Սիրիայի հարցով կազմակերպված «Ժնև-2» միջազգային համաժողովը շարունակվում է: Ինչպես գիտեք, սահմանված օրացույցը մի քիչ խառնվեց այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները խափանեցին իշխանական պատվիրակության հետ հանդիպումը: Դրան հաջորդեց 5-րոպեանոց խորհրդանշական մի հանդիպում և ստեղծվել է մի իրավիճակ, որ բոլորը կարծում էին, որ այն արդեն ձախողվել է: Դրանից հետո տեղի էին ունենում որոշ հանդիպումներ, բայց դրանց արդյունքների վերաբերյալ որպես այդպիսին շատ բան չէր հաղորդվում: Այսօր, սակայն, սիրիական ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին լրագրողներին հայտնել է, որ բանակցություններում գրանցվել է առաջընթաց, քանի որ սիրիական կառավարությունը վերջապես համաձայնել է անդրադառնալ անցումային կառավարության հարցերին, բայց, այնուամենայնիվ, պնդում է նաև, որ քննարկվի ահաբեկիչներին վերաբերող հարցը: Հիմա եկեք հասկանանք, թե այդ ինչ առաջընթացի մասին է խոսքը, և որն է այժմ Սիրիայի համար ավելի կարևոր խնդիր:

Եկեք սկսենք այն առաջընթացից, որի մասին խոսում է, այսպես ասած, ընդդիմության ներկայացուցիչը: Տեսեք, ներկայիս համաժողովը ըստ պայմանավորվածության նախկին «Ժնև-1» համաժողովի շարունակությունն է: Այլ կերպ ասած, այն պետք է հիմնվի նախորդի պայմանավորվածությունների հիման վրա: Ինչպես հիշում եք, նախորդ համաժողովի վերջում համատեղ կոմյունիկե ստորագրվեց, որտեղ բազմաթիվ կետեր կային Սիրիայի ապագայի մասին՝ կապված իրավական համակարգի բարեփոխման և կանանց մասնակցության հետ կառավարման ոլորտում, ինչպես նաև ասվում բազմակուսակցական համակարգի ներդրման մասին, բայց, այնուամենայնիվ, այդ կումյունիկեի մեխը հենց այդ անցումային կառավարության ստեղծման վերաբերյալ էր, բայց ոչ այնպես, ինչպես որ ընդդիմությունն է պատկերացնում: Այդտեղ շատ հստակ ասվում է հետևյալը. «Անցումային կառավարման մարմնում կարող են ընդգրկվել ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության անդամները, և այն պետք է ձևավորվի երկկողմ համաձայնության հիման վրա»: Այժմ սիրիական ընդդիմությունը մանիպուլացնում է փաստերը և պնդում է, որ Ասադի կառավարությունը իրենց հանձնի իշխանությունը:

Սիրիայի կառավարությունն իր հերթին այժմ առաջարկում է միավորել ուժերը և փորձել պայքարել ահաբեկիչների դեմ: Անկեղծ ասած, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ ընդդիմությոունը, որը նույնիսկ չի կարողանում իր վերահսկողության տակ առնել երկրում ոչ ասադյան վերահսկողության տակ գտնվող տարածքների կառավարում, զբաղծված է աթոռակռվով: Այսօրվա դրությամբ Երկիրը մասնատված է մի քանի մասի` ասադյան Սիրիա, ընդդիմության Սիրիա, քրդական Սիրիա և ամենավտանգավորը` ծայրահեղ-իսլամիստական (Վահաբիստական Սիրիա): Իշխանությունն առաջարկում է լուծել այս հարցը, որը իմ կարծիքով, շատ ավելի հրատապ և առանցքային հարց է, և կապված է Սիրիայի լինել-չլինելու հետ, իսկ սիրիական ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան չգիտես՝ ինչով է զբաղված:

Ես վստահ եմ, որ եթե սիրիական ընդդիմությոնը իսկապես մտածում է իր ժողովրդի մասին և գործում բացառապես երրորդ երկրների շահերը առաջ տանելու համար, ասել է թե, որպես 5-րդ շարասյուն այս դեպքում արդեն Ասադի և իսլամիստ-ահաբեկիչների դեմ պայքարում, ապա պետք է գնա որոշակի փոխզիջման և համաձայնության գա կառավարության հետ: Այլապես Սիրիան, այնպիսին, որպիսին որ մենք այն ճանաչում ենք, այլևս չի լինի քարտեզի վրա, չնայած, որ ես նույնիսկ այդ դեպքում լավատես չեմ, որ ստատուս քվոն կվերականգնի, քանի որ արդեն վաղուց ստեղծվել է նորը, բայց այն, որ հնարավոր կլինի որոշ չափով իրավիճակ փոխել, դա միանգամայն հավանական է: 

Հ.Գ. Կառավարության և ընդդիմության պատվիրակները երեկ վերադարձան Սիրիա՝ համաձայնեցնելու համար բանակցությունների արդյունքների իրենց ղեկավարների հետ: Սպասենք փետրվարին`պայմանականորեն «Ժնև-3»-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել