1in.am-ը գրում է.
Իրանական միջուկային ծրագրի կարգավորմանն ուղղված՝ Թեհրանի և «վեցյակի» ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը ծրագրված է փետրվարի 18-ին Նյու Յորքում: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Անվտանգության և զինաթափման մասին հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:
Բանակցությունների նախորդ ռաունդներն անցկացվել են Ժնևում: Ուլյանովի խոսքով՝ նման որոշումն ընդունվել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի կողմից Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ:
«Ես որևէ քաղաքական ենթատեքստ չէի փնտրի նրանում, որ բանակցությունների հաջորդ ռաունդն անցկացվելու է հենց Նյու Յորքում: Հաշվի առնելով անցկացվող բանակցությունների ինտենսիվությունը՝ նրանց մասնակիցները փորձում են ընտրել բոլորին հարմար ամսաթիվ և տեղ հաջորդ հադիպման համար՝ ելնելով իրենց աշխատանքային գրաֆիկներից: Գլխավորն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն»,- հավելել է Ուլյանովը:



