Panorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել չեխական “Lidové noviny” (Ժողովրդական նորություններ) թերթին` Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում:
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-չեխական հարաբերությունների ներկայիս վիճակը:
-Հայ և չեխ ժողովուրդների բարեկամությունը մի քանի հարյուրամյակի պատմություն ունի: Չնայած նրան, որ Չեխիայի հայ համայնքը համեմատաբար վերջերս է ձևավորվել, իսկ միջպետական համագործակցությունն ընդամենը 22 տարվա պատմություն ունի, նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում մենք փոխգործակցության որակապես նոր մակարդակի ենք հասել: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս Չեխիայի հետ համագործակցությանը ինչպես ԵՄ տարբեր նախաձեռնությունների, առաջին հերթին՝ Արևելյան գործընկերության շրջանակներում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը:
Սա ամենաբարձր մակարդակի առաջին այցն է մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Պետական այցի կարգավիճակը վկայում է ոչ միայն քաղաքական երկխոսության մակարդակի, այլ նաև հեռանկարային փոխշահավետ գործընկերությունը զարգացնելու մեր տրամադրվածության մասին:
Առևտրատնտեսական համագործակցության զարգացման զգալի ներուժ կա: Այդ պատճառով էլ ես Պրահա եմ այցելել գործարարների պատվիրակության ուղեկցությամբ: Իմ այցի շրջանակներում ավելի քան տասը համաձայնագրերի ստորագրումը դրական ազդեցություն կունենա այդ ոլորտում գործընկերության զարգացման և կապերի ընդլայնման վրա:
Եթե որոշ ոլորտներում հայ-չեխական համագործակցությունը գտնվում է ձևավորման փուլում, ապա գիտության և կրթության, մշակույթի ոլորտում մենք փոխգործակցության հարուստ փորձ ունենք: Մեր հասարակությունները և ժողովուրդները դավանում են միևնույն արժեքները, ունեն մշակութային հարուստ ժառանգություն: Մշակույթի նախարարությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարի Երևանում չեխական մշակույթի օրեր, իսկ մյուս տարի Պրահայում հայկական մշակույթի օրեր անցկացնելու վերաբերյալ:
-Պարոն Նախագահ, Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը Ռուսաստանի հետ: Դա նշանակո՞ւմ է Եվրոպական միությանը ինտեգրման ավարտ:
-Դա ոչ մի դեպքում չի նշանակում, ինչպես Դուք եք ասում, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների ավարտ: Մենք արդեն վաղուց արդյունավետորեն համագործակցում ենք շատ ոլորտներում և մտադրված ենք հաստատակամորեն շարունակելու մեր հարաբերությունները: Ես նկատի ունեմ բարեփոխումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն:
Մենք կարևոր նշանակություն ենք տալիս Եվրոպական միության հետ համագործակցությանը: Վիլնյուսյան գագաթնաժողովում ընդունված համատեղ հայտարարությամբ (Հայաստանի Հանրապետություն և ԵՄ) մենք վերահաստատեցինք Հայաստանի պատրաստակամությունը հետագայում ևս զարգացնել և ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Հենց այնտեղ՝ Վիլնյուսում, Հայաստանի արտաքին գործերի նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը նամակներ փոխանակեցին, որոնցում նշված է Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցության օրակարգը:
Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նշանակում Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգից հրաժարում, քանի որ Եվրոպական միության հետ մեր փոխհարաբերությունները կառուցվում են ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության և ժողովրդավարական ազատությունների նկատմամբ նվիրվածության հիմքի վրա: ԵՄ-ի հետ մեր երկխոսության՝ Հայաստանում բարեփոխումների անցկացման մեր պարտավորություններին և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մասը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն մեր հարաբերությունների օրակարգում:
Եվրոպական միության հետ համագործակցության ոլորտում մենք զգալի աշխատանք ենք կատարել, էական առաջընթացի ենք հասել մեր օրենսդրության բարեփոխման, քաղաքացիական հասարակության ժողովրդավարացման ու ամրապնդման գործում: Ուժի մեջ են մտել հետընդունման և վիզաների դյուրացման, շարժունակության ոլորտում գործընկերության համաձայնագրերը, բանակցություններ են ընթանում մի շարք հատվածներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, ստորագրված է արձանագրություն, որը Հայաստանին ԵՄ ծրագրերին մասնակցելու հնարավորություն է ընձեռում:
-Հայաստանը ցանկանո՞ւմ է ապագայում Եվրոպական միության անդամ դառնալ:
-Նման հարց մեր օրակարգում չի եղել և այսօր էլ չկա: Շատերը նույնիսկ շփոթում էին «Ասոցացման մասին» և «Ասոցացված անդամակցության մասին» համաձայնագրերի հասկացությունները: Մեկը չի ենթադրում մյուսը: Հակառակը, Արևելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկի հենց առաջին պահից՝ հինգ տարի առաջ, այստեղ՝ Պրահայում, բոլորն ասում էին, որ այդ հասկացությունները չի կարելի շփոթել, և Արևելյան գործընկերությունը Եվրոպական միություն տանող ճանապարհ չի հանդիսանում:
-Դուք ի՞նչ եք ակնկալում Արևելյան գործընկերությունից:
-«Արևելյան գործընկերություն» ծրագրի նպատակն ի սկզբանե եղել է ընդհանուր արժեքների տեսլականը, ինչպիսիք են` իրավական պետության հիմքերի ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հարգանքը, համատեղ ապագայի տեսլականը: Արևելյան գործընկերությունը մեզ համար մեր եվրոպական գործընկերների հետ շփման մեխանիզմ է, մեր մշակույթների փոխներթափանցման, տնտեսական կապերի ընդլայնման, քաղաքական երկխոսության խորացման համատեքստում ընդհանուր նպատակներին և խնդիրների լուծմանը հասնելն է:
Մենք կձգտենք իրականացնել Վիլնյուսյան հայտարարությամբ ամրագրված նպատակները, որի հիման վրա մոտ հեռանկարում կձևավորվի Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությունը:
-Վրաստանը՝ ձեր հարևանը, ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Դուք սատարո՞ւմ եք Կովկասում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:
-Վրաստանի ինքնիշխան իրավունքն է, ինչպես ցանկացած այլ պետության, ընտրել անվտանգության այն համակարգը, որը լավագույնս կծառայի իր ազգային շահերին: Կցանկանայի հույս հայտնել, որ Վրաստանը կկարողանա համատեղել ՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումը և հարևան պետությունների հետ հարաբերությունները, այդ թվում՝ այն երկրների, որոնք վճռորոշ դերակատարություն ունեն մեր տարածաշրջանի անվտանգության հարցում:
Այսօրվա դրությամբ մեր հարևան երկրներից միայն մեկը՝ Թուրքիան է հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ: Դա մեր անվտանգության համակարգը ոչնչով չի համալրում: Ավելին, չնայած Հայաստանը բավական արդյունավետորեն զարգացնում է գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ իրականացնում է համագործակցության անհատական ծրագիր, մասնակցում Կոսովոյում և Աֆղանստանում գործողություններին, այդուհանդերձ մենք երբեք չենք նկատել, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները, այդ կազմակերպության ձևաչափում, Թուրքիային ցույց տան, որ նա իր գործողություններով գործընկեր երկրին էական վնաս է հասցնում: Պարադոքսային է, որ մենք մեր ներդրումն ենք ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության համակարգում, և այդ պարագայում մեր անվտանգության համակարգին ուղղակի վնաս է հասցնում ՆԱՏՕ-ի մասնակից երկրի քաղաքականությունը:
- Ինչպե՞ս եք Դուք վերաբերում Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրներին:
-Գիտեք, ես կարծում եմ, որ այդ խնդիրները պետք է լուծեն իրենց հասարակությունները՝ խաղաղ և կառուցողական երկխոսության միջոցով: Հայաստանը միշտ շահագրգռված է եղել տարածաշրջանի պետությունների կայունության և համագործակցության հարցում: 2008թ. օգոստոսյան իրադարձությունների օրերին Հայաստանը շատ ծանր իրադրության մեջ էր: Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող հաղորդակցման ուղիներն ընդհատվել էին, Ռուսաստանի հետ կային դաշնակցային հարաբերություններ և պարտավորություններ, միևնույն ժամանակ առկա էին բարիդրացիական գործընկերային հարաբերություններ Վրաստանի հետ: Ե՛վ Վրաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ Աբխազիայում ապրում են բազմաթիվ հայեր, որոնք հանկարծ հայտնվեցին բարիկադների տարբեր կողմերում: Մեզ համար դա շատ ծանր փորձություն էր:
Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ նման խնդիրները չի կարելի փորձել լուծել ուժի միջոցով: Դա միշտ բերում է մեծ ցնցումների և ողբերգությունների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



