Կառավարման ձևով բացարձակ միապետություն հանդիսացող Սաուդյան Արաբիայում, որը չունի խորհրդարան, և որի իրավական համակարգը հիմնված է իսլամական իրավունքի (նաև շարիաթի) նորմերի վրա, ուժի մեջ է մտել նոր՝ աննախադեպ հակաահաբեկչական օրենք: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների՝ նոր փաստաթուղթը թույլ կտա սաուդյան իշխանություններին՝ ճնշել երկրում հնարավոր բոլոր տեսակի ելույթները՝ նպատակաուղղված տարաբնույթ, այդ թվում նաև՝ քաղաքական բարեփոխումներին՝ դրանք որակելով՝ որպես ահաբեկչական գործողություններ:
Նոր օրենքի համաձայն՝ հասարակական կարգի խախտմանը միտված ամեն տեսակի գործողություն բնութագրվում է հենց ահաբեկչություն, հետևաբար նաև անվտանգության ծառայություններին օժտվում են չարտոնված խուզարկություններ, գաղտնալսումեր իրականացնելու, համացանցին հետևելու լիազորություններ: Դրա միջոցով հատկապես ընդլայնվում են ներքին գործերի նախարարության իրավասությունները՝ հնարավորություն ընձեռելով կառույցին՝ անգամ կասեցնել դատական գործընթացերը, ներում շնորհել դատապարտյալներին և այլն:
Ինչ խոսք, հետաքրքիր գործելաոճ են որդեգրել Մերձավոր Արևելքում արևմտյան պետությունների առանցքային դաշնակիցներից մեկը համարվող Սաուդյան Արաբիայի Թագավորության իշխանությունները. երկրի տարածքից դուրս լայնորեն աջակցում են նույն Արևմուտքի կողմից թիվ մեկ սպառնալիք հռչակված տարաբնույթ ահաբեկչական տարրերին, իսկ երկրի ներսում արևմտյան ժողովրդավարության տեսանկյունից բնականոն համարվող գործողությունները դիտարկում որպես ահաբեկչական գործողություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել