Ուկրաինական ճգնաժամը խորանում է, և կարծես արդեն լուրջ հիմքեր են ստեղծվում քաղաքացիական պատերազմի համար: Կառավարությունն առաջին հայացքից պասիվություն է ցուցաբերում և չի կարողանում վճռական քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ և տվյալ ֆոնի ներքո արևելյան շրջանները սպառնում են ստեղծել զինվորական ջոկատներ՝ պայքարելու ընդդեմ «Եվրոպական ինտերվենցիայի», իսկ «ընդդիմությունը» ստեղծում է ազգային գվարդիա, որի կազմի մեջ արդեն իսկ մտնում են Եվրամայդանի ինքնապաշտպանական ջոկատների անդամները, կազակները, «Աջ սեկտոր» ազգայնական միավորումը: Այս ամենն իբր քիչ է, դեռ ամբողջ Արևմուտքն՝ իր ապակառուցողական կոչերով և գործողություններով, ավելի է սրում իրավիճակը այդ երկրում: Նրանք նույնիսկ սպառնում են պատժամիջոցներ կիրառել կառավարության նկատմամբ: Իսկ ամենապասիվն այս պարագայում, առաջին հայացքից, Ռուսաստանն է: Արդարացվա՞ծ է այս պասիվությունը, թե ոչ, չգիտեմ, բայց որ այն ունի իր օբյեկտիվ պատճառներն ու ժամանակավոր է, դա հստակ է: Այդ պատճառներից մեկն ու ամենակարևորը մի քանի օրից մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերն են: 

Հայտնի է, որ ձմեռային օլիմպիական խաղերն այս անգամ անցկացվելու են Ռուսաստանում, և տվյալ միջոցառումը, բառի ամենալայն իմաստով, շատ մեծ կարևորություն ունի այդ երկրի համար: Շատ կարևոր է, որ Ռուսաստանը չներքաշվի ինչ-որ տարածաշրջանային կամ էլ միջազգային հակամարտության մեջ, որը կարող է բացասաբար անդրադառնալ իր իմիջի վրա և առիթ հանդիսանալ շատերի՝ մասնավորապես Եվրոպայի և ԱՄՆ-ի համար բոյկոտելու Սոչիի օլիմպիադան: Միևնույն ժամանակ երեկ հայտնի դարձավ, որ օլիմպիական խաղերի բացման ժամանակ Վիկտոր Յանուկովիչը լինելու է Սոչիում և հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնել է Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Եֆրեմովը: Դժվար չէ պատկերացնել, թե օլիմպիադայից զատ ինչի մասին են խոսելու երկու ղեկավարները, եթե, իհարկե, օլիմպիադայի մասին ընդհանրապես խոսեն:

Հիմա տեսեք, թե ինչ հետաքրքիր բան է ստացվում: Ներկա թոհուբոհերի ընթացքում Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն հանկարծ հայտարարում է, որ Յանուկովիչը պատրաստ է խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների, եթե դա մնա երկրում առկա քաղաքական ճգնաժամը լուծելու միակ ժողովրդավարական միջոցը։ Սա կարելի է դիտել թե՛ որպես թուլություն՝ Յանուկովիչի կողմից, թե՛ մարտավարական քայլ՝ ժամանակ ձգելու համար: Նախ ասենք, որ այնպես չէ, որ Յանուկովիչը հենց վաղը պատրաստվում է ցրել Ռադան և նշանակել նոր ընտրություններ, քանի որ հայտնի չէ՝ դա «երկրում առկա քաղաքական ճգնաժամը լուծելու միակ ժողովրդավարական միջոցն» է, թե ոչ, և հետո, եթե նույնիսկ Յանուկովիչը դա անի և կարողանա հանդարտացնել եվրոպամետ հասարակությանը և ժամանակ շահել, ապա նա հենց այդպես էլ կվարվի, իսկ մինչ այդ օլիմպիադան ինչպես կսկսվի, այնպես էլ հանգիստ կավարտվի: 


Կարծում եմ, որ Յանուկովիչը նույնիսկ եթե գնա նոր ընտրություններ կազմակերպելու ճանապարհով, ապա նա վստահաբար «կհաղթի»՝ լինի դա արդար, թե ոչ արդար պայմաններում, և այդ ժամանակ նա շատ հանգիստ կարող է հայտարարել ի լուր աշխարհի, որ այլևս սպառվել են բոլոր խաղաղ միջոցները երկրի սահմանադրական կարգը վերականգնելու համար և այժմ այլ ելք չի մնում, քան երկրում հաստատել ռազմական դրություն, իսկ այդ ժամանակ, ես պարզապես վստահ եմ, որ Ռուսաստանն իր դիրքորոշումը կհայտնի և կանի դա շատ հստակ և ազդեցիկ կերպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել