Ինչո՞վ են զբաղված ռուս զինվորականները Գյումրիում. կերուխումո՞վAravot.am-ը  քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց`ինչո՞վ է զբաղված Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան, երբ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ ոչնչով չի զգում իր ռուս գործընկերոջ աջակցությունը. հայ-ադրբեջանական շփման գոտում անընդհատ լարված իրավիճակ է, անմեղ զինվորներ են նահատակվում: Իսկ փոխարենը երեկոյան ժամերին Գյումրու ռեստորաններում ու հացատներում ասեղ գցելու տեղ չկա, ռուս զինվորականները կերուխում են անում. մի՞թե վերջիններս եկել են Գյումրի կյանք վայելելու ու քեֆեր  անելու համար: Մեր այս հարցադրումներին ի պատասխան քաղաքագետն ասաց.«Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե ես հակառուսական տրամադրություններ ունեմ, որովհետև բնավ այդպես չէ, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չասել. այստեղ ՀԱՊԿ-ն դնենք մի կողմ, որովհետև ՀԱՊԿ-ն Ռուսաստանի կողմից ստեղծված կազմակերպություն է ռազմաքաղաքական, որի անդամները ընդհանրապես իրենց արտաքին քաղաքականության ոլորտում ավելի շատ դրսևորում են հակահայկական կեցվածք`նույն Բելոռուսիան, միջինասիական մահմեդական հանրապետությունները: Երբևիցե մենք չպիտի մտածենք, որ նրանք կկանգնեն Հայաստանի հանրապետության կողքին, բայց մենք ունենք առանձին պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ, որի համաձայն ՌԴ-ն ոչ միայն պետք է պաշտպանի հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը, այլ նաև պետք է պաշտպանի Հայաստանի սահմանները Ադրբեջանի ու Վրաստանի հետ: Եվ էստեղ իրոք շատ տարօրինակ է, որ 102-րդ ռազմաբազան, լինելով տեղաբաշխված Հայաստանի տարածքում, կենտրոնը Գյումրին է իհարկե, բացարձակ չի արձագանքում այն կոպիտ միջադեպերին, որոնք գրանցվում են հայ-ադրբեջանական սահմանի Տաուշի հատվածում: Գոնե ՌԴ-ն, որին Հայաստանը թույլ է տվել իր ռազմաբազան ևս 40 տարի տեղաբաշխել Հայաստանի հանրապետությունում, պիտի դիվանագիտական փորձեր կատարի և սթափեցնի ադրբեջանական իշխանություններին: Հասկանում եք, այդ նույն ադրբեջանցիները այստեղ, այնտեղ հրճվանքով ասում են, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ վերսկսվելու դեպքում Ռուսաստանը իրավունք չունի միջամտել այս կոնֆլիկտին, որովհետև ԼՂՀ-ն Հայաստանի տարածք չէ: Բայց մենք տեսնում ենք բացեիբաց լկտիություն հարևանների կողմից, որովհետև նույն պաշտոնական Բաքուն բացեիբաց ագրեսիայի է ենթարկում Ռուսաստանի Դաշնության ստրատեգիական գործընկերոջը Հարավային Կովկասում: Եվ ինչպես ես ասացի, Ռուսաստանը նույնիսկ դիվանագիտական ճանապարհով չի սթափեցնում Ադրբեջանին, սա է տարօրինակը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել