feysbukA1plus.am-ը գրում է.

Facebook սոցիալական ցանցը այսօր դարձավ 10 տարեկան: Մեր օրերում սոցցանցերը դարձել են մարդկանց կյանքի անբաժանելի մասը՝ որքան էլ մասնագետները պնդեն, որ ամեն ինչ այստեղ վերահսկվում է: Սոցցանցերում մարդիկ ակտիվ շփվում են, կիսում սեփական մտքերը, տեղադրում հղումներ, ծանոթանում օրվա լուրերին:

Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, Facebook սոցիալական ցանցում օգտատերերի ակտիվությունը կտուկ աճել է:

«Ա1+»-ի հետ զրույցում, Facebook-ի ակտիվ օգտատեր Իզաբելլա Աբգարյանը անկեղծ խոստովանեց, որ չի պատկերացնում իր օրն առանց Facebook-ի. «Եթե օրվա ընթացքում չեմ մտնում Facebook, զգում եմ, որ ինչ –որ ինֆորմացիայի կարիք ունեմ, ինչ-որ բանի պակաս եմ զգում»:

Օգտատերը կարևորում է սոցցանցերի առկայությունն ու նշանակությունը, բայց վտանգներից խորհուրդ է տալիս խուսափել. «Մարդիկ ակտիվ շփվում են, կարող են միաժամանակ նույն երաժշտությունը լսել, հատկապես սա կարևոր է միայնակների համար, բայց վտանգներ էլ կան, ցավոք սրտի, Հայաստանում շատ են անպատասխանատու օգտատերերը, ովքեր կարող են վիրավորել, գրել վերջին բառերը։

Երկրորդը նեգատիվիզմի մեծ չափաքանակն է`տպավորություն է, որ մարդիկ արթնանում են, գրում են վատ բաներ ու գնում իրենց գործերով, մինչդեռ դա կարող է ազդել մյուսների վրա»: Իզաբելլան նորմալ է համարում սոցցանցերում ստեղծված հարաբերությունները. «Ես ինքս ճանաչում եմ 4 ընտանիք, ովքեր ծանոթացել են սոցցանցերում և երջանիկ են, ունեն երեխաներ»:

Facebook-յան մեկ այլ ակտիվ օգտատեր, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանն իր կյանքը պատկերացնում է առանց Facebook-ի. «Սա ընդամենը տեխնիկական միջոց է, մարդ կա՝ հիմա առանց լվացքի մեքենայի չի պատկերացնում իր կյանքը, ես առանց Facebook-ի պատկերացնում եմ»։

Առաքելի համար չկան անպատասխանատու օգտատերեր։ Ըստ նրա՝ յուրաքանչյուրն իր անձի համար է պատասխանատու. «Եթե ինձ համար ենթադրենք սա ինֆորմացիա փոխանցելու միջոց է, գուցե մեկ ուրիշի համար էլ իր ներքին էներգիան, նյարդային վիճակը արտահայտելու միջոց է, ինչ-որ մեկն էլ կարող է ի լուր աշխարհի հայհոյել, որևէ խնդիր չկա, եթե ինձ դուր չգա, ես ընդամենը կհեռացնեմ ընկերներիցս»։

Առաքել Սեմիրջյանը միայն ուրախ է լինում, երբ սոցցանցերում հարաբերությունները ավարտվում են ամուսնությամբ. «Ինչքան շատ ամուսնան մարդիկ, այնքան լավ։ Ինձ համար ցանկացած ամուսնություն, ցանկացած սեր, ցանկացած երեխա դրական երևույթ է, թող Facebook-ով ծանոթանան, նամակներ իրար ուղարկեն, սրանք կարևոր չեն, կարևորը մարդիկ իրար սիրեն»,-եզրափակեց նա։

Ի դեպ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այսօր իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչպես է ստեղծել սոցցանցը. «Ես հիշում եմ, թե ինչպես Facebook-ը ստեղծելուց անմիջապես հետո ընկերներով պիցցա էինք ուտում քոլեջում: Ես նրանց ասացի, որ ես շատ եմ ցանկանում օգնել ուսանողներին`կապ հաստատել միմյանց հետ, բայց ինչ-որ մեկը մի օր պետք է միացնի նաև ամբողջ աշխարհը:

Ես միշտ մտածում էի,թե ինչքան կարևոր է մարդկանց տալ շփվելու, կիսվելու, իրար հետ կապված մնալու հնարավորություն, ոգևորելու նրանց ստեղծել սեփական տիրույթը»,-գրել է նա։ Սոցցանցի հիմնադիրը նաև նշել է, որ երջանիկ է տեսնել, թե ինչպես է սոցցանցը օգնում մարդկանց ծանոթանալ ու շփվել։

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա 10 տարիներին նոր հնարավորություններ ստեղծելու ժամանակաշրջան կլինի. «Հրաշալի է տեսնել, թե ինչպես եք դուք օգտագործում մեր առաջարկած միջոցները սեփական իրական տիրույթը ունենալու համար: Դուք կիսվում եք ձեր երջանիկ ու տխուր պահերով, ստեղծում եք ընտանիքներ և պահում կապը այլ ընտանիքների հետ, դուք ստեղծում եք նոր ծառայություններ և հիմնում փոքրիկ բիզնեսներ:

Դուք օգնում եք միմյանց բազմաթիվ ձևերով: Ես այնքան երջանիկ եմ, որ կարողացա ստեղծել այս բոլոր հնարավորությունները ձեզ համար: Ես մեծ պատասխանատվություն եմ զգում, իմ ժամանակի մեծ մասը ես ցանկանում եմ անցկացնել այստեղ և ծառայել ձեզ կարողություններիս լավագույն չափով»,-գրել է Ցուկերբերգը։

Ի դեպ, ծննդյան օրվա կապակցությամբ սոցիալական ցանցը նվեր է մատուցել իր բոլոր օգտատերերին՝ հոլովակ պատրաստելով յուրաքանչյուրի անձնական լուսանկարներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել