1in.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել հետագա աշխատանքներում:
Նշելով, որ երկու բարեկամ պետությունների միջև բոլոր ուղղություններով համագործակցության համար ամուր հիմքեր են ստեղծված` փոխվարչապետը հատկապես անդրադարձավ ապակենտրոնացված մակարդակով գործակցության զարգացման հեռանկարներին:
Արձանագրվել է, որ հատկապես վերջին տարիներին այս ձևաչափով փոխգործակցությունն ակտիվացել է, հաստատվել են նոր կապեր գործընկեր քաղաքների միջև. միայն 2012թ. Հայաստանի հինգ քաղաքներ գործընկերության համաձայնագրեր են կնքել ռումինական քաղաքների հետ, առաջիկայում նախատեսվում է , որ այդ շարքը կհամալրվի:
Փոխվարչապետի գնահատմամբ` երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը զարգացման լուրջ ներուժ ունի և կարող է էապես նպաստել առևտրատնտեսական կապերի խորացմանը:
Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը` աջակցելու համար երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանն ուղղված բոլոր ծրագրերին:
Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը նաև տեղեկություններ է ներկայացրել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ոլորտներում նախատեսվող բարեփոխումների մասին:



