Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական xezerxeber.az լրատվակայքի փոխանցմամբ՝ ոմն հայ անցել է սահմանը Տավուշի մարզից, հասել ադրբեջանական Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ առանց նախնական տեղեկությունը ստուգելու, շտապեց հայտնել, որ հայ սահմանախախտը հայկական դիվերսիոն խմբի ուղեկցորդն է, որը ճանապարհ էր ցույց տալիս դեպի ադրբեջանական դիրքեր: Ընդ որում, արդեն ադրբեջանական աղբյուրները գրում էին՝ սահմանախախտը քաղաքացիական հագուստով է, և 65 տարեկան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ առանց նախնական տեղեկությունը ստուգելու, շտապեց հայտնել, որ հայ սահմանախախտը հայկական դիվերսիոն խմբի ուղեկցորդն է, որը ճանապարհ էր ցույց տալիս դեպի ադրբեջանական դիրքեր: Ընդ որում, արդեն ադրբեջանական աղբյուրները գրում էին՝ սահմանախախտը քաղաքացիական հագուստով է, և 65 տարեկան:
ՀՀ ՊՆ-ն րոպեներ անց հերքեց այս տեղեկությունը, ապա նույն օրն էլ հայտնի դարձավ սահմանախախտի ողջ կենսագրականը՝ 77-ամյա Մամիկոն Խոջոյան, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրից, հոգեկան խանգարումներ ունի, կորցրել է որդիներից մեկին, թոռներին, կնոջը, այդ օրը դուրս էր եկել մոշ, թե խաղող հավաքելու:
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում էր պնդել…
Եվ ահա ադրբեջանական մամուլը, հիմք ընդունելով ՊՆ-ի հաղորդագրությունը, իսկույն Մամիկոն պապին որակեց «հայկական դիվերսանտ», և ադրբեջանական լրատվամիջոցներում տասնյակ հոդվածներ լույս ընծայվեցին այս որակավորմամբ: Եվ որևէ մեկի մտքով չանցավ՝ այդ տարիքի ի՞նչ դիվերսանտ:
Հաջորդ օրն արդեն ադրբեջանական մամուլում հայտնվեցին Մամիկոն պապի լուսանկարներն ու տեսագրությունը. ամեն ինչ ավելի քան պարզ էր, մարդն իրոք ունի հոգեկան խանգարումներ, միամիտ կերպով անցել է սահմանը: Սակայն ադրբեջանական իշխանամետ մամուլը շարունակում էր քարոզել Ադրբեջանի ՊՆ-ի վարկածը՝ հայ դիվերսանտ են բռնել:
Այնուհանդերձ, ադրբեջանական որոշ լրատվակայքեր դիվերսանտ բառը գրում էին չակերտներով, մյուս մասն էլ արդեն գրում էր՝ «հայ գերի» կամ «հայ սահմանախախտ»: Թմբիրից սթափվում էին:
Ավելի հետաքրքիր էր ադրբեջանցիների արձագանքը սոցցանցերում: Դատելով ադրբեջանցի՝ որոշակի վարկանիշ ունեցող լրագրողների, հասարակական ակտիվ անձանց գրառումներից՝ հեգնում էին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, կոչ անում դադարել խաբել ժողովրդին՝ ինչպես կարող է նման դեմքի արտահայտությամբ ու հագուկապով, նման բաներ ասող մարդը լինել դիվերսանտ:
Հատկապես ուշագրավ էր ադրբեջանցիների պատրաստած նկարը, որտեղ Մամիկոն պապն էր, հեգնում են ոչ թե պապին, այլ Ադրբեջանի ՊՆ-ին: Մեծ տարածում գտած նկարում Մամիկոն պապը «հայկական տերմինատոր» անվան ներքո է, աչքերը՝ որպես գիշերային տեսողության սարքերով 241 մեգապիքսելանոցտեսախցիկներ, ժիլետը՝ հատուկ պաշտպանության շերտպարունակող զրահաբաճկոն, տաբատը անհրաժեշտության դեպքում կարող է ապահովել մինչև 220 կմ/ժ արագություն, իսկ հողաթափերն էլ օժտված են հակատանկային ականներից պաշտպանությամբ:
Ադրբեջանի ՊՆ-ին ջախջախիչ հարված հասցրեց Musavat-ի մեդիա ռեսուրսներից մեկը՝ minval.az-ը: Մեջբերում եմ հոդվածի առանցքային միտքը:
Փետրվարի 1-ի դրությամբ Ադրբեջանում գրեթե մարդ չմնաց, որ հավատար՝ Մամիկոն պապը դիվերսանտ է:
Եվ այս մթնոլորտում միայն haqqin.az-ն էր շարունակում պնդել՝ դիվերսանտ է ու վերջ :)
Ինչի հասավ Ադրբեջանը նման քարոզչությամբ, ավելի շուտ՝ Ադրբեջանի ՊՆ-ն:
Հերթական անգամ անվստահություն առաջ բերեց սեփական գործունեության նկատմամբ. այդ մասին են վկայում թե՛ սոցցանցային մեկնաբանությունները (եթե լինեին 1-2 հատ, բնականաբար չէի պնդի), թե՛ հոդվածները, թե՛ խմբագրական հոդվածները: Ընդ որում, անվստահություն կա և՛ մամուլի, և՛ հասարակ ընթերցողների մոտ:
Հայկական մամուլը, ինչպես նաև որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ բազմիցս նշում էին՝ Ադրբեջանի ՊՆ-ն կոծկում է այս, կոծկում է այն, ապատեղեկատվություն է տալիս (հիշենք թեկուզ հունվարի 19-ին հետևած իրադարձությունները), բայց հազվադեպ է լինում, երբ ունենում ենք հստակ անհերքելի փաստեր: Մամիկոն Խոջոյանի միջադեպի մեկբանությունը լավ խաղաքարտ է, երբ հարկ լինի ինչ-որ պարագայում ցույց տալ, որ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծում և ստում է:
Ադրբեջանական քարոզչական ցույց տվեց իր թույլ կողմերը: Հայ ընթերցողների մի խումբ կա, որ խորը համոզմունք ունի՝ Ադրբեջանը հաղթող է տեղեկատվական պատերազմում, իսկ երբ հարցնում ես՝ ինչու՞, պատասխանը՝ իրենք միշտ նախահարձակ են լինում: Ահա Մամիկոն պապի միջադեպը վառ ապացույցն է՝ միշտ չէ, որ նախահարձակ լինելը գերգերազանց արդյունք է ապահովում, ընդհակառակը՝ չմտածված և իրականությունից խիստ կտրված քարոզչությունը ավելի շատ վնասում է գործին:
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա մենք ինչ որ հարկն էր, արեցինք՝ ՀՀ ՊՆ հերքում, գյուղապետից հարցազրույց, Կարմիր խաչից մեկնաբանություն: Ադրբեջանցիներին էլ այս դեպքում բացարձակ միջամտել պետք չէ, թող իրար մեջ պարզեն, թե ինչու է Ադրբեջանի ՊՆ-ն սեփական քաղաքացիներին հիմարի տեղ դնում: :))
Մենք մեր դիրքերը տեղեկատվական պատերազմում ավելի ամուր կպահենք այս հարցում, եթե չտարածենք ադրբեջանցիների ներկայացրած տեղագրությունը, որտեղ Մամիկոն պապն է խոսում:
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում, եթե նկարների հրապարակմամբ ինչ-որ կերպ վիրավորել եմ Մամիկոն պապի հարազատներին, նպատակս քարոզչական տեսանկյունից իրավիճակը ներկայացնելն էր: Ցանկանում եմ, որ Մամիկոն պապը հնարավորինս շուտ տուն վերադառնա:
Նյութի աղբյուր՝ http://www.animargaryan.org/2014/02/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել