1in.am-ը գրում է.

«Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի` 250 ընտանիքների շրջանում իրականացված հեռախոսազրույցի արդյունքում պարզվել է, որ մարդկանց 95 տոկոսը խիստ դժգոհ է առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի գներից: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Մարդիկ դժգոհում են, որ անցած տարվա համեմատ ավելի շատ գազ են սպառել և ավելի քիչ տաքացել: Մատակարարված գազի աղտոտվածության մասին վկայում է այն հանգամանքը, որ գազի կաթսաների ֆիլտրերը, հինգ-տասը տարին մեկ կեղտոտվելու փոխարեն, օգտագործման համար պիտանի չեն արդեն մեկ-երկու տարի շահագործվելուց հետո: Մեր նպատակը ոչ թե խնդրի մասին խոսելն է, այլ այն լուծելը: Սակայն երբ սպառողից ահազանգ ենք ստանում, անհրաժեշտության դեպքում դիմում պետական մարմնին, ոչ մի օգնություն չենք ստանում, մնում է միայն քննադատել այդ մարմնին»,- ասաց նա:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ հանրային իրազեկվածության մակարդակը Հայաստանում բավական ցածր է, և հայ գնորդներից քչերը գիտեն, որ օրենքով սահմանված կարգով իրավասու են վերադարձնել իրենց գնած, սակայն ինչ-ինչ պատճառներով դուր չեկած ապրանքը: «Երբ վաճառողը գրում է, որ գնված ապրանքը հետ չի վերցվում, սրանով իսկ ոտնահարում է սպառողի իրավունքները: Տեղային լուծումներ մեր ՀԿ-ն կարող է տալ, սակայն իրականում համակարգային լուծումներ են անհրաժեշտ: Յուրաքանչյուր մարդ, որը կարծում է, որ իր շահերը ոտնահարվել են, կարող է (010) 430 930 համարով զանգահարել «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի թեժ գծին` վստահ, որ կօգնենք իրեն»,- ասաց Պիպոյանը:

Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սակագնի հնարավոր թանկացման թեմային` ՀԿ-ի նախագահը հատկանշական համարեց, որ հարաբերական ազատականացման պայմաններում նույն խնդիրը չի ծագել տաքսիների ծառայությունների ոլորտում: 

Ինչ վերաբերում է փաթեթավորված ապրանքների դրոշմակնքման կառավարության որոշմանը, Բաբկեն Պիպոյանը նշեց, որ եթե ամբողջ աշխարհում այս երևույթը միտված է տնտեսության ստվերայնության կրճատմանը, ապա Հայաստանում` թանկացումներին: «Տնտեսվարողը, ասենք, երկու դրամ վճարելով դրոշմակնիքի համար, իր ապրանքը թանկացնում է երեսուն դրամով: Այնպես որ, սննդամթերքի թանկացում անպայման կնկատվի»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել