Lragir.am-ը գրում է.

Տոտալ վարկավորման խնդիրը Ղարաբաղում հասել է այնպիսի մասշտաբների, որ պետությունն արդեն ստիպված է միջամտել:

 ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Ապառաժ թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ բանկերն անբարեխիղճ են վերաբերվում քաղաքացիներին, տրամադրելով բարձր տոկոսադրույքներով վարկեր: Դա հատկապես վերաբերվում է զինծառայողներին ու պետական ծառայողներին, որոնց ինչ որ պահից սկսած տալիս են այսպես կոչված օվերդրաֆթներ՝ 4-5 աշխատավարձերի չափ վարկեր, 20-24 տոկոսով:

 Ներկայում Ղարաբաղում գրեթե բոլորը վարկեր ունեն: Այլ պետություններում դա գուցե նորմալ է, բայց ոչ Ղարաբաղում, որտեղ բնակչության մեծ մասը նստած է բյուջետային աշխատավարձի վրա կամ զբաղված է գյուղական փոքր տնտեսության մեջ, որտեղ բարձր է աղքատության մակարդակը եւ որտեղ տնտեսությունը դեռ չի վերականգնվել պատերազմից ի վեր:

 Սահմանադրությամբ ԼՂՀ-ն սոցիալական պետություն է, սակայն դատելով 145 հազար բնակչությամբ պետությունում բանկերի զարգացման աստիճանից, ԼՂՀ-ն կարելի է անվանել բանկային պետություն: Կառավարությունը բանկերի բարգավաճման համար ստեղծում է բոլոր պայմանները, մարդկանց խրախուսելով որքան հնարավոր է շատ վարկեր վերցնել: Օրինակ, հիպոտեկային վարկեր տրվում են «էլիտար» շենքերում բնակարան ձեռք բերելու համար, որոնք պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն «երկրորդային շուկայում» ավելի էժան բնակարաններ գնելու համար վարկեր չեն տալիս: 

«Էլիտար» բնակարաններ գնելու համար կառավարությունը նույնիսկ փոխհատուցում է տոկոսների մի մասը, իհարկե՝ բյուջեի հաշվին: Արդյունքում, մարդիկ հայտնվում են բանկային պատանդի վիճակում:

 Արթուր Աղաբեկյանը ՀՅԴ անդամ է, որը համարվում է սոցիալիստական կուսակցություն: Հնարավոր է նրան, որպես սոցիալիստի, դուր չի գալիս բանկերի կոշտ քաղաքականությունը Ղարաբաղում: Սակայն որպես փոխվարչապետ նա պետք է զեկուցի իր ղեկավարությանը, որ բանկային տիրապետությունը Ղարաբաղում արդեն սպառնում է ազգային անվտանգությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել