Այս հոդվածում ներկայացված են աշխարհի ամենայուրօրինակ ու շքեղ տոնակատարությունները: Այս փառատոններին մասնակցելու են գնում միլիոնավոր մարդիկ՝ ուրախանալու, խմելու և լավ ժամանակ անցկացնելու համար: Հնարավորության դեպքում դուք էլ փորձեք ներկա գտնվել դրանց: Կյանքից քաղեք առավելագույնը:   

1. Ռիո դե Ժանեյրոյի դիմակահանդես, Բրազիլիա

Ամենամյա այս կառնավալը հայտնի է ողջ աշխարհում: Այն նշվում է Մեծ Պահքից առաջ: Տոնակատարության օրերին փողոցում մոտ երկու միլիոն մարդ է լինում: Ռիոյի առաջին փառատոնները սկսվել են դեռևս 1823 թ.-ից: Ռիոյի կառնավալային շքերթները սովորաբար ուղեկցվում են սամբա պարով ու գեղեցիկ զարդարանքներով:   

2. Չինական Ամանոր

Ամանորը չինացիների համար ամենանշանակալից փառատոնն է, որի ժամանակ կարելի է տեսնել վիշապներ, հրավառություն, խորհրդանշական հագուստ, ծաղիկներ, լապտերներ: Այս տոնը հայտնի է նաև իբրև գարնանային փառատոն: Չինական ամանորի տոնակատարությունները սկսվում են Չինական ամանորի նախօրեին և շարունակվում մինչև Լապտերների փառատոնը:  

3. Ցեխի փառատոն, Հարավային Կորեա


Հարավային Կորեայի կոսմետոլոգիական ընկերություններից մեկը ստեղծել է կոսմետոլոգիական արտադրանքներ, որոնց հիմնական բաղադրատարրը ցեխն է: Քանի որ ընկերությունը չէր կարող գումար ծախսել արտադրանքի գովազդի վրա, ընկերության աշխատակիցները  որոշեցին ստեղծել ցեխի փառատոն, որպեսզի պոտենցիալ սպառողները կարողանային իրենց մաշկի վրա զգալ հատուկ ցեխի օգտակար ազդեցությունը: Փառատոնի մասնակիցները ցեխ են շպրտում միմյանց վրա, լող տալիս ցեխով լի ավազաններում, վայելում կենդանի երաժշտություն և հիանում հրավառությամբ, որով էլ եզրափակվում է տոնակատարությունը:

4. Այրվող մարդ, Նևադա


«Այրվող մարդը» ամենամյա փառատոն է, որին  մասնակցում է մոտ 48.000 մարդ: Փառատոնի մասնակիցները հավաքվում են Նևադայի Բլեք Ռոք անապատում՝ արվեստի միջոցով իրենց անհատականությունը դրսևորելու համար: Փառատոնը ստացել է «Այրվող մարդ» անվանումը, քանի որ փառատոնի ընթացքում փայտե մեծ քանդակ են այրում: Իրադարձության ութ օրերի ընթացքում մասնակիցները անապատում արվեստի տարբեր գործեր են ստեղծում, շփվում իրար հետ, հիանում ուրիշների ստեղծագործություններով և գոյատևում՝ ապավինելով սեփական ուժերին (ամեն մասնակից ինքն է պատասխանատու իր ուտելիքի, ըմպելիքի և մաքրության համար): Փառատոնի մասնակիցները պնդում են, որ որ փառատոնի ողջ գրավչությունն ընկալելու համար հարկավոր է գոնե մի անգամ մասնակցել դրան:

5. Ձյունի ու սառույցի փառատոն, Չինաստան

Չինաստանի Խարբին քաղաքում անցկացվող այս փառատոնին կարելի է տեսնել աշխարհի ամենաշքեղ քանդակները, որոնք կերտվել են ձյունից և սառույցից: Այդ սքանչելի քանդակները զարդարված են շողշողուն լույսերով: Փառատոնի այցելուները սովորաբար տուն են վերադառնում անմոռանալի զգացողություններով:


6. Սպիտակ գիշերների փառատոն, Սանկտ-Պետերբուրգ  


Սպիտակ գիշերների ամենամյա միջազգային փառատոնը նշվում է ամռան առաջին կեսին: Փառատոնի ընթացքում տեղի են ունենում համերգներ, բալետ, օպերա, որտեղ ելույթ են ունենում ռուս պարողներ, երգիչներ, երաժիշտներ ու դերասաններ, ինչպես նաև օտարերկրյա աստղեր: Տոնակատարությանը մասնակցում է մոտ մի միլիոն մարդ: Մասնակիցները հիմնականում տեղական ու միջազգային դպրոցների ու քոլեջների սաներն են:   

7. Դիա դե լոս մուերտոս, Մեքսիկա


Դիա դե լոս մուերտոսը (թարգմանաբար՝ մահացածների օր) նշվում է Մեքսիկայում, ինչպես նաև մի քանի այլ վայրերում: Այս օրը մարդիկ հավաքվում են իրենց ընտանիքի անդամների և մտերիմների հետ ու աղոթում հանգուցյալների համար: Շատերը շաքարից կմախքներ են պատրաստում՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հարազատների: Այս տոնի ժամանակ Մեքսիկայում մարդիկ մասնավոր խորաններ են կառուցում, որոնք այնտեղ հայտնի են «օֆրենդա» անունով: Նրանք պատրաստում են իրենց մահացած հարազատների սիրելի կերակրատեսակները և ըմպելիքները, և դրանք որպես նվեր տանում նրանց գերեզման:


8. Ցլավազք, Պամպլոմա, Իսպանիա  


Ցլավազքը Սան Ֆերմին փառատոնի մասն է կազմում: Այն ամենահայտնի փառատոններից է, որը 1910 թ.-ից ի վեր տեղի է ունենում Իսպանիայի Պամպլոմա քաղաքում: Ցլերին հավաքում են մի տեղ, հետո նրանց բաց են թողնում, և նրանք սկսում են վազել: Փառատոնի մասնակիցները հավաքվում են ցլերի մոտ և սկսում են վազել ցլերի առջևից: Ամեն տարի 200-300 մարդ վնասվածք է ստանում ցլավազքի ընթացքում: Հիմնականում վնասվածքները ընկնելու հետևանքով առաջացած սալջարդներ են: Այնուամենայնիվ, ցլավազքը երբեմն ավարտվում է մահվան դեպքերով: Մինչ օրս այս փառատոնի պատճառով մահացել է 15 մարդ: Ցլավազքի ընթացքում վերջին մահը գրանցվել է 2009 թ.-ին:    

9. Հոլի, Հնդկաստան

Հոլին գարնանային փառատոն է, որը հայտնի է նաև իբրև գույների փառատոն: Սա հինավուրց կրոնական փառատոն է: Հոլիին նախորդող գիշերը մարդիկ խարույկ են վառում և երգում ու պարում խարույկի շուրջ: Առավոտյան սկսվում է խայտաբղետ գույների մի հիասքանչ կառնավալ, որի մասնակիցները խաղում են իրար հետ և ներկում իրար գունավոր փոշիով և ջրով: Շատերը ջրային ատրճանակներ ու գունավոր ջրով լեցուն փուչիկներ են վերցնում իրենց հետ՝ մյուս մասնակիցներին դրանցով ջրելու համար: Աղքատ, թե հարուստ, կին, թե տղամարդ, երեխա, թե մեծահասակ, սիրով մասնակցում են այս փառատոնին: Երաժշտական խմբերը թմբուկ և այլ երաժշտական գործիքներ են նվագում՝ երգելով ու պարելով շրջում են քաղաքով մեկ:

10. Up Helly Aa, Շոտլանդիա


Այս փառատոնն ամեն տարի անցկացվում է Լերուիկ քաղաքում՝ հունվարի վերջին երեքշաբթի օրը: Up Helly Aa-ին զանազան քայլերթեր են տեղի ունենում: Հատկապես տեսարժան է ջահերով քայլերթը, որին հաջորդում են պարային կատարումները: Վերջում հավաքվածները իրենց ջահերը նետում են նավի մեջ ու այրում այն:   


11. Վենետիկի դիմակահանդես, Իտալիա


Այս կառնավալը նշելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 900 տարի առաջ: Կառնավալը նշվում էր տարվա այն ժամանակաշրջանում, երբ մարդկանց համար սահմանափակումներ չկային: Դիմակների շնորհիվ բոլորն ազատ էին առանց մեղքի զգացումի անել այն ամենը, ինչ ցանկացել էին ողջ տարվա ընթացքում: Դիմակահանդեսի ժամանակ Վենետիկին նոր շունչ են հաղորդում Վենետիկի դիմակավոր բնակիչները և զբոսաշրջիկները: Ամենուրեք կարելի է տեսնել երաժշտական խմբերի և ծաղրածուների, իսկ ջրանցքները լի են երփներանգ նավերով: Գիշերային ժամերին տեղի են ունենում խնջույքներ, որոնց մասնակցելով՝ դուք այնպիսի զգացողություն կունենաք՝ ասես հեքիաթում լինեք: 


Շարունակելի..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել