Այսօր ամբողջ աշխարհը կենտրոնացած է Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վրա: Արևմուտքը խոսում է Արաբական գարնան անշրջելիության մասին, խոսում է այն մասին, թե ինչպես է Հյուսիսային Աֆրիկան և Միջին Արևելքը ազատվում բռնապետներից` ընտրելով ժողովրդավարության ուղին: Առայսօր քարոզվում է նաև այն, որ ՆԱՏՕ-ի ներխուժումը Լիբիա «Պաշտպանելու պարտավորություն» նորմի (R2P) կիրառման փայլուն և հաջողված օրինակ էր, և դա պետք է կրկնել նաև Սիրիայում: Գիտեք՝ ինչ շատ այլ բաներ ևս կարելի է թվել, թե ինչ է ասում Արևմուտքը, սակայն, կարծում եմ, կարելի է նաև օբյեկտիվորեն հետևել փաստերին և հասկանալ, թե կոնկրետ հենց Լիբիան իրականում ի՞նչ շահեց Արաբական գարունից, ի՞նչ տվեց կամ դեռ կտա Քադդաֆիի` իշխանությունից հեռանալը և արդյո՞ք ժողովրդավարության համար պայքարող լիբիացի ապստամբները այսօր կարողանում են երկիրը ղեկավարել հենց այս սկզբունքների հիման վրա: Մեր օրերում այն միջազգային մամուլը, որը րոպե առ րոպե լուսաբանում էր Լիբիայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, այլևս կենտրոնացած է Սիրիայի վրա: Արդյունքում, թերևս, շատերն աշխարհում չեն էլ պատկերացնում, թե այժմ ինչ է կատարվում այդ երկրում: Բանն այն է, որ Քադդաֆիի անկումից հետո Լիբիան գեթ մեկ օր անգամ հանգիստ չի ունեցել: Դրա համար կա երեք պատճառ` 1. Քադդաֆիի դեմ միավորված գրոհայինների մի մասը, չկարողանալով լեզու գտնել, այսպես կոչված անցումային կառավարության հետ, այլևս պայքարում է իր նախկին դաշնակիցների դեմ` իշխանության և բնական պաշարների շահագործման համար: 2. Ծայրահեղ-իսլամիստական գրոհայինները պայքարում են թե´ իշխանությունների, թե´ մնացած բոլոր կողմերի դեմ` փորձելով հաստատել Շարիաթի օրենքների հիման վրա պետություն: 3. Երկրում առաջացած քաոսի արդյունքում այնտեղ բնակվող բազմաթիվ ցեղախմբեր ոտքի են կանգնել և պայքարում են իրենց իրավունքների համար՝ բոլոր հնարավոր միջոցներով: Այլ կերպ ասած, հիմնական հակամարտող կողմերն են Լիբիայի ազգային-ազատագրական բանակը (կառավարություն), Կանաչ դիմակայությունը (տարբեր ցեղախմբեր, որոնց ընդունված է ասել «Քադդաֆիի կողմնակցներ»), և Իսլամիստներ (Անսար ալ Շարիա-ի զորամիավորումներ): Այսօրվա դրությամբ Լիբիայի գրեթե ամբողջ հարավը և երկրի խոշոր քաղաքներից մեկը` Բանի Վալիդը, Կանաչ դիմակայության վերահսկողության ներքո է: Այլ կերպ ասած, ստեղծվել է դե ֆակտո անկախ միավորում, իսկ Լիբիայի ամբողջ արևելյան շրջանը (Cyrenaica), որտեղ գտնվում են երկրի հիմնական նավթային դաշտերը, դեռ նախորդ տարվա հոկտեմբերից ղեկավարում է Լիբիայի վերջին թագավոր Իդրիսի բարեկամներից մեկը`Ահմեդ ալ Սենուսին, Սենուսի ցեղախմբի առաջնորդներից մեկը և, կարելի է ասել, որ այդ շրջանը ևս դե ֆակտո անկախ է: Ինչ վերաբերում է հյուսիսարևելյան մայրաքաղաք Տրիպոլիին, որն իբր կառավարության վերահսկողության ներքո է, հայտնվել է չափազանց անկայուն վիճակում` վերածվելով ահաբեկչական հարձակումների թիրախի: Սա պարզապես այն մակերեսային և ընդհանուր պատկերն էր այն մասին, թե ինչ է այժմ կատարվում Լիբիայում: Մարդկանց անվտանգությունն ապահովող ոչ մի երաշխավոր ուժ այժմ գոյություն չունի: Խոսքն, ի դեպ, և՛ ֆիզիկական, և՛ նյութական երաշխիքների մասին է: Օրինակ, նավթի արդյունահանումը, որը հանդիսանում էր և այժմ էլ հանդիսանում է Լիբիայի տնտեսության ողնաշարը, այժմ նվազել է ավելի քան տասն անգամ՝ հասնելով օրական շուրջ 160.000 բարելի, որը 1,4 մլն էր հեղափոխությունից առաջ: Թերևս միայն այս վիճակագրությունը բավական է պատկերացնելու ներկայիս քաոսը, որը տիրում է Լիբիայում: Հիմա հարց է առաջանում. արդյո՞ք տվյալ հեղափոխությունը հաջողված էր, եթե այո, ապա ո՞ւմ համար և, ի վերջո, ճիշտ էր արդյո՞ք արտաքին միջամտությունը և այդ ժողովրդավարության քարոզն այն դեպքում, երբ այն օբյեկտիվորեն ընկալելի չէ, կամ էլ անարդյունավետ է որոշ երկրների, իսկ այս դեպքում հենց Լիբիայի համար: Փաստը մնում է փաստ, որ բացի բռնությունից և անկայունությունից, Արաբական գարունը լիբիացիներին ոչինչ չտվեց: Հուսով եմ, որ այս ձախողումը պետք է դաս լինի արևմտյան տերությունների համար, որ քթներն ամեն տեղ չմտցնեն և փոթորկեն ամբողջական տարածաշրջաններ: Ես ասում եմ դաս, միամտորեն ընդունելով, որ Արևմուտքն անկեղծորեն փորձել է տարածել համամարդկային արժեքներ՝ հանուն մարդասիրության և քաղաքակրթության, սակայն այլ բան է, որ Արևմուտքը կարող է և սա հաշվարկած լինել` փորձելով ձուկ որսալ պղտոր ջրում, ասել է թե, բաժանելով և թուլացնելով տարածաշրջանը, դարձնել այն խոցելի և վերահսկելի: Կար ժամանակ, երբ մեր շրջանում որոշ մարդիկ հիացմունքով էին նայում Քադդաֆիի անկմանը և մտովի, երբեմն էլ բարձրաձայն, երազում էին նմանատիպ հեղափոխության մասին: Ի՞նչ եք կարծում, արժե՞ր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել