Վերջնականապես համոզվելով, որ ՀՀ-ն լիարժեք իրավական պետություն լինելուց դեռ հեռու է, եւ պետք է առաջնորդվել «Եղունգ ունես ՝ գլուխդ քորի» (հնար ունես՝ երկրից կորի) սկզբունքով, ստիպված էի այլեւս չսպասել, թե «անհայտ հանգամանքներում» գտնվող օմբուդսմենից (ում 10 օր առաջ հարցում էի ուղարկել էլեկտրոնային նամակով) կարելի է պատասխան ստանալ այն մասին, թե որքանո՞վ է տեղին կամ օրինական, երբ անձնագրային բաժնում ընտանիքի կազմի մասին տեղեկանք տալու համար 1100դրամ պետտուրք են պահանջում մուծել, ու  հունվարի 30-ին, ժամը 12-ի սահմաններում ուղեւորվեցի Վանաձորի անձնագրային  ծառայություն՝ տեղեկանք վերցնելու, որ հույժ անհրաժեշտություն էր. ավելի ճիշտ՝ «փրկագին»՝ ջրմուղում բյուրոկրատական քաշքշուկներին վերջ տալու համար (ջրի ամսավարձը անձերի հաշվարկով վերահաշվարկելու առնչությամբ): Պարզվեց՝ 1100դրամ պետտուրքից բացի, եւս 50 դրամ էլ քաղաքացիները վճարում (ավելի ճիշտ՝ գնում) են մոտակա գրատնից՝ դիմումի բլանկի հատուկ ձեւի համար: Իսկ եթե պարզվում է, որ ընտանիքի մահացած անդամը դեռ հաշվառումից չի հանվել անձնագրային բաժնում, ապա 2-րդ բլանկը պետք է եւս գնվի եւ լրացվի՝ առանձին պահանջով. անձին հաշվառումից հանելու համար: Եվ, քանի որ տեղեկանքը պետք է հանձնեին հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, ուստի պետտուրքն այդտեղ մուծելուց հետո նախընտրեցի տանել-պատճենահանել՝ նախքան հանձնելը, ինչը մեծապես զարմացրեց աշխատակիցներին: «Իսկ ես վաղն ինչպե՞ս ապացուցեմ, որ պետտուրքը մուծել եմ, եթե անդորրագիրը ձեզ մոտ եմ թողնում, հենց դրա համար էլ նախընտրում եմ պատճենահանել»-իմ դիտարկմանը խիստ վիրավորված տեսք ընդունեցին՝ ասելով, որ իրենց մոտ «յուրացումները» բացառվում են: Դե այդ առումով տառապանքս փորձ ունի. մի 10-15 տարի առաջ, երբ «Արմենտելում» հեռախոսավարձ էի մուծում, հետո պարզվում էր, որ չեն մուտքագրել եւ կրկին գումարել են հաջորդ ամսվա գումարին, ու մինչեւ անդորրագիրը չէի ներկայացնում, մինչեւ երկար-բարակ  բանակցություններ չէի վարում ղեկավարության հետ, հարցը չէր կարգավորվում, ու այդպես մի քանի անգամ, մինչեւ հարցը հասավ մարզային դատախազություն, ու դրանից հետո վերջ տրվեց կեղծիքներին կամ «անփութությանը»: Սա, իմիջիայլոց: Հետաքրքիր էր, որ իմ այն հարցին ՝ «Դեկտեմբեր ամսվա մահացածների անունները հասե՞լ են, եւ արդյո՞ք տեղեկանքի մեջ ընտանիքի կազմի թվաքանակի կրճատումը կերեւա»՝ կասկած հայտնեցին, որ հնարավոր է՝ ցուցակները չեն հասել, ուստի նախքան տեղեկանքը հանձնելն անպայման կճշտեն: Ինչպես  եւ ենթադրվում էր, հունվարի 31-ին, երբ գնացի տեղեկանք  ստանալու, պարզվեց, որ դեկտեմբերի 26-ին մահացած ընտանիքի անդամը դեռեւս հաշվառումից չէր հանվել, եւ հաշվառումից հանվեց միայն այն բանից հետո, երբ իրենց պահանջով 2-րդ դիմումի ձեւը գնեցի եւ 2-րդ  հայցը ներկայացրի՝ անձին մահվան կապակցությամբ հաշվառումից հանելու վերաբերյալ: Այսպիսով, տեղեկանք ստանալը կազմեց 1200դրամ (մեկ բաժանորդի ջրի վարձի սակագնից ավել), որից 1100դրամը ՝ բյուջեի «մաքուր փայ»: Սա ոչ միայն զավեշտ է, այլեւ պետական «ռեկետություն»՝ քաղաքացու գրպանի նկատմամբ, առավել եւս, որ քաղաքացին այդ տեղեկանքով լոտո չի խաղալու կամ բիզնես-վարկ վերցնելու, այլ՝ ներկայացնելու է ջրմուղին: Հիշեցնենք, որ մահվան վկայականի համար էլ ԶԱԳՍ-ում 300դրամ են մուծում, եւ կրկին հարց է առաջանում. հա բայց ինչի՞: Պարզապես  աբսուրդ է, որ ջրի վարձը 1050 դրամով պակասեցնելու համար քաղաքացին 1200դրամ է վճարում տեղեկանքի համար, իսկ, չգիտես՝ ինչու, դեռ հաշվառումից չհանված հարազատի մահվան վկայականի պատճեն ստիպված է ներկայացնել, որ մահացած ճանաչեն.  եւ սա այն դեպքում, երբ քաղաքացու մահն անմիջապես ֆիքսվում է ոստիկանության մատյաններում: Ահա թե ինչու, ընտրություններին հաճախ հանգուցյալներն էլ են «մասնակցում». ով անձնագրայինում  գործ է ունենում՝ իր ընտանիքի մահացած անդամին հաշվառումից հանել է տալիս, ով չէ, այդպես էլ կարող է չիմանալ, որ, դիցուք, իր ողորմածիկ պապը «եկել-մասնակցել» է ընտրություններին ու իրենց չի էլ «այցելել»: Հենց դրա համար էլ ընտրություններից առաջ տնետուն այցելություններ են կատարում ոստիկանության, անձնագրայինի կամ ԲՇՏ-ների ներկայացուցիչները՝ ցուցակներ «ճշտելու» նպատակով. երեւի թե եթե որեւէ մեկը մահացած է, բայց իրենց մոտ հաշվառված՝ օգտագործեն որպես ընտրական ձայն: Հետո էլ ասում են՝ քաղաքացիներն իրենք են մեղավոր, որ իրենց իրավունքները խախտվում են, չեն պայքարում: Դե պայքարեք՝ տեսնեմ ո՞նց եք պայքարում, քաղաքացու «վզին դրել» են պետականորեն, որ մինչեւ 1100 (պլյուս 50-50) դրամ չմուծի, տեղեկանք չի ստանա, իսկ տեղեկանքը հույժ անհրաժեշտություն է, որի ուշացումը կարող է նրան հետագայում ավելի մեծ ծախսերի տակ գցել: Միակ հիմնարկն էլ, որին կարելի է դիմել տեղեկանքի նպատակայնության կամ օրինականության վերաբերյալ հարցումով՝ օմբուդսմենն է, որն իր «Թեժ գծի» հետ միասին անհասանելի է: Դե մարդիկ հո սահմանադրական դատարան կամ Եվրադատարան չե՞ն դիմելու՝ տեղեկանքի հարցով: Մի խոսքով, մնացել ենք Սովետի ժամանակվա այն մակարդակին, երբ տեղեկանքը դարձել էր բյուրոկրատական քաշքշուկի լավագույն միջոց, ու անգամ անեկդոտ կար՝ տեղեկանք այն մասին, որ կա տեղեկանք: Ինչ վերաբերում է օմբուդսմենի անհասանելիությանը, ապա վանաձորցիներից մեկը նկատում է, որ օմբուդսմենի ձայնն այլեւս չի լսվում այն բանից հետո, երբ հայտարարել էր դատաիրավական համակարգի կոռումպացվածության մասին (գրասենյակը հեռուստատեսությամբ էլ հատ-հատ ներկայացնում էր վերաքննիչի ու վճռաբեկի «գները»՝ 1-ին ատյանի դատարանների վճիռները փոխելու հարցում, այն էլ՝ մի քանի հազար դոլարներով), իսկ այդ առնչությամբ «վերեւները» փաստեր էին պահանջել. դե նա էլ հավանաբար գնացել է «փաստեր հավաքելու» եւ այլեւս չի վերադարձել:                             

  ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ      

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել