Ուկրաինայում վիճակը, կարծես թե, սրընթաց գնում է դեպի քաղաքացիական պատերազմ և արդեն ոչ միայն տեսականորեն ու ոչ միայն ոստիկանության ու քաղաքացիական ակտիվիստների ներգրավմամբ, այլև լրիվ այլ մակարդակով: Ուկրաինայի տարբեր շրջաններում արդեն բացահայտ հնչում են անջատողական կոչեր` հատկապես Գալիչինայում ու Ղրիմում:
Այս երկու շրջաններում արդեն անգամ տեսական մակարդակով չի դիտարկվում Ուկրաինայի կազմում մնալու հավանականությունը` անկախ քաղաքական ճգնաժամի եզրահանգումից:
Ի պատասխան սրան՝ աննախադեպ հայտարարություն են արել Ուկրաինայի զինվորականները. Ուկրաինայի ՊՆ-ի կայքում հայտարարություն է տեղադրվել, որտեղ Յանուկովիչին` որպես զորքերի գերագույն գլխավոր հրամանատարի կոչ է արվում հրատապ կերպով ու բանակի միջոցով կարգուկանոն հաստատել երկրում:
Եթե հաշվի առնենք, որ երեկ էլ նույն Յանուկովիչը հայտարարել էր, որ իշխանությունները կկատարել է բոլոր պայմաանավորվածությունները, սակայն ընդդիմությունը շարունակում է սրել իրավիճակը, իսկ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Ուկրաինայի դեմ, ապա ամենևին էլ պետք չի անլուրջ վերաբերվել զինվորականների կողմից Յանուկովիչին մատուցված այս քարտ բլանշը: Ողջ հարցը նրանում է, թե ինչ կամային հատկանիշների տեր է Յանուկովիչը և ինչ զոհողությունների է պատրաստ, որովհետև բանակի ներգրավումը կնշանակի նրա և իր ողջ ընտանիքի ակտիվների սառեցում` ԱՄՆ-ի հասանելիության տակ գտնվող բանկերում, ինչպես վերջնական առճակատում կձևավորվի իշխող էլիտայի գործարար ու քաղաքական շրջանակների միջև, իսկ դա հղի է անկանխատեսելի հետևանքներով: Արդարության համար նշեմ, որ այս իրավիճակին կոշտ չմիջամտելն էլ հղի է անկանխատեսելի հետևանքներով, այնպես որ, Յանուկովիչն ու սովորական ուկրաինացի ժողովուրդը հայտնվել են երկու կրակների արանքում:



