Newsbook.am-ը գրում է.

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը վերջին երկու օրերի ընթացքում դարձավ ֆեյսբուքահայության հարձակման թիրախը։ Բանը հասավ նրան, որ նա ստիպված եղավ հրաժարվել «Ազատություն» ռ/կ–ի ֆեյսբուքյան ասուլիսից։ Մենք, իհարկե, երբեք չէինք անդրադառնա թեմային, եթե կարծեինք, որ կատարվածն առնչվում է ընդամենը Հրաչ Քեշիշյանի անձին։

Բանն այն է, որ անձը բավականաչափ խորհրդանշական է երկրի քաղաքական ու բարոյահոգեբանական համատեքստում։ Բոլորս լավ ենք հիշում, թե ինչպես այս անձի միջոցով իշխանությունը կարողացավ քլիպային մամլիչի տակ առնել առողջ ջահելությանը և նրան ուղղակի կորցրեց նրան այդ քլիպներից հոսող օճառի փրփուրների մեջ։ Հակառակ դեպքում այդ երիտասարդությունն այսօր կլիներ ոչ թե երկրի ծակուծուկերում կամ օդանավակայանի պատերի տակ, այլ, անշուշտ, բարիկադների վրա։

Այս աշխատանքը բարեհաջող կատարելուց հետո Հրաչ Քեշիշյանին ուղարկեցին կինոհրապարակներ և արդեն մեծ կտավի վրա նրան թույլ տվեցին զբաղվել մեծահասակներով և, իհարկե, պատմության խեղմամբ՝ հայրենասիրությունը վերածելով գավառամտության ու հարայ–հրոցի։

Կարիերայի այս ողջ ընթացքում Հրաչ Քեշիշյանին ակամայից մամլում էին։ Բայց հեռուստա և կինո ասպարեզում օլիգարխացած Քեշիշյանը դեռ տաք էր և, միգուցե, շատ ուշ գլխի ընկավ, որ իշխող կուսակցությունն ուղղակի փչացնում է իրեն։ Հակառակ դեպքում, մի պահի նրա գիտակցությունը տեղի կտար և մի հարց հաստատ նրան կմտատանջեր՝ իսկ ինչո՞ւ է երկրի վիզուալացված ողջ պետպատվերը տրվում միմիայն իրեն, արդյո՞ք երկրում չկա երկրորդ ռեժիսորը կամ հեռուստատեսային գործիչը, ով կարող էր գոնե կողքից «թեթևացնել» նրա գործը։

Այդ հարցն իրեն այդպես էլ չտվեց Հրաչ Քեշիշյանը, և այսօր արդեն նա «վայելում» է վերջին խայտառակ արարի ողջ տրագիզմը։

Ֆեյսբուքյան օգտատերերը ամենավերջին հիշոցներն են թափում Հրաչ Քեշիշյանի ուղղությամբ և չի բացառվում, որ այդ օգտատերերի շարքերում ամենաակտիվը հենց ՀՀԿ–ի բուծած ֆեյքերն են, որոնք արծարծում են Հրաչ Քեշիշյանի կյանքի հետ կապված ամենաինտիմ եղած կամ չեղած դրվագները։

Այո, Հրաչ Քեշիշյանն ակամայից դարձավ երևույթ։ Երևույթ այն մասին, որ երբեք ու երբեք չի կարելի տրվել կամ ծառայել ոչ մի սրբություն չճանաչող ռեժիմին։ Նա սպանում է ոչ միայն Հոկտեմբերի 27-ին կամ  Մարտի 1-ին, այլ՝ ամեն օր։ Եվ սպանում է նախ և առաջ նրանց, ովքեր ծառայում են իրենց անվերապահորեն։  

ՀՀԿ–ի բոլոր սպասարկուներն այս երևույթին պետք է աչալջորեն հետևեն, որովհետև Հրաչ Քեշիշյանի այս օրը նրանց վաղվա օրն է։ Կարծում ենք՝ Հրաչ Քեշիշյանն այդքան էլ միամիտ չէ հասկանալու համար, որ այդ նույն ՀՀԿ–ն իր բավականաչափ լուրջ ռեսուրսներով ու կապիտալով կարող էր կանխարգելել այս մեծ խայտառակությունը։ Բայց հասկանո՞ւմ եք՝ նման հրաման չկար։ Շտապում եմ արագ ավարտել այս նյութը, որովհետև Հրաչ Քեշիշյանն ունի որդիներ։

Մարինա Բաղդագյուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել