Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ բազմաթիվ, իսկ ես կասեի միլիոնավոր մարդկանց համար հաց ու ջրի կարևորություն ունեցող Ռուսաստանի նոր միգրացիոն օրենքը: Կարճ ասած, այս պայմաններում խստացվում են անօրինական միգրանտների բնակության պայմանները Ռուսաստանում, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում մեր արտագնա աշխատողների համար: Եթե այս խնդիրը Ռուսաստանի կողմից անօրինական միգրացիայի դեմ պայքարն է, ապա այն իսկական պատուհաս է մի շարք պոստսովետական երկրների բազմաթիվ քաղաքացիների համար:
Մեր հասարակության շրջանում մարդկանց մի մասը սա դիտարկում է որպես հերթական քաղաքական ճնշուներից մեկը՝ ուղղված Հայաստանի դեմ, ոմանք կարծում են, որ սա սովորական ներքաղաքական խնդիր է, ոմանք բողոքում են, որ մեր երկիրը համապատասխան կերպով չի արձագանքում այս խնդրին, իսկ կառավարությունն իր հերթին խոստանում է մոտ ժամանակներս կարգավորել այս հարցը՝ Ռուսաստանի հետ: Մի խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, որը լուրջ, ճգնաժամային խնդիր է մեզ նման երկրի համար:
Շատերն ասում են, որ Հայաստանն արդեն իսկ իր համաձայնությունն է տվել անդամակցելու Մաքսային միությանը, բայց միևնույնն է, մեր «խոպանչիների» համար Ռուսաստանը շարունակում է արգելքներ ստեղծել: Ախր պետք է հստակ տարանջատում մտցնել այդ երկու խնդիրների միջև, և փոքրիկ երեխայի նման նվնվալուց առաջ պետք է հասկանալ, որ Ռուսաստանն այստեղ լուծում է իր խնդիրը, և բնավ պարտավոր չէ այդ ընթացքում հաշվի առնել որևէ երրորդ երկրի շահերը: Այո, հարգելիներս, մենք Ռուսաստանի համար երրորդ երկիր ենք, և նա պարտավոր չէ անել մի բան, որը պարտավոր է անել մեր երկիրը` ապահովել մեր քաղաքացիների կենսունակությունն ու կայունությունը:
Ներկայացնենք ընդամենը մի քանի վիճակագրական, ընդ որում, պաշտոնական վիճակագրական տվյալներ` ապացուցելու համար մեր այս նվաստ վիճակը և կախվածությունը Ռուսաստանից: Այսպիսով, ըստ 2011թ.-ի հոկտեմբերի 12-21-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի արդյունքների Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմում է շուրջ 3.1մլն, իսկ Հայաստանում առկա բնակչության թիվը շուրջ 2.8մլն: Սրանից կարելի է անել պարզ թվաբանական ենթադրություն. 300.000 Հայաստանի քաղաքացի ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Հիմա պատկերացրեք, թե որն է ամենահարմար երկիրը, որը դրա հետ մեկտեղ մեր քաղաքացիներին նման «գնալ-գալու» հնարավորություն է ընձեռում: Իհարկե, դա Ռուսաստանն է և դրա մասին է վկայում նաև վիճակագրությունը: Էլ չեմ ասում, թե տարեկան ինչքան է կազմում տարեկան արտագաղթը (բնակչության շուրջ 1%-ը) և թե որտեղ է նախընտրում արտագաթել մեր ժողովրդի գերակշիռ մասը: Բայց դա արդեն այլ թեմա է:
Ի՞նչ կարելի այսքանից հետո ասել, եթե ոչ այն, որ այս խնդիրը փայլուն կերպով ցույց է տալիս, թե Հայաստանն ի վերջո ումից ավելի շատ կախում՝ Ռուսաստա՞նից, թե Եվրոպայից: Այնպես, իմիջիայլոց, ուզում եմ բոլոր այն եվրոպամետներին այսքանից հետո խնդրել, որ հասկանան, որ Հայաստանի համար ինչ-որ բախտորոշ որոշում կայացնելուց առաջ պետք է մտածել ինչպես երկրի ֆիզիկական անվտանգության մասին, այնպես էլ մարդկային անվտանգության (human security), որն այս դեպքում, ինչպես պարզ դարձավ, ևս կախված է Ռուսաստանից:
Վերադառնալով միգրացիոն օրենքին` ցանկանում եմ նշել, որ սա, այնուամենայնիվ, ներքաղաքական գործընթաց է: Հարգելի ընթերցող, ես Ձեզ վստահեցնում եմ, որ սա միանգամայն բնականոն գործընթաց է և ուղղված է ազգերի ավելի լայն սպեկտրին, քան կոնկերտ մեր դեմ: Բոլոր զարգացած երկրները, ժամանակ առ ժամանակ «ներմուծում են» միգրանտներ, իրենց տնտեսական, ժողովրդագրական, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով: Սակայն այսօր ստեղծվել է մի իրավիճակը, որ Ռուսաստանին այլևս ձեռնտու չէ ներկայիս տեմպերով միգրանտ «ներկրել», քանի որ օտարերկրացիների թիվն այնքան է աճել, մասնավորապես խոշոր քաղաքաներում, որ տեղացիներն իրենց գործազրկության, ինչպես նաև ժողովրդագրական պատկերի փոփոխությունների պատճառները տեսնում են միգրանտների թվի աճով և դա հավելյալ պատճառ է դառնում ազգամիջյան լուրջ բախումների:
Այժմ մի քանի թիվ էլ ներկայացնենք Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տվյաների հիման վրա` հասկանալու համար Ռուսաստանի ներկայիս քայլերը: Այսպիսով, միայն 2013թ.-ի ինն ամսվա տվյալներով Մոսկվա և Մոսկովյան շրջան էն ներթափանցել շուրջ 3,3մլն, իսկ Սանկտ-Պետերբուրգ և Լենինգրադի շրջան շուրջ 2,5 մլն աշխատանքային միգրանտ (օրինական և անօրինական միասին): Դեռ 2006-ին, ըստ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կ. Ռոմանոդովսկու, Ռուսաստան էր գալիս շուրջ 20մլն (բնակչության շուրջ 17%-ը) աշխատանքային միգրանտ, որոնց կեսը` անօրինական, որի վնասը պետության համար հաշվարկվել էր ավելի քան 200մլդ ռուբլի (հաշվի չէր առնվել միգրանտների շահույթը): Այս թիվը գնալով մեծանում է` բերելով իր հետ համապատասխան հետևանքներ: Կարծում եմ՝ սա տարրական հաշվարկ է և փնտրել այստեղ ինչ-որ ետին մտքեր բնավ հարկավոր չէ:
Ցավալի է, որ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ պետք է սրա-նրա «ձեռքին» նայենք, որ կարողանանք գոյատևել: Ինչ խոսք, ցավալի է նաև այն, որ պետք է Ձեզ ուրախացնեմ, որ մինչ մայիս մենք հավանաբար կմիանանք ընդհանուր Եվրասիական տնտեսական գոտուն և այլևս նման խնդիրների առջև չենք կանգնի: Այնպես որ, եթե կառավարությունը չկարողանա ողորմության կարգով ինչ-որ համաձայնության գալ Ռուսաստանի հետ, ապա պետք է դեռ մի քանի ամիս էլ սպասենք, որ այս հարցը լուծվի. առնվազն տեսականորեն այն պետք է որ լուծվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/647518685315312?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել