ ես, համակարծիք լինելով ռեալիստների տեսանկյունին, մշտապես կարծել եմ, որ պետությունները համագործակցում և գործում են այլ պետությունների հետ հարաբերություններում՝ բացառապես սեփական շահերի համատեքստում, ասել է թե, ոչ ոք չի պատրաստվում ներդրում անել հանուն ընդհանուրի, եթե այդ ներդրումն ուղղակիորեն չի բերելու կոնկրետ, կարճաժամկետ կամ էլ երկարաժամկետ օգուտներ՝ կոնկերտ պետությունների համար: Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը ավելի քան ամրապնդում է իմ համոզմունքները: Խոսքը վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի հեռախոսային զրույցին:
Այսպիսով youtube-ում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայեթը միասին քննարկում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Խոսակցության բուն թեման վերաբերում է Ուկրաինայում կազմավորվելիք հաջորդ իշխանությունների տարբեր սցենարները և, թե որ սցենարն է ամենից շատ բխում է ԱՄՆ պետական շահերից: Օրինակ, խոսակցության ընթացքում Նուլանդը ասում է, որ պետք է ազատվել «Ուդառ» կուսակցության առաջնորդ Կլիչկոյից և փորձել աշխատել «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկի հետ: Նուլանդը այդ խոսակցության ընթացքում անում է նաև մի քանի անընդունելի և վիրավորական արտահատություններ ԵՄ-ի հասցեին (Fuck EU)` քննադատելով վերջինիս պասիվությունը և ձեռնարկվելիք քայլերն՝ ուղղված ուկրաինական ընդդիմության աջակցությանը:
Ըստ որոշ ամերիկացի պաշտոնյաների՝ սրա ետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները, քանի որ առաջին անգամ այս նյութն իբր հայտնվել է ՌԴ վարչապետի առաջին տեղակալ Ռագոզինի օգնական Դմիտրի Լասկուտովի Twitter-յան էջում: Սրան ի պատասխան, սակայն, Լասկուտովն ասել է, որ նա սա տեղադրել է շատ ավելի ուշ, քան այն հայտնվել է համացանցում: Իսկ երբ Լասկուտվը տեղադրել է այդ տեսանյութը, սրան հետևել է դեսպան Պայեթի պատասխան թվիթը, որտեղ ասվում է հետևյալը՝ «վայելում ենք Դիմայի թվիթը Կիևում», և պատկերված է նկար, թե ինչպես են ընդդիմության երեք առաջնորդները՝ Նուլանդի և դեսպանի հետ պլանշետով ինչ-որ բան դիտում (լուսանկարում դա պատկերված չէ): Սրանով երևի դեսպանը փորձել է մեղմել իրավիճակը, թե իբր այս ամենը ծրագրավորված է եղել:
Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ պետքարտուղարությունն անմիջապես անդրադարձել է այս հարցին` ասելով, որ Նուլանդը խոսել է իր եվրոպացի գործընկերների հետ, և ներողություն խնդրել պատահածի համար: Ինչ վերաբերում է տեսանյութի իսկությանը վերաբերող հարցին՝ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին պատասխան էլ հետևյալ կերպ. «Մենք չենք մեկնաբանում մեր պաշտոնյաների մասնավոր խոսակցությունները, և այդ մասնավոր խոսակցությունը և կարծիքը չի կարող դիտվել որպես պաշտոնական դիրքորոշում»:
Գիտեք ինչ, ախր հարցն այստեղ այն չէ, թե ինչպես արձանգանքեցին պետդեպում, կամ էլ սա պաշտոնական խոսակցություն է, թե մասնավոր, և թե ով էր, ի վերջո, այս ամենի ետևում կանգնած ռուսական հատուկ ծառայությունները, թե Հռոմի պապը: Այստեղ կարևորն այն է, որ փաստացի տեղի է ունեցել խոսակցություն, որտեղ երրորդ երկրի պաշտոնյաները բառի բուն իմաստով խոսում են հեղաշրջման մասին: Սա մի բան է, որը ևս մեկ անգամ վերահաստատում է այն թեզը, որ Սառը պատերազմը որպես այդպիսին շարունակվում է և առկա է հստակ պայքար՝ ազդեցության գոտիներ և ուժային վերաձևավորումների հարցում: Մյուս կողմից սա նաև ցույց է տալիս, թե ով է Ուկրաինան առ այժմ վերահսկում՝ ռուսնե՞րը, թե Արևմուտքը:
Փաստորեն ռուսները: