Երեկ կլիմայի փոփոխության ռիսկերի հասցեագրման խնդիրների և ծրագրերի միջև ապագա համագործակցության ուղիների վերաբերյալ ծավալվեց արդյունավետ քննարկում, որին ներկա էին ՀՀ պետական կառավարման մարմինները, գիտական և կրթական հաստատությունները, ինչպես նաև՝ ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կառույցները, հիմնադրամները և հասարակական 
կազմակերպությունները:

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ ս.թ. փետրվարի 4-ին Երևանում կազմակերպել էին «Կլիմայի փոփոխության ռիսկերի և հարմարվողականության խնդիրները Հայաստանում» սեմինար-խորհրդակցությունը: 
Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Կլիմայական ռիսկերի կառավարումը Հայաստանում» հաշվետվությունը, որը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ճգնաժամերի կանխման և վերականգնման գործակալության «Կլիմայական ռիսկերի կառավարման» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ներկայացնել և քննարկել «Տեղական զարգացման բարելավված պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում» նոր մեկնարկվող ծրագիրը և նախատեսված գործողությունները:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը և ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը: 
Այնուհետև զեկուցումներով հանդես եկան ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Համլետ Մելքոնյանը, ՄԱԶԾ աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարայնը և այլոք: Առանձին զեկուցմամբ ներկայացվեց «Տեղական զարգացման բարելավված 
պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում» նոր մեկնարկած ծրագիրը, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների փորձը, կլիմայի փոփոխության ռիսկերի հետ առնչվող ծրագրերի հիմնական արդյունքները և բացահայտված խնդիրները:

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել