Tert.am-ը գրում է.
ՀՀ Սահմանադրական դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այլ հոդվածներ ևս կասեցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։
Գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ.
«Բարձր դատարան,
2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը:Չնայած նրան, որ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է և օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները, թե նաև պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուներ իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ:
Բազմաթիվ քաղաքացիներ և գործատուներ բողոքում են այս գործելակերպի դեմ, ակնկալում են հստակեցում՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով:
Նկատի առնելով 2014 թվականին նշանակված դատաքննության անաչառ ընթացքն ապահովելու անհրաժեշտությունն ու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման էությունը, տարակերպ մեկնաբանություններից, գործելակերպից և հնարավոր անդառնալի (չվերականգնվող) ֆինանսական կորուստների ռիսկից խուսափելու նպատակով խնդրում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ դիմումի ապահովման միջոցի կիրառմանը և մինչև դատաքննության ավարտը կասեցնել նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



