Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստը: Այն առաջինն էր Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին զարգացումներից հետո: ԱԺ-ի խորհրդարանական պատվիրակությունը հնարավորություն ունեցավ նաև կարծիքներ փոխանակել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: 

Մեկ հանգամանք մտահոգիչ է՝ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումները առնվազն եվրախորհրդարանականների մեծամասնության համար մնում է չհասկացված: Ակնհայտ է նաև, գոնե իմ տպավորությամբ, որ այդ մեծամասնությունը հակված չէ փաստարկված երկխոսության և առաջնորդվում է իրավիճակային նախապաշարմունքներով: Այստեղ մեծ ու ժամանակատար աշխատանքի անհրաժեշտություն կա: 

Առավել մտահոգիչ է հանգամանքը, որ որոշ եվրախորհրդարանականներ կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումների վերաբերյալ իրենց դժգոհության արտահայտման լավագույն միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առավել կոշտ, իրականում՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը որևէ կերպ չնպաստող, եթե ոչ՝ ուղղակիորեն վնասող, մոտեցումների կիրառումը: 

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքները սովորաբար ավարտվում են եզրափակիչ հայտարարության ընդունմամբ, որտեղ ամրագրվում է Եվրախորհրդարանի և ՀՀ ԱԺ-ի ընդհանրական մոտեցումները քննարկվված օրակարգային հարցերի վերաբերյալ՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ և տարածաշրջանային խնդիրներ: 

Ցավով պետք է արձանագրեմ, որ այս տարի հնարավոր չեղավ ընդունել նման համատեղ փաստաթուղթ: Որքան էլ տարօրինակ թվա, պատճառը ոչ թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների, տեղի ունեցածի կամ ապագա հեռանկարների վերաբերյալ երկու կողմերիս տեսակետները համադրելու ու թղթին հանձնելու անհնարինությունն էր, ինչը հեշտությամբ արվեց, այլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Եվրոխորհրդարանի մեր գործընկերների կողմից ներկայացված, ըստ էության՝ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումները և խորհրդարանական նույն ձևաչափով անցյալում (2012) ընդունված համանման փաստաթղթերի տրամաբանությունն ու բառապաշարը էապես շրջանցող, հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելու արատավոր սովորույթը շարունակող և որևէ կերպ փաստացի չհիմնավորվող առաջարկությունները, ինչպես նաև՝ բանակցությունների միջոցով փոխընդունելի ձևակերպումներ գտնելու մեր ցանկության մերժումը: 

Ցանկանում եմ տեղեկացնել, որ նման մոտեցումը ինձ համար, որպես հայակական պատվիրակության ղեկավար, համարել եմ անընդունելի և բացառել եմ որևէ համատեղ փաստաթղթի ընդունումը, ինչին, մինչև նիստի վերջին րոպեն միտված է եղել հայկական ողջ պատվիրակության գործունեությունը, որտեղ ՀՀ ԱԺ-ի անունից կարող են տեղ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ձևակերպումներ, որոնք չեն արտացոլում իրականությունը և չեն բխում ՀՀ-ի և ԼՂՀ-ի շահերից: 

Հաշվի առնելով խնդրո առարկայի շուրջ հասարակական հնարավոր լայն հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ Երևան վերադարձից հետո հայկական պատվիրակությունը կհրավիրի մամլո ասուլիս և առավել մանրամասն ու առարկայորեն կներկայացնի ԽՀՀ-ի 14-րդ նիստի արդյունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել